«Անի» հյուրանոցում «Սիվիլիթաս» հիմնադրամը երեկ իր հերթական քննարկումն էր կազմակերպել, «Սիվիլիթասի» հյուրը մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն էր: Իսկ քննարկումը, որը կազմակերպված էր հարց ու պատասխանի ձեւաչափով, վարում էր «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը : Սկզբում Արամ Աբրահամյանի հնչեցրած հարցին` որտեղի՞ց է տեղյակ օմբուդսմենը, որ ՄԻՊ գրասենյակը վայելում է հասարակության վստահությունն ու աջակցությունը, Կարեն Անդրեասյանը պատասխանեց. «Հասարակության վստահությունը չափել հնարավոր չէ, սակայն ինստիտուտի նկատմամբ աջակցությունն ու հետաքրքրությունը մենք տեսնում ենք»: Կարեն Անդրեասյանի փոխանցմամբ` աջակցության տեսանկյունից նույնիսկ որոշակի աճ կա:
Այնուհետեւ օմբուդսմենը տեղեկացրեց, որ գրասենյակն ամենաշատ բողոքները ստանում է դատարանների վերաբերյալ, որոնք կոչված են պաշտպանելու մարդու իրավունքները: Իրենց դեմ ուղղված բողոքների թվով դատարաններից հետո 2-րդ ու 3-րդ տեղերում են քաղաքապետարանն ու ոստիկանությունը:
Քննարկման ներկաների հարցերը տարաբնույթ էին, սակայն բոլորի ուղղվածությունը մեկն էր` ինչքանո՞վ են պատրաստ ՄԻՊ գրասենյակն ու օմբուդսմենը պաշտպանելու մարդկանց իրավունքները: Ներկաներից մեկը հարցրեց, թե մարդկանց ոտնահարված իրավունքները վերականգնելիս որքա՞ն հեռու է պատրաստ գնալ Կարեն Անդրեասյանը: Պատասխանը հետեւյալն էր. «Պատրաստ եմ գնալ այնքան հեռու, որքան օրենքն ինձ հնարավորություն է տալիս եւ որքան այսօրվա գիտակից, կրթված հասարակությունը պատրաստ է օգնելու ինձ»:
Ի. Պ.