Մայիսի 5-ին Բեյրութի ՀԲԸՄ-ի «Դեմիրճյան» կենտրոնում կայացած «Ձեռնարկատիրությունը եւ երիտասարդների առաջ հառնած մարտահրավերները Լիբանանում» միջոցառման հյուրն է եղել ճանաչված ճարտարապետ Բեռնար Խուրին : Մեկ ժամ տեւած բանախոսության ընթացքում ՀԲԸՄ-ի երիտասարդ արհեստավարժներին նա պատմել է որպես ճարտարապետ իր անցած ուղու մասին եւ զանգվածային լրատվության բազմաթիվ օրինակներ բերելովՙ ցույց տվել, թե ինչպես է կարողացել մասնագիտական համբավ ձեռք բերել այդ ասպարեզում: Նա շեշտել է հատկապես, որ յուրաքանչյուր նախագիծ եղել է բացահայտում եւ փորձառություն ձեռք բերելու առանձնահատուկ «ճանապարհորդություն»:
Բանախոսության վերջում ներկաները հնարավորություն են ունեցել հարց ու պատասխանների միջոցով ավելի մոտիկից ծանոթանալու պրն Խուրիի հետ եւ պարզելու, որ մայրը, որ ներկա է եղել միջոցառմանը, հայ է:
«Մայ քիչըն» եւ «Խուրի Ուայն» ընկերությունների հովանավորությամբ անցկացված միջոցառումը վերջ է գտել երկժամյա ընդունելությամբ, տեղեկացնում է այդ առթիվ խմբագրությանը հասցեագրված հաղորդագրությունը:
Հ. Ծ.