«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#92, 2011-05-21 | #93, 2011-05-24 | #94, 2011-05-25


ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԹԵՄԱՆՙ ՀԱՅԱՍՏԱՆԸ

«Աշխարհի մշակույթները. հայրենիքըՙ Նոյս» ծրագրի շրջանակներում

Մայիսի 21-ին, երբ Հայաստանում նշվում էր Եվրոպայի օրը, գերմանական Նոյս քաղաքի (Հյուսիսային Հռենոս Վեստֆալիա երկրամաս) մշակույթի վարչությունը իր հովանու տակ արդեն 10-րդ անգամ անցկացվող «Նոյսի մշակութային գիշեր» միջոցառման շրջանակներում ի թիվս ուրիշ երկրների բեմ էր տրամադրել Հայաստանին: «Աշխարհի մշակույթները. հայրենիքըՙ Նոյս» վերնագիրը համախմբել էր 100-ից ավելի մշակութային միջոցառումՙ ընդգրկելով բազմազգ քաղաքի բազմածալ մշակույթը: Հայաստանին նվիրված երեկոն անցկացվում էր մշակույթի վարչության Կուլտուրքելլեր կոչվող ճանաչված հասցեում, որ թարգմանաբար մշակույթի նկուղ է նշանակում: Այն թեեւ աղյուսաշեն է, բայց գույնի եւ տրամադրություն կերտելու առումով հրաշալի «երկխոսում էր» մեր երկրի քարաշեն գանձերը ներկայացնող լուսապատկերների հետ, իսկ գերմանական երկնքում առավոտից հայտնված տաք արեւն էլ իր դերը լավ մարմնավորելովՙ մարդկանց ուղեկցությամբ թափանցել էր նկուղ ու փորձում էր Հայաստանի անունն առաջին անգամ լսողներին ամենակարեւոր մթնոլորտը փոխանցել: Մինչեւ ուշ գիշեր տեւած այդ ծանոթությունը մեր երկրին ու նրա մշակույթին թեեւ հպանցիկ, բայց բազմաշերտ հայացք էր ամփոփելՙ լուսանկար, երաժշտություն, պար, նկարչություն, խոհանոց:

Լեփ-լեցուն սրահում հավաքված հայերն ու գերմանացիները նախ ունկնդրեցին մշակույթի վարչության ղեկավար Հարալդ Մյուլլերի ողջույնի խոսքը: «Այսօր մշակութային մեր հագեցած ծրագրի կենտրոնում Հայաստանն էՙ շատ կարեւոր մի թեմա», ասաց պարոն Մյուլլերըՙ մեր երկրի մասին սեղմ տեղեկատվություն ներկայացնելովՙ քրիստոնեության օրրանն է, պատմական Հայաստանը 10 անգամ մեծ է եղել այսօրվա 29 հազար քմ ընդգրկող տարածքից, սեփական այբուբեն ունի, ցեղասպանություն է տեսել, 6 միլիոնանոց սփյուռք ունի, Մատենադարան... Հայաստանի տեղն ու «կարեւոր թեմա լինելը» Մյուլլերին հուշել էր միջոցառման կազմակերպիչ նոյսաբնակ Մոնիկա Վերհահն-Մեեսը , որ, ինչպես ծանուցել ենք «Ազգում» ժամանակին, 2007-ին Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ մշակութային փոխանակման հիմնադրամի ղեկավարն է, Սեւանի Ծովազարդ գյուղում կառուցվող մշակութային կենտրոնի նախաձեռնողը: Տիկին Վերհահն-Մեեսը, որ 10 տարի առաջ է գերմանացի իր արվեստագետ ընկերներիՙ Ուլրիկե Առնոլդի, Հելմուտ Լյոհրի, Ուրսուլա Շուլց-Դորնբուրգի միջոցով տեղեկացել Հայաստանի մասին, տարիներ է արդեն, հայաստանաբնակ նկարիչ Արթուր Ասոյանի ուղեկցությամբ ճանաչելով մեր երկիրը, դարձել է նրա նվիրյալ դեսպաններից: Տարբեր տարիներին արված իր լուսանկարներով, Հայաստանի մասին առանց թվերի, իր բառերովՙ «սեփական փորձառությամբ ու հոգու աչքով» ներկայացված երեկոներին Մոնիկան ակնհայտ լայնացնում է մեր երկրի համակիրների շրջանակը ու նրանց համոզում, որ լավագույն ստեղծագործությունը կարող է ծնվել ծովի մակերեւույթից 2000 մետր բարձրության վրաՙ տիեզերական խաղաղությանը մերձ տարածքումՙ Սեւանի ափին, ուր արդեն կանգուն են մշակութային կենտրոնի արտաքին պատերը:

Ոչ Մոնիկա Վերհահն-Մեեսը, ոչ էլ հիմնադրամի հայկական կողմի աշխատանքները համակարգող նկարիչ Արթուր Ասոյանը, որ նույնպես ներկա էր մայիսի 21-ի երեկոյին եւ ցուցադրում էր իր վերջին կտավները, չէին սպասում, թե Հայաստանին նվիրված միջոցառումն այդքան մարդաշատ էր լինելու:Պատճառն, ինչ խոսք, լավ երաժիշտ կատարողների ներկայության հետ մեկտեղ նաեւ հայ-գերմանական համեղ խոհանոցն էր, որի վաճառքից ստացված հասույթը փոխանցվեց մշակութային հիմնադրամին:

Արթուր Ասոյանի կտավների կողքին ցուցադրված էին գերմանացի Յուտտա Դունքելի եւ Բեաթե Կրեմփեի ստեղծագործությունները: Ուկրաինացի երգչուհի Ռադմիլա Բրովդիյը Աննա Սերոբյանի (դաշնամուր) ուղեկցությամբ կատարեց Շառլ Ազնավուրի երգերից, քյոլնաբնակ ջութակահարուհի Լիլիթ Տոնոյանը իր ղեկավարած քառյակով հնչեցրեց հայ ժողովրդական մեղեդիներՙ ջազային մեկնաբանմամբՙ արժանանալով ներկաների բուռն ծափերին ու բռավոներին: Շուշան Հունանյանը (դաշնամուր) ամուսնուՙ Ռոբերտ Վայնսհայմերի (դաշնամուր) եւ զարմուհուՙ Մարի Հունանյանի (ջութակ) հետ կատարեցին Կոմիտասի ու Խաչատրյանի ստեղծագործություններից, ելույթ ունեցավ նաեւ ֆլեյտահար Պետրա Գրյունշլեգեր-Զալբեքըՙ դաշնամուրի ուղեկցությամբ հնչեցնելով «Սուսերով պարը»: Հայկական մենապար ներկայացրեց Հասմիկ Հակոբյանը, իսկ Հելգա Փեփփեկուսը Կարեն Բոեսսերի հետ գերմանական եւ հայկական պարի բացօթյա դասընթաց կազմակերպեց:

Վերջին ելույթը վերապահված էր Քյոլնից ժամանած բազմազգ Per Sound խմբին, որ հնչեցրեց հայկական, քրդական, պարսկական, թուրքական մեղեդիներՙ քուրդ երգիչ Յիլմազ Հոլթց-Էրսահինի կատարմամբ: Վերջինս պատմեց, թե իր 105-ամյա մեծ մայրը հայուհի է: Յիլմազն ասաց, թե մեծ մորը ցեղասպանությունից փրկել է մեծ հայրըՙ նրա հետ ամուսնանալով, իսկ ինքը տեսանկարել է մեծ մոր պատմած եղելությունը:

Երեկոն վաղուց մոտեցել էր կեսգիշերվա սահմանագծին, գինին դեռ գավաթ էր փնտրում, իսկ Հայաստանի մշակույթի շուրջ համախմբված մարդիկՙ հաջորդ հանդիպումը:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Նոյսս, Գերմանիա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4