Վերջերս Դիարբեքիրի DICLE համալսարանում Յըլմազ Փոլադ անունով ոմն զեկուցող «ճիշտ» կամ «սխալ» պատասխանի պահանջով ուսանողներին տվել է հարցեր 1-ին աշխարհամարտի ժամանակ իրականացված Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Հարցերն այսպիսին էին. «Պատերազմի ժամանակ հայերի մի մասը արդյոք դասալիք դարձե՞լ է եւ անցել ռուսները կողմը», «Տեղահանված հայերն աքսորվելիս արդյոք փախուստի դիմե՞լ են եւ ապստամբել, թիկունքից խփելով թուրքերին» եւ այլն:
Թուրքիայի ներկայիս իշխանությունը ոչնչից չի խորշում, որպեսզի ցույց տա, թե Օսմանյան կայսրությունում պետականորեն որեւէ ցեղասպանություն չի իրականացվել, իսկ թուրքերը եւ հայերը սպանվել են պատերազմի հետեւանքով:
Մեկ ուրիշ օրինակ: Ստամբուլի վարժարաններից մեկում զինվորական պատրաստության դասի ժամանակ թուրք գնդապետ Սինան Օզը ցույց է տվել 1-ին աշխարհամարտի ժամանակ «հայերի սպանած» «թուրք» երեխաների լուսանկարներ:
Այն պահին, երբ հայերը նշում էին Մեծ եղեռնի 1,5 մլն զոհերի հիշատակի օրը, թուրքական իշխանությունների նախապատրաստած հիշյալ պնդումները միայն ատելության եւ վրեժխնդրության զգացումներ կարող էին առաջացնել թուրքերի եւ հայերի մեջ: Թուրքիայի սահմանադրության 301-րդ հոդվածը դատապարտում է թուրքական ինքնությունը վիրավորող յուրաքանչյուր անձնավորության: Իբրեւ չափավոր իսլամի եւ ժողովրդավարության երկիր ներկայացվող Թուրքիան ինչո՞ւ չի ընդունում օրենք, որը կդատապարտեր երկրի ոչ թուրք քաղաքացիներին վիրավորող անձանց: Հայոց ցեղասպանության ժխտման դեմ պայքարած բազմաթիվ թուրք խիզախ մտավորականներ դաժանորեն դատապարտվել են, բայց շարունակում են իրենց պայքարը: Մինչդեռ պետությունը թաքցնում է պատմությունը եւ մի ամբողջ դար անգիտության մեջ է պահում ժողովրդին:
Այդ երկրում միշտ կլինեն քոսոտ մոզիներ, որոնք պետության աջակցությամբ կշարունակեն պատմական ճշմարտության խեղաթյուրման կեղտոտ գործը: Թուրքական առածն ասում է. «Շունը չի հրաժարվի կղկղանք ուտելուց»: Բայց թուրքական մեկ ուրիշ առած էլ կա. «Ստախոսի վառած մոմը հանգչում է մայրամուտից քիչ անց»:
Դասախոսներն ու գնդապետները համարվում են թուրքական հասարակության ընտրախավը: Բայց նրանց ստահոդ դասավանդումըՙ վրեժխնդրության ոգի սերմանելով, կպատրաստի ապագա ոճրագործներ: Լրագրող Հրանտ Դինքի սպանությունը երկրում իշխող տվյալ մտայնության օրինակն է: Թուրքիայի հասարակության պատասխանատուները պետք է արժանապատվություն ունենան, որ երկիրը կարողանա մուտք գործել աշխարհի քաղաքակիրթ պետությունների ընտանիք:
ՆԵՐՍԵՍ ԴՈՒՐՄԱՆ, Փարիզ