«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#92, 2011-05-21 | #93, 2011-05-24 | #94, 2011-05-25


Facebook-Ի ԱԿՏԻՎԻՍՏՆԵՐՆ ԸՆԴԴԵՄ ՆԱՐԵԿ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ

Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի ՙ Facebook-ի էջին բազմաթիվ հաղորդագրություններ են ուղարկվելՙ նորանշանակ գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանին պաշտոնանկ անելու պահանջով: Ինչպես մեր թերթի երեկվա համարում Արա Մարտիրոսյանը , սոցիալական ցանցից օգտվողները եւս հիշեցրել են, որ Նարեկ Սարգսյանի կայացրած կառուցապատման որոշումներով ոչնչացվել է մեր քաղաքի կանաչ տարածքների զգալի մասը, սրճարանապատվել ու սալապատվել են այգիները, քաղաքը կորցրել է իր դեմքը: Երեւանի քաղաքապետն իր էջում պատասխանել է այս դիտարկումներին. «Երեւանի գլխավոր ճարտարապետի նշանակման հետ կապված թույլ տվեք նշել, որ ճիշտ չէ Երեւանում առաջացած բոլոր խնդիրները վերագրել մեկ անձի: Շատ որոշումներ պայմանավորված են բազմաթիվ օբյեկտիվ եւ սուբյետիվ գործոններով, խաղի կանոններով եւ այլն: Որոշ որոշումներ ինձ էլ առանձնապես դուր չեն գալիս: Ամեն ինչ կախված է, թե թիմին ու կառավարիչներին ի՞նչ լիազորություններ եւ ազատության աստիճան են տրվում, եւ ինչ խաղի կանոններով են շարժվում:

Նարեկ Սարգսյանի նշանակման ժամանակ հաշվի են առնվել նրա անվան հետ կապված թե՛ դրական, թե՛ բացասական կարծիքները, ինչպես նաեւ` նրա դրական եւ «բացասական» փորձը: Սա կարող է օգտակար լինելՙ (անցյալը վերլուծելով), ավելի արդյունավետ եւ համակարգված կառավարիչ լինելուն:

Հաշվի է առնվել նաեւ այն հանգամանքը, որ քաղաքապետարանի թիմը ձեւավորում է բաց եւ թափանցիկ մթնոլորտ, որտեղ երեւանցին կարողանում է վերահսկել մեր աշխատանքը:

Հավաստիացնում եմ, որ գլխավոր ճարտարապետը հավատարիմ կլինի այն քաղաքականությանը, որը որդեգրել է քաղաքապետարանի թիմը. այն էՙ կանաչ գոտիների հաշվին ոչ մի շինթույլտվություն չի տրվելու, Երեւանի քաղաքաշինական եւ ճարտարապետական փիլիսոփայությանը հակասող որեւէ նախագիծ կյանքի չի կոչվելու:

Վստահ եմ, որ ժամանակը եւ կատարվող աշխատանքը ցույց կտան, որ գլխավոր ճարտարապետի նշանակման իմ որոշումը ողջամիտ էր ու նպատակային: Նարեկ Սարգսյանը սիրում է Երեւանը ոչ պակաս, քան մեզանից յուրաքանչյուրը, եւ կարծում եմ` մենք բոլորս պետք է իրեն քաջալերենք եւ բարենպաստ դաշտ ստեղծենք, որպեսզի նա հնարավորություն ունենա իր սերը քաղաքի նկատմամբ դրսեւորել: Եվ այս ամենը, կրկնում եմ, պետք է կատարվի ձեր կողմից վերահսկվող դաշտում:

Առաջարկում եմ ձեզ` քննարկումները հետաձգել մի քանի ամսով եւ արդեն հիմնվել կատարված աշխատանքների վրա: Ինչ վերաբերում է Միքայել Հասրաթյանի հրաժարականի պատճառների շուրջը հնչող խոսակցություններին, ապա դրանք չեն համապատասխանում իրականությանը, ինչը կհաստատի նաեւ պարոն Հասրաթյանը», գրել է Կարեն Կարապետյանը:

Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ երեւանցիները տարիներ տեսել են Նարեկ Սարգսյանի գլխավոր ճարտարապետ լինելը, եւ Facebook-ում նրանց ակտիվություննՙ ընդդեմ Ն. Սարգսյանի նշանակման, դրա հետեւանք է: Ի՞նչ պետք է փոխվի նրանց պատկերացումներում մի քանի ամսում, երբ ամեն օր Երեւանի փողոցներում աչքին ի տես են հարյուրավոր սխալ որոշումների հետեւանքները:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4