Արդեն ավանդական դարձած «Ոսկե ծիրան» երեւանյան միջազգային 8-րդ փառատոնը, որը կմեկնարկի հուլիսի 10-12-ը, այս տարի իր շուրջն է համախմբելու 57 երկրներից ստացված 600 ֆիլմերի հայտեր ներկայացնողներին ու նաեւ կինոաշխարհում հայտնի դեմքերի: Եթե 1-ին կինոփառատոնին մասնակցել է 11 երկիր 122 ֆիլմով, ապա այս տարվա փառատոնին նման մասնակցությունը կրկին գալիս է փաստելու, որ երեւանյան «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնով հետաքրքրված են աշխարհի շատ կինոգործիչներ: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի եւս փառատոնի մրցութային ծրագրերում ընդգրկված են խաղարկային, վավերագրական, հայկական համայնապատկեր անվանակարգերը: Հայկական համայնապատկեր մրցութային ծրագրում կներառվեն ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում հայազգի կինոգործիչների կողմից ստեղծված լավագույն ֆիլմերը:
Երեկ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը , «Ոսկե ծիրան» փառատոնի տնօրեն, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը եւ վեց տարի անընդմեջ փառատոնի գլխավոր հովանավոր, «Վիվասել-ՄՏՍ» ընկերության գլխ. տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հանդիպեցին լրագրողների հետ: Նախարարը բարձր գնահատելով փառատոնի դերն ու նշանակությունը, ասաց, որ «Ոսկե ծիրան» փառատոնը սպասված է ողջ տարվա ընթացքում, իսկ հուլիս ամսին մեր քաղաքը կերպարանափոխվում է, աշխուժանում է փառատոնով, որն ամեն տարի նոր ծրագրերով է ներկայանում ու Հայաստանի հեղինակությունը կրկին բարձրանում է միջազգային արենայում: ««Ոսկե ծիրանը» զուտ կինոփառատոն չէ, այն իրականացնում է նաեւ կրթական, հետահայաց ցուցադրություններ եւ հոբելյանական միջոցառումներ, ժամանակակից ֆիլմերի ցուցադրություն եւ այլն: Այսինքնՙ փառատոնը չի շրջանցում ոչ մի կարեւորագույն իրադարձություն»: Այս տարի փառատոնն իր ծրագրում ընդգրկել է արտամրցութային ծրագիրՙ նվիրված ԱՊՀ-ի ստեղծման 20-ամյակին «ԱՊՀ երկրների կինոն» խորագրով: Իսկ Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված ծրագրում կցուցադրվեն վերջին 20 տարիներին նկարահանված հայկական վավերագրական ֆիլմեր, կներկայացվեն Հայաստանի եւ հայերի մասին օտարերկրյա կինոգործիչների նկարահանած ֆիլմեր: Ինչպես տեղեկացրեց Հարություն Խաչատրյանը, փառատոնի ծրագրում տեղ են գտել իտալական դասական եւ ժամանակակից ֆիլմեր, որոնք նվիրվում են Իտալիայի միավորման 150-ամյակին: Առանձնակի անդրադարձ կլինի նաեւ հայազգի ակնառու կինոգործիչներՙ Ռոման Բալայանի-70-րդ, Էդմոնդ Քյոսայանի-75-րդ եւ Դմիտրի Կեսայանցի-80-րդ հոբելյաններին: 8-րդ փառատոնին ավելացել է եւս մեկՙ «Կորիզ» խորագրով կարճամետրաժ խաղարկային ֆիլմերի միջազգային մրցույթը, որով փառատոնը հնարավորություն է ընձեռել երիտասարդներին իրենց տեսակետները ներկայացնել վաղվա կինոյի հանդեպ: Փառատոնի մշտական հետաքրքրությունների տիրույթում են նաեւ ուսումնական ծրագրերը: Վերջին տարիներին ստեղծված «Ոսկե ծիրան» բարձրագույն կինոդպրոցի շրջանակներում անց են կացվում վարպետության դասեր, համատեղ ֆիլմեր նկարահանվում: Հենց այդպիսիք այս տարի փառատոնին կներկայացվեն Անջեյ Վայդայի դպրոցի (Լեհաստան), Սապիր քոլեջի (Իսրայել), Ռուսաստանի կինոյի պետական ինստիտուտի (ԹթԼԽ) ուսանողական ֆիլմերը:
Պրն Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց նախարարին մշտական պետական աջակցության համար, իսկ Ռալֆ Յիրիկյանինՙ հովանավորչական գործունեության, ու նրանց նվիրեց «Ալեքսանդր Մանթաշյանց» գրքի առաջին օրինակները: Իսկ այդ գրքի շնորհանդեսը կկայանա փառատոնի ընթացքում:
«Ազգի» հարցերին պատասխանելով, պրն Խաչատրյանը տեղեկացրեց, որ մինչեւ փառատոնի մեկնարկը, «Մոսկվա» կինոթատրոնի մուտքի մոտ անցած տարի բացված չորս անվանի անձանց աստղաքարերը Երեւանի ոսկու գործարանի մասնագետների կողմից վերանորոգված կտեղադրվեն այնպես ամուր, որ այլեւս հնարավոր չլինի գողանալ: Իսկ Աբովյան փողոցում կբացվի քանդակագործ Տիգրան Արզումանյանի «Ալեքսանդր Մանթաշյանց» արձանը: Սակայն հարցերի հարցը կրկին մնում է կինոդահլիճների չլուծվող խնդիրը: Չնայած որ քաղաքապետի հետ այդ հարցի շուրջը քննարկումներ եղել են, սակայն հարցը վերջնական լուծում չի ստացել: Իսկ 600 ֆիլմերը կցուցադրվեն «Մոսկվա», «Նաիրի» (դրսից հրավիրված հատուկ մասնագետները վերանորոգել են կինոսրահը), Թումանյանի անվան տիկնիկային թատրոններում, «Նարեկացի» արվեստի կենտրոնում եւ Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճներում: Իսկ թե որ ռեժիսորի որ ֆիլմով կմեկնարկի փառատոնըՙ կազմակերպիչներն առայժմ փակագծերը չբացեցին եւ խնդրեցին համբերությամբ սպասել հաջորդ ասուլիսին:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ