Քաղաքացիական ազգային նախաձեռնության լրատվական ծառայությունից տեղեկացանք, որ Երեւանի Արաբկիր ու Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Արթուր Մկրտչյանը ընդունել է Կոմիտասի 5, 3, 7/1 շենքերի բնակիչների կոլեկտիվ հայցադիմումն ընդդեմ «Լիբեր» ու «Ռեմ-գրուպ» ընկերությունների: Արդեն վարույթ է ընդունվել ու բավարարվել հայցվորների միջնորդությունը: Որպես հայցի ապահովման միջոց Արթուր Մկրտչյանը պատասխանողներ «Լիբեր» ու «Ռեմ-գրուպ» ՍՊԸ-ներին ու նրանց աշխատակիցներին արգելել է շինարարություն ու ծառահատումներ իրականացնել Կոմիտասի 5 հասցեում: Քաղաքացիական ազգային նախաձեռնությունը ուշադրության կենտրոնում է պահելու վերոնշյալ գործն ու շարունակելու է աջակցել բնակիչներին այնքան ժամանակ, մինչեւ Կոմիտասի 5 հասցեում վերջնականապես կկասեցվի բազմաբնակարան շենքի կառուցումը:
Ի. Պ.