Ֆրանսիայի Հայ առաքելական եկեղեցու հոգեւորականների խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշված է, որ «Nouvelles d` Arme՛nie» պարբերականի armenews. com կայքում հրապարակված Նիցցայի նախկին ծխական խորհրդի հայտարարությունը, որը թարգմանաբար ներկայացված է նաեւ news.am հայաստանյան կայքում, չի համապատասխանում իրականությանը: «Վիթխարի սկանդալ Հայ առաքելական եկեղեցու Ֆրանսիայի հայոց թեմում» խորագրով հրապարակման մեջ Ֆրանսիայի հայոց թեմը փորձել են ներկայացնել ճգնաժամային ու տագնապահարույց իրավիճակում: Հոգեւորականների խորհուրդը հայտարարում է, որ Ֆրանսիայի հայոց թեմն ամենեւին էլ ճգնաժամային ու տագնապահարույց իրավիճակում չէ: Խաղաղ պայմաններում թեմը շարունակում է հոգեւոր, մշակութային ու ազգային արժեքների պահպանման իր առաքելությունը ֆրանսահայ կյանքում:
«Հորդորում ենք Նիսի եկեղեցական նախկին վարչության անդամներին դադարեցնել իրենց ավերիչ գործունեությունը ու հայ հանրությանն ապատեղեկացնելու փոխարեն նպաստել Նիսի հայ հավատացյալների կյանքում առողջ ու հոգեւոր մթնոլորտի ձեւավորմանը», գրված է հոգեւորականների խորհրդի հայտարարությունում:
Ի. Պ.