Անկարայում անցկացված հունահռոմեական ըմբշամարտի միջազգային երիտասարդական մրցաշարում հաջող հանդես եկան հայ ըմբիշները: Մրցաշարին մասնակցում էին 15 երկրների 420 ըմբիշներ: Մրցագորգ դուրս եկած Հայաստանի 5 պատվիրակներն էլ դարձան մրցանակակիրներ:
Առավել հաջող հանդես եկան Ասլան Պողոսյանն (60 կգ) ու Ռաֆիկ Մանուկյանը (74 կգ), որոնք հաղթելով բոլոր մրցակիցներին, արժանացան ոսկե մեդալների: Արգիշտի Աբգարյանը մինչեւ 84 կգ քաշայինների մրցավեճում գրավեց 2-րդ տեղը, իսկ Ռուդիկ Մկրտչյանը (50 կգ) եւ Նարեկ Խաչատրյանը (55 կգ) դարձան բրոնզե մրցանակակիրներ:
Ընդհանուր թիմային հաշվարկով Հայաստանի երիտասարդական հավաքականը, որը գլխավորում է Արմեն Բաբալարյանը, 45 միավորով գրավեց 3-րդ տեղը: Հաղթող ճանաչվեց Թուրքիայի հավաքականը (75 միավոր), 2-րդ տեղում Իրանի ներկայացուցիչներն էին (51 միավոր):