Երեկ Ազգային ժողովում քվեարկության դրվեց նոր ընտրական օրենսգիրքը, որի հեղինակը կոալիցիան է: Որոշ հոդվածներ առաջին ընթերցմամբ ընդունվեցին, ԸՕ-ն ամբողջությամբ` երկրորդ ընթերցմամբ ընդունվեց: Ըստ քվեարկությունից առաջ հանդես եկած ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ, հիմնական զեկուցող Դավիթ Հարությունյանի` մի վերջին զիջում (նա ասաց` նվեր) ընդդիմությանն արվել է. քվեարկության արդյունքն ամփոփելու ժամանակ մատյանում առկա քվեարկածների թիվն ամրագրվում է, այդ տեղեկությունը փոխանցվում է ԿԸՀ, իսկ վստահված անձինք անմիջապես կարող են պահանջել ընտրությանը մասնակցած քվեարկողների թվի մասին քաղվածք գրանցամատյանից, պարզ է` հանձնաժողովի նախագահի եւ քարտուղարի ստորագրությամբ:
Չնայած ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը դրական գնահատեց կոալիցիայի այս զիջումը, բայց քանի որ իրենց առաջարկներն ի վերջո մեծ մասամբ անընդունելի էին եղել, հայտարարեց, թե ՀՅԴ-ն դեմ է քվեարկելու: Բայց դա բոլորովին չխանգարեց, որ ընտրական օրենսգրքի երկրորդ ընթերցմամբ նախագիծը 76 կողմ ստանա եւ ընդունվի:
Այնուհետեւ լրագրողների հետ հանդիպած Դավիթ Հարությունյանը ամփոփեց. «Ընտրական բարեփոխված օրենսգրքում շուրջ 9 տասնյակ փոփոխություններ են եղել, որոնք փոխելու են համակարգը», ասաց նա` հավելելով, թե ընտրական օրենսգիրքը փոխում են անգամ առանց խնդիրների ընտրություն անցկացնող երկրներում, իսկ ընտրագործընթացի հանդեպ վստահության պակաս ունեցող երկրներում բնականաբար դրանք ավելի հաճախ են փոխվում` ընտրությունների որակը բարելավելու համար: Իհարկե, պետք չէ ընդհանրապես բացառել կեղծիքները, սակայն հայտնի սողանցքներն այս նոր օրենսգրքում, ըստ Դ. Հարությունյանի, բացառվել են: ՀՅԴ-ի գլխավոր առաջարկներից մեկը` ընտրություններին մասնակցածների ցուցակների հրապարակումը այդպես էլ տեղի չունեցավ` դրա ընդունելի չլինելը Դ. Հարությունյանը հասցեագրում է միջազգային փորձագետներին, իսկ ընտրատարածքների ցուցակները համացանցում դրված են լինելու, ընդ որում` ներբեռնելու հնարավորությամբ, ընդդիմության ներկայացուցիչն էլ նստելու է հանձնաժողովի անդամի կողքին եւ կարող է անձնագրերի ստուգմանը հետեւել: Դ. Հարությունյանը կարեւորեց նաեւ ԿԸՀ ձեւավորման նոր կարգը, ԸԸՀ-ում ներդրված նախապատվության ընտրության համակարգը, տեղամասային հանձնաժողովների 27 տոկոսում` ընդդիմադիր ՏԸՀ նախագահ ունենալու փաստը: Չնայած` նկատեց, թե ընդդիմությանն այդպես էլ ոչինչ չի բավարարում: ԸՕ-ի երրորդ ընթերցումը տեղի կունենա այսօր, քանի որ հանձնաժողովը դիմել էր ԱԺ-ին այդպիսի խնդրանքով:
Մ. Խ.