Հայաստանի նկարիչների միության Վանաձորի մասնաճյուղի մի քանի տասնյակ նկարիչների աշխատանքները վերջերս ցուցադրվեցին Երեւանում: Իսկ երեկ «Նարեկացի» արվեստի միության Երեւանի կենտրոնում բացվեց Վանաձոր քաղաքի 11 երիտասարդ նկարիչների 25 աշխատանքների ցուցահանդեսը: Ներկայացված աշխատանքները տարբեր ոճի եւ ուղղվածության էինՙ գրաֆիկա, գեղանկար, կոլաժ եւ այլն: Երիտասարդ ստեղծագործողների աշխատանքներին ծանոթանալ կարելի է մինչեւ հունիսի 10-ը: «Նարեկացի» արվեստի միության «Արվեստը մարզերում» շարքով Երեւանում արդեն կազմակերպվել է Գյումրիի գեղարվեստի ակադեմիայի սաների աշխատանքների ցուցահանդեսը: Հունիս ամսին նախատեսվում է Արթուր Ավանեսովի, Կարինե Հովհաննիսյանի, Լեւոն Իսկենյանի եւ Լեւոն Առաքելյանի համերգները Գյումրիում, Գորիսում եւ Սիսիանում: Թավջութակահարների փառատոնի շրջանակներում հունիսին կկայանան նաեւ համերգներ Վանաձորում եւ Գավառում (գեղղեկ Արամ Թալալյանի գլխավորությամբ):
Ցուցահանդեսը բացվեց ՀՀ նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի ողջույնի խոսքով, որում հատկապես նշվեց, որ նման ցուցահանդեսների կազմակերպումը մեծ դեր ու նշանակություն ունի երիտասարդ նկարիչների համար շփման ու ճանաչողության հարցում եւ մաղթեց նրանց նոր ստեղծագործական ավյուն: Հուզված էին մայրաքաղաքում իրենց ստեղծագործությունները ցուցադրած նկարիչներըՙ Տիգրան Հարությունյանը, Արտյոմ Բասենցին, Քրիստինե Ասլանյանը, Աննա Չավուշյանը, Արփինե Հովհաննիսյանը, Վահե Ավալյանը, Անի Ժամհարյանը, Վահան Շահբազյանը, Հայկուհի Ավագյանը, Լուսինե Պարոնյանը եւ Ռուբեն Սուվարին, եւ նշեցին, որ հավաքական ցուցահանդեսով Երեւանում ներկայանալը նոր լիցք ու եռանդ է հաղորդում, ինչի արդյունքում անշուշտ կծնվեն նոր ստեղծագործություններ:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ