Բոլոնյան գործընթացը 2011 թվականի հուլիսի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը համանախագահելու է Հայաստանը եւ Լեհաստանը: Այդ կապակցությամբ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը, Բոլոնյան գործընթացի օրակարգի շրջանակներում, նախատեսել է Հայաստանում իրականացնել մի շարք միջոցառումներ: 2011թ. հուլիսի 3-10 նախատեսվում է կազմակերպել Միջազգային ուսանողական ամառային դպրոց, որի նպատակն է համախմբել Հայաստանի եւ Բոլոնիայի անդամ երկրների ուսանողներին եւ քննարկել Բոլոնիայի գործընթացին առնչվող մի շարք կարեւոր հարցեր, իսկ սեպտեմբերի 8-9 նախատեսվում է անցկացնել միջազգային համաժողով` նվիրված բարձրագույն կրթության ֆինանսավորման խնդիրներին: Համաժողովի ընթացքում կստեղծվի քննարկումների հարթակ` փոխանակելու տեսակետներ բարձրագույն կրթության ֆինանսավորման տարբեր մեխանիզմների եւ կրթության որակի, հավասարության ու արդյունավետության վրա դրանց ունեցած ազդեցության շուրջը:
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն, ի թիվս Բոլոնյան գործընթացի անդամ այլ երկրների նախարարների, հրավեր-նամակներ է ուղարկել Թուրքիայի բարձրագույն կրթության խորհրդի նախագահին եւ Ադրբեջանի կրթության նախարարին Բոլոնյան գործընթացի օրակարգի շրջանակում Հայաստանում իրականացվող միջոցառումներին մասնակցելու վերաբերյալ: