«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#93, 2011-05-24 | #94, 2011-05-25 | #95, 2011-05-26


ՆՈՒՅՆ ՋՐՈՒՄ ԵՐԿՐՈՐԴ ԱՆԳԱՄ ՈՏՔ ՉԵՆ ԴՆՈՒՄ

«Մոսկովսկիե նովոստի» թերթին նախագահ Սերժ Սարգսյանի տված հարցազրույցից բավական ժամանակ է անցել: Բայց, չգիտես ինչու, Իլհամ Ալիեւի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի պատասխանատու Նովրուզ Մամեդովը միայն նոր է «հերքում» դրանում արտահայտված առանցքային գաղափարը, որ Լեռնային Ղարաբաղը եւ Նախիջեւանը կամային որոշմամբ են տրվել Ադրբեջանին: Հավանաբար պետք է եղել Բաքվում «զորակոչել բոլոր կարող ուժերին»: Իսկ նրանք էլ «ճշմարտությունը բացահայտելու» հարցում ուշացել են:

Եվ այսպես, Նովրուզ Մամեդովը պնդում է, որ «Լեռնային Ղարաբաղը եւ Նախիջեւանը չեն մտել Հայաստանի կազմի մեջ: Ռուսական կայսրության փլուզումից եւ Անդրկովկասում անկախ հանրապետությունների հռչակումից հետո Ղարաբաղի հայ բնակչությունն ստեղծել է Հայկական ազգային խորհուրդ, իսկ ադրբեջանականը` համարժեք կառույց, որն արտահայտել է ղարաբաղյան ադրբեջանցիների կամքը: Այդ երկու մարմինները Ղարաբաղը համապատասխանաբար հռչակել են Հայաստանի հանրապետության եւ ԱԴՀ մաս: Չի կարելի Ղարաբաղը անվանել «Հայաստանի հանրապետության» (չակերտներն ուղղակի տարակուսելի են- Վ. Ա.) մաս 1918-20 թ.թ. միայն այն հիման վրա, որ այդպես էր կարծում, հայտարարում կամ ցանկանում Հայկական ազգային խորհուրդը, որն արտահայտում էր Ղարաբաղի բնակչության փոքրամասնության կարծիքը: Մեծամասնությունն այլ կերպ էր կարծում: Անթույլատրելի է նման մտահանգումների համար հիմք ընդունել գոյություն ունեցած մարմիններից մեկի ինքնակամ որոշումը եւ անտեսել մյուսի կարծիքը, մանավանդ որ արդյունքում հայերը նույնպես որոշել են միանալ Ադրբեջանի դեմոկրատական հանրապետությանը»:

Ինչպես տեսնում ենք, Իլհամ Ալիեւի աշխատակազմի պատասխանատուն այստեղ եւ հետագա ողջ շարադրանքում որեւէ խոսք չի ասում Նախիջեւանի մասին: Ինչո՞ւ: Այն պարզ պատճառով, որ ասելիք չունի: Իսկ այժմ` պատմության խեղաթյուրման մասին:

Նախ, Լեռնային Ղարաբաղը քաղաքականապես ինքնակազմակերպվել եւ ինքնակառավարման է անցել ավելի վաղ, քան «Անդրկովկասում անկախ հանրապետությունների հռչակումը»: Երկրորդ, Լեռնային կամ «առհասարակ» Ղարաբաղում «ադրբեջանցիների կամքն արտահայտող» որեւէ մարմին չի ստեղծվել եւ, բնականաբար, չի գործել: Այդ թեմայով Նովրուզ Մամեդովի մտավարժանքներն այսօրվա ադրբեջանական իշխանությունների կողմից շրջանառության դրված` «երկհամայնք Լեռնային Ղարաբաղի մասին տեսության» վերագրումն են պատմական անցյալին: Ստեղծվել, գործել, որոշումներ ընդունել եւ Անդրկովկասում բրիտանական զորքերի ներկայացուցչության, Հայաստանի եւ «Ադրբեջանի» կառավարության հետ խնդիրներ քննարկել է Լեռնային Ղարաբաղի բնակչության ներկայացուցիչներից ընտրված Համագումարը` իր կողմից ձեւավորված Ազգային խորհրդի միջոցով: Երրորդ, Լեռնային Ղարաբաղի հայությունը ոչ թե փոքրամասնություն, այլ բնակչության ջախջախիչ մեծամասնությունն էր: Չորրորդ, այդ բնակչություննՙ ի դեմս Ազգային խորհրդի, «Ադրբեջանական դեմոկրատական հանրապետությանը միանալու» որոշում չի ընդունել: Կողմերի` Ազգային խորհրդի եւ «ԱԴՀ կառավարության» միջեւ բանակցությունների արդյունքում ձեռք է բերվել ժամանակավոր համաձայնություն, ըստ որի Լեռնային Ղարաբաղը ժամանակավորապես, մինչեւ խնդրի վերջնական քննարկումը Փարիզի խաղաղության համաժողովում, ընդունել է Արեւելյան Այսրկովկասում բրիտանական զինվորական ներկայացուցչությունից գեներալ- նահանգապետ նշանակված Սուլթանովի ներկայությունը, այդ եւս` ԼՂ հայության ինքնավարության հարգման, նրա ներքին գործերին չմիջամտելու պայմանով:

Մամեդովն ակնհայտորեն կեղծում է, գրելով, թե «1919 թ. ապրիլին դաշնակիցները Սուլթանովի գլխավորության գեներալ-նահանգապետությունը ճանաչել են որպես երկրամասի միակ օրինական իշխանություն»: Դաշնակիցների մասին խոսք լինել չի կարող, քանի որ նման «ճանաչում» դրսեւորել է միայն բրիտանական զինվորական ներկայացուցչությունը: Ընդ որում, Նովրուզովին պետք է շատ հստակ հիշեցնել, որ այն պահին, երբ բրիտանական զինվորական ներկայացուցչությունը նման խնդիր էր դնում, այսպես կոչված «ԱԴՀ»-ն միայն ձեւական առումով էր «պետություն»: Բավական է ասել, որ այդ «պետությունն» առանց բրիտանական զինվորական ներկայացուցչության թույլտվության չէր կարող ոչ «խորհրդարանի», ոչ «կառավարության» նիստ գումարել: Տարածքը, որ իրոք կամային որոշմամբ հռչակվել էր Ադրբեջան, այսպիսով, փաստացի կառավարում էր բրիտանական զինվորական ներկայացուցչությունը, մի իրողություն, որն անժխտելի է: Հարկ է նկատել, որ նման «արտաքին կառավարման» ինստիտուտ դաշնակից երկրները չեն կիրառել ոչ Վրաստանում, ոչ Հայաստանում: Սա շատ բան է ասում: Ինքնին «գեներալ-նահանգապետությունն» էլ զուտ բրիտանական պետական կառավարմանը յուրահատուկ հասկացություն է: «ԱԴՀ» կոչված «պետությունն» այլ տարածքներում նման ինստիտուտ չի ձեւավորել: Չի եղել, ասենք, Բաքվի, Շիրվանի կամ Գանձակի գեներալ- նահանգապետություն, եւ նահանգապետներ, բնականաբար, չեն նշանակվել: Սուլթանովն «իշխանություն է ստացել» բրիտանական զինվորական ներկայացուցչությունից, գործել նրա, այլ ոչ թե «ԱԴՀ կառավարության» անունից:

«Ղարաբաղում որոշ ժամանակ երկիշխանություն է պահպանվել, որը խախտվել է Անդրանիկի ջոկատների ներխուժմամբ», գրում է Նովրուզ Մամեդովը: Ակնհայտ սուտ. ազգային հերոս Անդրանիկ Օզանյանը Լեռնային Ղարաբաղ չի մտել: Պետք է մտներ, բայց, հավատալով բրիտանական զինվորական ներկայացուցչության «ասպետական խոսքին», դադարեցրել է ռազմերթը: Ինչպես տեսնում ենք, այս անգամ էլ ոչ թե «ԱԴՀ կառավարությունը», այլ Արեւելյան Այսրկովկասում բրիտանական զինվորական ներկայացուցչությունն է եղել «բանակցող» կողմ: Իսկ ակնարկը, որ «Ղարաբաղում որոշ ժամանակ երկիշխանություն է պահպանվել», վկայությունն է իրողության, որ «ԱԴՀ կառավարությունը» երբեք ԼՂ հայ մեծամասնության նկատմամբ պետական իրավազորություն չի ունեցել:

Եվ բոլորովին խղճահարություն է հարուցում Նովրուզ Մամեդովի ճիգը, երբ նա վկայակոչում է Անաստաս Միկոյանի` Լենինին հղած նամակը: Ո՞վ էր Անաստաս Միկոյանը: Բոլշեւիկ գործիչ, որ, բնականաբար, Հայաստանի անկախության թիվ մեկ թշնամին էր: Եվ, իհարկե, պիտի «միջազգային իմպերիալիզմի գործակալ» երկրին մեղադրեր Լեռնային Ղարաբաղն «իրեն կցելու» համար:

Նովրուզ Մամեդովը հռետորական հարց է հնչեցնում. «Եթե Ղարաբաղն, ինչպես պնդում է Սարգսյանը, «չի մտել ԱԴՀ կազմի մեջ», ապա հայերն ի՞նչ կարիք ունեին ապստամբելու: Ինչպե՞ս կարող էին ղարաբաղյան քաղաքներում ԱԴՀ կայազորներ տեղաբաշխվել, եթե այդ պետությունը չէր վերահսկում Ղարաբաղը: Ինչո՞ւ է հայկական ազգային խորհուրդը ճանաչել ԱԴՀ իշխանությունը եւ նրա կառավարության հետ ստորագրել Ժամանակավոր Համաձայնագիր, եթե այդ պետությունը «մեկ օր իսկ չի վերահսկել Ղարաբաղը»»:

Այստեղ ամեն ինչ գլխիվայր շրջված է: Տպավորություն է ստեղծվում, թե «ԱԴՀ կայազորները ղարաբաղյան քաղաքներում տեղաբաշխվել են» նախքան Ազգային խորհուրդը «ԱԴՀ կառավարության հետ» կստորագրեր Ժամանակավոր համաձայնագիրը: Իրականում, սակայն, նախ այդ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ համաձայնագիրն է ստորագրվել: Եվ միայն Ազգային խորհրդի համաձայանությամբ է, որ «ԱԴՀ կառավարությանը» հնարավորություն է տրվել «տեղաբաշխել կայազորներ»: Այն եւս` ժամանակավորապես, քանի որ ընդհանուր համաձայնությունը կոչվել է ԺԱ- ՄԱ-ՆԱ-ԿԱ-ՎՈՐ:

Իսկ թե ինչո՞ւ են «հայերն ապստամբել»` Նովրուզ Մամեդովը քաջ գիտի: Դժգոհություն է հարուցել այն, որ բրիտանական զինվորական ներկայացուցչության ազդեցության թուլացմանը զուգահեռ «ԱԴՀ կառավարությունն» սկսել է ձեռնարկել ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԸ մշտական դարձնելուն ուղղված սադրիչ քայլեր: Այդ թվում, առաջին հերթին, Լեռնային Ղարաբաղում մեծացնելով զինված ուժերի թվաքանակը: Իսկ «ապստամբություն», որպես այդպիսին, չի եղել: «ԱԴՀ կառավարությունը», Մուստաֆա Քեմալից տեղեկացված լինելով, որ շուտով բոլշեւիկյան Ռուսաստանի 11-րդ բանակը մտնելու է Բաքու, եւ ինքն «իշխանությունը զիջելու է տեղական մուսուլմաններին», պարզապես կայացրել է Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Շուշին ավերելու, նրա հայ, շեշտում ենք, մեծամասնություն կազմող բնակչությունը սպանդի ենթարկելու որոշում, որի իրականացումը հանձնարարվել է «գեներալ-նահանգապետ» Սուլթանովին: Եվ վերջինս էլ կատարել է «կառավարության», իրականում` Մուստաֆա Քեմալի, թերեւս բոլշեւիկյան իշխանությունների հետ համաձայնեցրած, հանձնարարականը:

Որեւէ օրինական կառավարություն «ապստամբություն» ճնշելու համար մի ամբողջ քաղաքի եւ շրջակայքի բնակչություն գլխովին չի բնաջնջում: Իրեն հարգող կառավարությունն, ընդհակառակը, ձեռնարկում է միջոցներ, որպեսզի ապստամբների գործողություններից խաղաղ մարդիկ չտուժեն: «ԱԴՀ կառավարությունն», այնինչ, Շուշիի փողոցներում, ի տես մուսուլման խառնամբոխի, օրեր շարունակ պտտեցրել է Արցախի հոգեւոր առաջնորդի կտրած գլուխը: Իսկ այդ ամենից ոգեւորված` «ԱԴՀ կառավարական ուժերի զինվորն» իր եղբորը գրել է. «Այն հայկական Շուշին, որ դու ես տեսել, չկա: Բոլոր հարուստ մարդիկ, այդ թվում եւ խալիֆը (նկատի է ունեցել հոգեւոր առաջանորդ Վահան եպիսկոպոսին- Վ.Ա.) սպանվել են, տները` հրկիզվել: Թողնվել է միայն երեք տուն: Մերոնք այնքան ավար են վերցրել, որ սկսել են լկտիանալ»: Ահա այսպես է Շուշին «հինավուրց ադրբեջանական քաղաք» դարձել, եւ Նովրուզ Մամեդովը զուր է «պառաված օրիորդի» կասկածելի անմեղություն խաղում:

Ժամանակաշրջանի միակ իրավական փաստաթուղթը, որ միջազգային-միջպետական նշանակություն ունի, բոլշեւիկյան Ռուսաստանի եւ Հայաստանի Հանրապետության միջեւ 1920 թ. օգոստոսի 10-ին ստորագրված զինադադարի համաձայնագիրն է, որով Լեռնային Ղարաբաղը ճանաչված է Ռուսաստանի կողմից օկուպացված տարածք, ինչը, սակայն, չէր կանխորոշում նրա պատկանելիությունը որեւէ, այդ թվում` երրորդ, երկրի: Հետեւելով Նովրուզ Մամեդովի «տրամաբանությանը» հարցնենք. «Եթե Լեռնային Ղարաբաղը մաս է կազմել ԱԴՀ-ին, ապա ինչո՞ւ պիտի ռուսական զորքերն այն օկուպացնեին: Ի՞նչն է բոլշեւիկներին ստիպել նման փաստաթուղթ ստորագրել «միջազգային իմպերիալիզմի գործակալ» Հայաստանի Հանրապետության հետ: Եվ, վերջապես, ինչո՞ւ է համաձայնագրում տեղ գտել օկուպացիայի փաստով ԼՂ կարգավիճակը չկանխորոշելու մասին ամենաէական դրույթը»: Նովրուզ Մամեդովը գիտի՞ այս հարցերի պատասխանը: Եթե այո` թող հնչեցնի www.twitter.com/ NovruzMamedov-ում: Խոստանում ենք հետեւել եւ ծանոթանալ:

Ուշադրություն եւ վերլուծական հայացք է հայցում ՌԿ/բ/Կ Կավբյուրոյի 1921թ. հուլիսի 5-ի որոշման` «Լեռնային Ղարաբաղը թողնել Ադրբեջանի կազմում» ձեւակերպումը: Ադրբեջանական կողմը սովորաբար դա համարում է «իրողության արձանագրում»: Այսինքն` «Լեռնային Ղարաբաղն ինչպես եղել, այնպես էլ թողնվել է Ադրբեջանի կազմում»: Նախընթաց ողջ շարադրանքը եւ բազմաթիվ այլ փաստեր վկայում են, որ` ոչ, Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում, իրոք ինչպես նախագահ Սերժ Սարգսյանն է ասել, մեկ օր անգամ չի գտնվել: Իսկ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ` վերը նշված համաձայնագիրն ուղղակի փաստում է, որ Լեռնային Ղարաբաղը Ռուսաստանի զինված ուժերի կողմից օկուպացվել է: Ե՞րբ է Ռուսաստանը դադարեցրել օկուպացիան: Իրավական իմաստով` երբեք: Հարցը կարող էր լուծում ստանալ միայն եւ միայն Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ, ներկա խոսքով ասած, «մեծ համաձայնագրով», որը, սակայն, կողմերի միջեւ ձեռք չի բերվել: Այսպիսով, Հայաստանի անկախ հանրապետության անկումից հետո էլ Լեռնային Ղարաբաղը մնացել է Ռուսաստանի կողմից օկուպացված, պատերազմի իրավունքով նրան պատկանող տարածք: Բոլշեւիներն այն կարող էին «զիջել» Խորհրդային Հայաստանին, բայց «թողել են Ադրբեջանի կազմում»:

Ռուսերեն «ՏրՑՈՉՌՑՖ»-ը միայն «թողնել» չէ, որ նշանակում է: Այն նաեւ «հանձնելու», «զիջելու», նույնիսկ` «լքելու», «հետ քաշվելու» իմաստներ ունի: Օրինակ` «շ ֆՑց ՍվՌչց ՏրՑՈՉսÿ՚ ՉՈՎ»: Կամ, «վՈՔՌ ՉՏռրՍՈ ՏրՑՈՉՌսՌ ԽՌպՉ». Ռուսներն «ՏրՑՈՉսÿ՚Ց» այն, ինչ իրենց է պատկանում, բայց չեն ուզում, չեն կարողանում պահել: Այսինքն, այդպես ասելիս այդ լեզուն հիմնականում նշում է ինչ-որ բան զիջելու, նվիրելու իմաստ: Ադրբեջանցիներն ասում են, «ինչո՞ւ Կավբյուրոն չի օգտագործել «հանձնել» կամ «մտցնել» բառը, ինչո՞ւ չի գրել` «Լեռնային Ղարաբաղը հանձնել Ադրբեջանին» կամ «Լեռնային Ղարաբաղը մտցնել Ադրբեջանի կազմի մեջ»»: Շատ պարզ պատճառով: «Հանձնել» կարող էին միայն սուվերեն երկրի, իսկ Ադրբեջանն այդպիսին չէր, «մտցնել» չեն գրել, քանի որ դա էլ կնշանակեր, որ «Լեռնային Ղարաբաղն ինչ-որ տեղից վերցնում- մտցնում են ինչ-որ տեղ»: Կավբյուրոն «թողնել» գրելով շատ աներկմիտ հասկացրել է, որ Լեռնային Ղարաբաղը օկուպացիայի իրավունքով պատկանում է Ռուսաստանին, եւ նա իրեն պատկանածը «թողնում է Ադրբեջանի կազմում»: Բայց` ոչ թե որպես նրա նույնիսկ խորհրդային սուվերենությանը ենթակա, այլ` «մարզային լայն ինքնավարության» տարածք:

Եվ ինքնին հասկանալի է, որ այդ «թողնել»-ն իրավական ուժ ունեցել է այնքան, որքան գոյատեւել է այն ընդհանուր պետական համակարգը, որտեղ ՌԿ/բ/Կ Կավբյուրոյի որոշումն ընկալվել է իբրեւ իրավական ակտ: Այն երկիրը, որ հարգում էր Կավբյուրոյի որոշումն ու առաջնորդվում դրանով, Խորհրդային Միությունն էր: Որն, ի ցավ Նովրուզ Մամեդովի, ինքնալուծարվել է` Լեթայի գիրկը նետելով այն խորհրդային, սոցիալիստական հանրապետությունը, որի «կազմում էր թողնված» Լեռնային Ղարաբաղը: Այսօր հղում անել Անաստաս Միկոյանի` Լենինին հղած նամակին կամ նույնիսկ Կավբյուրոյի որոշմանը, նշանակում է լինել անուղղելի երազող: Կամ` մտագար:

Եվ, վերջապես. այսօրվա Ադրբեջանն ինքն է հրաժարվել Ադր. ԽՍՀ իրավահաջորդությունից եւ ստանձնել «1918թ. մայիսի 28-ից մինչեւ 1920թ. ապրիլի 28-ը գոյություն ունեցած Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության իրավահաջորդությունը»: Այդ դեպքում ինչո՞ւ իրավահաջորդ կառավարությունը փորձ չի արել թարմացնել իրավանախորդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի միջեւ ձեռք բերված ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ համաձայնությունը, որի մասին միայն այսօր է հիշում Նովրուզ Մամեդովը: Ինչո՞ւ: Պատասխանը մեկն է. որովհետեւ խնդիրը բանակցությունների միջոցով լուծելու ցանկություն չի ունեցել: Այլ որոշել է Սուլթանովի օրինակով «խռովության» մեջ մեղադրել ԼՂ հայ մեծամասնությանը եւ նրա հետ հաշիվները մաքրել այնպես, ինչպես Սուլթանովը` 1920թ. մարտի 23-ին` նովրուզի տոնը «սրբագործելով» տասնյակ հազարավոր հայ մարդկանց արյամբ եւ արցունքներով: Այս անգամ, սակայն, դա չի ստացվել: Եվ Նովրուզ Մամեդովը զուր է մի նոր «արյունոտ նովրուզ» երազում: Դա չի լինելու: Ինչպես նաեւ անցած է «ժամանակավոր համաձայնագրի» ժամանակը: Միեւնույն ջրում երկու անգամ ոտք չեն դնում:

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4