«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#92, 2011-05-21 | #93, 2011-05-24 | #94, 2011-05-25


ԱՐԴՅՈՔ ՈՎՔԵՐ ԵՆ

Ձեր առջեւ է մի վաղեմի լուսանկար, արված 1933 թ. Հանքավանում, որտեղ 1925 թ. կազմակերպվել է առաջին կոմունան Հայաստանում:

Լուսանկարում պատկերված են կոմունայի կազմակերպիչները: Առաջին շարքում աջից երկրորդը նստած է Արտաշես Գեւորգյանը (1894-1937), որը 1922 թ. հուլիսի 25-ին Թիֆլիսում արդարահատույց գործողություն կատարեց Հայոց Մեծ Եղեռնի գլխավոր պատասխանատուներից մեկի` իթթիհատական եռապետության անդամ, ոճրագործ Ջեմալ փաշայի նկատմամբ: Ձախից առաջինը նստած է հայրս` Արտաշես Հովնանյանը, մասնագիտությամբ մեղվաբույծ: Մյուս երեք անձանց հավանաբար տեսել եմ, սակայն չեմ հիշում:

Կոմունիստական բռնավարչակարգի տարիներին պատմական ճշմարտությունների մասին համարյա չէր խոսվում: Հայրս պատմում էր, որ երբ Արտաշես Գեւորգյանը ընդունվում էր կոմունիստական կուսակցության շարքերը (դա պարտադիր էր, քանի որ ինքն էր կոմունայի նախագահը), ինքնակենսագրության մեջ նշել էր, որ ինքն է եղել Ջեմալ փաշայի պատուհասը, չնայած այդ մասին կարող էր եւ լռել:

1937 թ. Արտաշես Գեւորգյանը անհեթեթ մեղադրանքով ձերբակալվում է եւ գնդակահարվում: Նա մեղադրվում է ոչ թե Ջեմալ փաշային սպանելու համար, այլ այն բանի համար, որ ինքը պոտենցիալ վտանգ էր Ստալինի կյանքի համար:

Եթե թերթի հարգելի ընթերցողներին հայտնի լինի նկարում պատկերված մյուս երեք անձանց մասին որեւէ տեղեկություն, ապա կխնդրենք տեղյակ պահել թերթի խմբագրությանը կամ հոդվածի հեղինակին 27-50-14 հեռախոսահամարով:

ՌՈՄԻԿ ՀՈՎՆԱՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4