«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#93, 2011-05-24 | #94, 2011-05-25 | #95, 2011-05-26


ՀԱՅ ԲԱՐԵԳՈՐԾ ՄԻՔԱՅԵԼ ԱՐԱՄՅԱՆՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

«Լոռու ձոր» հայրենակցական միություն ՀԿ-ի նախաձեռնությամբ 2011 թվականի մայիսի 28-ին ժամը 15:00-ին «Արարատ հոլ» ռեստորանում (Եզնիկ Կողբացի 30) կկայանա պատմաբան Վահե Անթանեսյանի «Միքայել Արամյանց» գրքի շնորհանդեսըՙ նվիրված 19-րդ դարավերջի եւ 20-րդ դարասկզբի հայ ամենամեծ գործարար-բարեգործներից մեկինՙ Միքայել Արամյանցին: Շնորհանդեսին հրավիրված են մի շարք մտավորականներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ գրողներ, այդ թվումՙ Հայաստանի Ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանը, Հայաստանի պատմության պետական թանգարանի տնօրեն Անելկա Գրիգորյանը, Հայաստանի Ազգային Արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը եւ այլք:

Միջոցառումը կուղեկցվի ֆուրշետով, ինչը հնարավորություն կտա ավելի մտերմիկ միջավայրում քննարկել գիրքն ու զրուցել հեղինակի հետ:

Միքայել Արամյանցը 19-րդ դարավերջի եւ 20-րդ դարասկզբի հայ ամենամեծ գործարար-բարեգործներից է: Նրան են պատկանել Կովկասի ամենաշքեղ, գեղեցիկ շինությունները, այդ թվումՙ «Մաժեստիկը» (այսօրվա «Մարիոթ Թբիլիսին»): 1910 թվականին Թիֆլիսում նա կառուցեց Արամյանցի հիվանդանոցը, ուր բուժումն ու բուժսպասարկումը բացառապես անվճար էր, ստեղծեց Թիֆլիսի հայոց ազգագրական ընկերությունը, որի հիմքի վրա այսօր ունենք Հայաստանի պատմության պետական թանգարանը: Նա Բաքվի ամենահարուստ նավթատերերից էր: Սակայն այս մեծ հայորդին ճակատագրի բերումով մահացավ թշվառության մեջ: Այսօր Արամյանցի հսկայական կարողությունից հայ ազգին մնացել է ընդամենը Ախթալայում գտնվող նրա հրաշակերտ դղյակը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4