Եվրոմիությունը լրացուցիչ միլիարդներ է պատրաստվում տրամադրել Եվրոպական հարեւանության քաղաքականության համար: Պաշտոնական հաղորդագրությունների համաձայն, երեկ, Եվրոհանձնաժողովի կողմից ԵՀՔ առնչությամբ մոտեցումների հրապարակումից հետո ԵՀ նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն հայտարարել է, որ ԵՄ աջակցությունը հարավային եւ արեւելյան գործընկերներին կավելանա եւս 1,24 միլիարդ եվրոյով` հաջորդ երկու տարիների համար նախատեսված 7 միլիարդի ընդհանրական տեսքով:
«Սա ավելին է, քան լրացուցիչ գումար հատկացնելը: Սա շոշափելի արտահայտություն է գործընկերներ երկրներում կատարվող բարեփոխումներում մեր ներգրավվածության առումով», հայտարարել է Բարոզոն, ավելացնելով, որ դա միեւնույն ժամանակ ցույց է տալիս ԵՄ լրջությունը` «օգնելու նրանց, ովքեր ձգտում են քաղաքական ազատության ու առավել լավ ապագայի»: Եվրոհանձնաժողովի նախագահը տեղեկացրել է, որ կստեղծվեն տարբեր կառույցներ, այդ թվում, օրինակ, Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամՙ խրախուսելու գործընկերների ժողովրդավարական փոփոխությունները, կամ քաղաքացիական հասարակության գործիք` բարձրացնելու ոչ կառավարական դերակատարների քաղաքական նշանակությունը:
ԵՄ արտաքին հարցերով հանձնակատար Քաթրին Էշթոնն ու ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն իրենց հերթին ներկայացրել են «նոր եւ հավակնոտ» ԵՀՔ-ը` ավելի խոշոր դրամական հատկացումներով: Միեւնույն ժամանակ, Բարոզոյի արդեն իսկ ներկայացրած թվային տվյալների կողքին Ֆյուլեն ու Էշթոնն ավելացրել են ԵՀՔ վերանայված ռազմավարության հիմնական առաջնահերթությունները` «ավելի շատ միջոցներ` առավել շատ բարեփոխումների համար» մոտեցմամբ:
ԵՀՔ նորացված մոտեցմամբՙ առաջարկվում են աջակցության նոր տարբերակներ ու ձեւեր հասարակության առավել շատ հատվածների:
Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ