«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#92, 2011-05-21 | #93, 2011-05-24 | #94, 2011-05-25


Pour toi, Aznavour!

Մեծարման երեկո Նյու Յորքում

Շառլ Ազնավուր: Անուն, որն ի զորու է միավորել տարակարծիք, երբեւէ դժվար միաբանվող աշխարհի հայությանը: Անուն, որը դասվել է արդեն հայոց դարակազմիկ փառքերիՙ Այվազովսկու, Վ. Սարոյանի, Ա. Խաչատրյանի կողքին: Ազնավուրին տրված «Հայ ժողովրդի առաջնորդ» տիտղոսը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից, իրոք անառարկելի գնահատանք է: 800 երգերի հեղինակ, շուրջ 1000-ի հասնող ձայնագրություններ, երգիչ, կինոդերասան, բարեգործ, դիվանագետ, միջազգային անհաշիվ մրցանակների դափնեկիր: «Նա իր հեղինակությամբ այսօր համեմատվում է թերեւս Չարլի Չապլինի մեծության հետ», նշվում է ամերիկյան մամուլում: Լուսաշքեղ Կիպրիանի սրահը լեցուն էր ԱՄՆ արեւելյան նահանգներից Նյու Յորքի Ուոլ սթրիթ ժամանած ամերիկահայերով: Շառլ Ազնավուրի մեծարման երեկոն, որ նախաձեռնել էր Հայ օգնության ֆոնդը, նվիրված էր Հայաստանի անկախության 20-ամյակին եւ ուներ բարեգործական առաքելությունՙ դրամահավաք կազմակերպել Վանաձորի ծերանոցի համար: Հոլիվուդի աստղ Լայզա Մինելիի հետ զրուցելով, հանդարտաքայլ, շրջապատված բարձրաստիճան հյուրերով Շառլ Ազնավուրը մոտեցավ իր համար նախատեսված սեղանին: Փոքրամարմին, էլեգանտ, համեստ կեցվածքով, հայախոս աչքերի մեջ ծով բարություն ու իմաստություն: Իր շուրջը տիրող մարդկային արտակարգ ոգեւորությունը, դեպի իրեն ուղղված լուսանկարչական սարքերի անընդհատ աշխատանքը նկատելիորեն հոգնեցնող էին, սակայն 87-ամյա երգիչը «հերոսաբար» դիմացավ այդ «փորձությանը»:

Երեկոն վարում էր ամերիկահայ կինոդերասան Էրիկ Պողոսյանը , ում հետ Ազնավուրը նկարահանվել է Ատոմ Էգոյանի «Արարատը» ֆիլմում: «Pour toi, Aznavour!», ասաց նա: «Այս դալիճում հավաքված մարդիկ եկել են տարբեր նահանգներից, նույնիսկՙ տարբեր երկրներից իրենց երախտիքի տուրքը հայտնելու Ձեզ»: Նա նշեց այն դրական ազդեցության մասին, որ թողել է երգիչը իրՙ որպես հայի, ազգային ինքնաճանաչման եւ իր դերասանական կարիերայի ձեւավորման վրա:

Երեկոյի ընթացքում ելույթ ունեցողները իրենց հիշողություններն էին պատմում երգչի հետ ունեցած առնչություններից:

Լայզա Մինելլի հետ Ազնավուրի բարեկամությունը 50 տարիների վաղեմություն ունի: «Առաջին անգամ Շառլ Ազնավուրի ելույթն ինձ վրա թողեց մոգական ազդեցություն: Իսկ երբ նա հեռացավ բեմից, ես ուղղակի դադարեցի շնչելուց», պատմեց դերասանուհին: «Նրա տաղանդի ուժն այն է, որ նա կարողանում է պատմել երաժշտության միջոցով: Ես էլ ցանկացա դա անել, եւ խնդրեցի նրան լինել իմ ուսուցիչը: Նա սիրով համաձայնեց: Իմ բոլոր ներկայացումները առաջինը նրան եմ ցուցադրել», ասաց Մինելլին:

Ազնավուրի հետ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հարաբերությունները սոսկ դիվանագիտական ոլորտով չեն սահմանափակվում: Ֆրանսիայում աշխատած երկար տարիների ընթացքում նրանք իսկական մտերիմներ են դարձել: Նախարարն ընդգծեց հատկապես Ազնավուրի ներդրած ծանրակշիռ ավանդը Հայոց ցեղասպանության ճանաչման գործումՙ աշխատելով որպես Շվեյցարիայում ՀՀ դեսպան: Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ Արեւելյան թեմի առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը հուշեր պատմեց տասը տարի առաջ Հայաստանում Հռոմի պապ Հովհաննես Պողոս Երկրորդի եւ Շառլ Ազնավուրի հանդիպումից:

Երեկոյի անակնկալն էր Ազնավուրի ավագ դստերՙ Սեդայի ելույթը: Հիացմունք առաջացրեց հայկական «շախով» կատարած Սայաթ-Նովայի «Յիս քու ղիմեթն չիմ գիդի» երգը: Սայաթ-Նովայի քնարը սիրված է եղել 1920-ական թվականներին Ֆրանսիա գաղթած Ազնավուրյանների ընտանիքում: Աշուղի երգերը մշտապես հնչել են այն տանը, ուր մեծացել է մանուկ Շահնուր Վաղինակը: Երգչի հայրըՙ Միշա Ազնավուրյանը, որ արմատներով էրզրումցի էր, երբեք չի բաժանվել իր սազից, նույնիսկ ֆաշիստական օկուպացիայի տարիներին: Մայրըՙ Քնար (Բաղդասարյան) Ազնավուրյանը, հրաշքով է փրկվել Իզմիրի կոտորածներից, ջարդերում կորցնելով իր ընտանիքի բոլոր անդամերին:

Երեկոյի ընթացքում ցուցադրվեց Ազնավուրի մասին պատմող տեսաժապավեն, որը երկրաշարժից տուժած Հայաստանի օգնությանն ուղղված աշխատանքների եւ իր հիմնած «Pour l'Armenie» հիմնադրամի մասին էր պատմում:

ՀՕՖ-ի հետ Շառլ Ազնավուրի համագործակցությունը սկսվել է տասը տարի առաջ: Մեծարման այս երեկոյից ստացված հասույթը նպաստելու է Վանաձորի ծերանոցի ֆինանսական խնդիրների բարելավմանը:

Երեկոյին ներկա էին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը, Միացյալ ազգերի կազմակերպությունում ՀՀ ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը: Ֆրանսիայից ժամանած բարձրաստիճան այրեր, ամերիկահայ հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, հայ հոգեւոր դասի ներկայացուցիչներ: Նյու Յորքում Շառլ Ազնավուրի մեծարման երեկոյի առիթով ուղերձներ էին հղել Ֆրանսիայի նախագահՙ Նիկոլա Սարկոզին, ՀՀ նախագահՙ Սերժ Սարգսյանը եւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդը:

ՍԱՌԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ, Նյու Յորք


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4