«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#93, 2011-05-24 | #94, 2011-05-25 | #95, 2011-05-26


ԲՈՒՐՄՈՒՆՔՆ ԸՍՏ ՖՐԵՆՍԻՍ ՔՅՈՒՐՔՉՅԱՆԻ

Օծանելիքների պատրաստման մասնագետ Ֆրենսիս Քյուրքչյանի առաջին լուրջ հաջողությունն այդ բնագավառում 1995-ին «Le Male» բուրմունքը պատրաստելն էր Ժան-Պոլ Գոլտիեյի համար: Օծանելիքների արդյունաբերության մեջ արդեն իսկ ճանաչված «հոտառություն» ունեցողը 2009-ին Ֆրանսիայի մշակույթի նախարարության կողմից արժանացել է «Ֆրանսիայի մեծագույն պարֆյումերներից մեկը» կոչումին ու ունի բազմաթիվ այլ մրցանակներ: Նույն տարին նա հիմնել է իր «Maison Francis Kurkdjian» օծանելիքների խանութ-սալոնը: Վերջերս նա Ֆրանսիայից Լոնդոն է մեկնել այնտեղ իր նոր «Aqua Universalis Forte» մակնիշի բուրմունքը թողարկելու նպատակով: Լոնդոնում նրա հետ կարճ հարցազրույց է ունեցել լրագրող Շերոն Ֆորեստրը: «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի մայիսի 14-ի համարից թարգմանաբար ներկայացնում ենք այդ հարցազրույցը:


- Ինչը՞ ներշնչեց ձեզ թողարկելու նոր օծանելիքը:

- Ես Իտալիայում փորձարկում էի ինձ նվիրաբերված մի նոր տեսակի Բերգամոտի (տանձի տեսքով ցիտրուսային միրգ, որի կեղեւից ստացված յուղը օգտագործվում է օծանելիքների մեջ), երբ գործընկերս խնդրեց ինձ ստեղծել մի նոր օծանելիքՙ յուրահատուկ բուրմունքով, որպեսզի նվիրեր իր ընկերուհուն, որը սիրում էր «Aqua Universalis»-ը, բայց ավելի թունդն էր նախընտրում: Շտապում էի եւ նրան հանձնեցի իմ փորձարկման արդյունքը: Ընկերուհին շատ էր հավանել, եւ գործընկերս առաջարկեց զարգացնել այդ նոր բրենդի տեսակը: Եվ մենք ստացանք «Forte»-ն, երաժշտական նոտաների համեմատությամբ:

- Ինչպե՞ս է նոր բրենդ ստեղծելու գործընթացը տարբերվում արդեն գոյություն ունեցածից:

- Գլխավոր տարբերությունն այն է, որ նոր բրենդի պարագայում ինձ հուշում են, թե ում համար է (կին, տղամարդ) եւ ինչպիսին պետք է լինի (թարմացնող, ծաղիկներից որեւէ մեկի բուրմունքով եւ այլն): Իսկ ինքնուրույն աշխատելու դեպքում ամեն ինչի մասին ես պետք է մտածեմ: Պատասխանատվությունն ամբողջովին ընկած է իմ ուսերին:

- Ուրեմն ստեղծագործաբա՞ր եք մոտենում բուրմունքներին: Ի՞նչ խորհուրդ կտայիք այն մարդկանց, ովքեր օծանելիքների հետ փորձարկումներ են ուզում կատարել:

- Կարծում եմՙ մարդիկ պետք է փոխեն օծանելիք գնելու իրենց մոտեցումը եւ չգնեն մի բանՙ պարզապես որովհետեւ հայտնի բրենդ է կամ ընդունված տեսակ է: Հարցը միայն այն չէ, թե ինչպես է դա դուր գալիս ձեզ: Պետք է նաեւ մտածել, թե ձեր օգտագործած օծանելիքը ինչ տպավորություն է թողնում ձեզ շրջապատող մարդկանց վրա: Ինչպե՞ս են նրանք «ընկալում» այն: Լավագույն տարբերակն է, երբ տվյալ անձն ու օծանելիքը միահյուսվում են, դառնում մեկ ամբողջություն:

- Ո՞ւմ համար կուզենայիք ստեղծել յուրահատուկ մի օծանելիք:

- Հավանաբար Քեյթ Միդլտոնի համար: Այս օրերին շատ են խոսում ու գրում արքայական հարսանիքի մասին, եւ թվում է, թե ամեն ինչ այնքան պարզ երեւելի էՙ նրա հագուստը, մազերը, մատանին եւ այլն: Կուզենայի, որ նրա օգտագործած օծանելիքը լիներ նրա անձնականը, միակ «մտերիմը»:

- Իսկ ինչպիսի՞ն եք պատկերացնում այս օծանելիքը:

- Ես Քեյթ Միդլտոնին չեմ դիտում որպես ճակատագրական դեր խաղացող մի անձնավորության: Բայց նա մի «գործընթացի» մեջ է, որը շատ բան է փոխելու հավանաբար նրա կյանքում: Նրանում ջերմ ու բնական մի բան կա, որն իմ կարծիքով շատ հետաքրքրական է: Ուստի նրա համար կընտրեի մի ջերմ ու թարմացնող բուրմունք, ինչպիսին իմ նոր «Elite Saah» պիտակի օծանելիքն է: Դա գերազանց կլինի նրա համար:

- Ի՞նչն է ձեզ մշտապես ներշնչված պահում:

- Փորձում եմ միշտ ինչքան հնարավոր է տարբեր լինել, զանազանվել: Աշխատում եմ գործակցել արտիստական մոտեցում ունեցող անձնավորությունների հետ: Ցանկանում եմ «հասնել» բոլոր նրանց, ովքեր սովորաբար անուշահոտություն չեն օգտագործում կամ չեն գնում: «Aqua Universalis Forte»-ն շուկայում կհայտնվի հունիսին:

Թարգմ. Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4