Մի քանի օր Վրաստանի մայրաքաղաքի Ազատության հրապարակում, վրաց խորհրդարանի շենքի առջեւ հավաքված ընդդիմադիրներին օրինական ցույցի համար տրվել էր մինչեւ մայիսի 25-ը ժամանակ, որից հետո, փաստացի` երեկ կեսգիշերին վրաց իշխանությունները փորձել են ցրել հավաքվածներին` ազատելու հրապարակը երեկ տեղի ունենալիք անկախության շքերթի համար:
Թե ինչպես էին վրաց իրավապահները մահակներով, արցունքաբեր գազով փորձում հեռացնել ցուցարարներին, եւ երկու մարդ է զոհվել (մեկը ոստիկան, մյուսը` նախկին ոստիկան) եւ 37-ը տուժել, մոտ 90-ին էլ մեղադրանքներ է ներկայացվել, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, հստակորեն ցույց է տալիս, որ իշխանության եկողները, ամեն դեպքում, փորձում են պահպանել նույն այդ իշխանությունը, այլ ոչ թե ծառայում ու ծառայում են ժողովրդավարությանն ու այդօրինակ «վեհ» գաղափարներին: Այն անձանց զգալի մասը, որոնց մեղադրանքներ են ներկայացվել, արդեն իսկ ենթակա է երկու ամսվա վարչական կալանքի, իսկ որոշ դեպքերում էլ հարուցվել են քրեական գործեր:
Վրաստանի ներքին գործերի նախարարության հայտարարության համաձայն, իրավապահները նյութեր ունեն, որ բողոքի ակցիայի հիմնական կազմակերպիչները, այդ թվում` Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ եւ ներկայիս նախագահ Միխեիլ Սաակաշվիլու իրականացրած «վարդյա հեղափոխության» հիմնական գործընկերներից մեկը հանդիսացած Նինո Բուրջանաձեն, ցանկացել են իրավիճակը հասցնել քաղաքացիական հակադրության:
Իշխանությունները, նախ եւ առաջ ի դեմս երկրի նախագահի` Վրաստանի անկախության տոնի առիթով տեղի ունեցած շքերթի ժամանակ արված հայտարարության, վրացական լրատվամիջոցների տեղեկացմամբ, մեղադրել են ակցիայի կազմակերպիչներին` «զանգվածային անկարգություններ ու սաբոտաժի փորձ» իրականացնելու մեջ: «Կազմակերպիչները ձեռք են բարձրացրել Վրաստանում ժողովրդավարության վրա», ասել է Սաակաշվիլին:
Ավելին, ըստ Վրաստանի ՆԳՆ-ի, բողոքի ցույցի կազմակերպիչներից ոմանք «հեղաշրջում էին ծրագրում», ինչն ակնհայտորեն ցույց է տալիս, որ հավանական է դառնում Նինո Բուրջանաձեին լուրջ մեղադրանքներ ներկայացնելը: Այդպիսով, ըստ էության, քաղաքական դաշտից առնվազն տեւականորեն կհեռացվի «վարդյա հեղափոխության» երեք գործընկերներից մեկը` Բուրջանաձեն, դաշտը թողնելով միայն Սաակաշվիլուն, քանի որ երրորդ գործընկեր, Վրաստանի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիան տարիներ առաջ մահացել է բավականին տարօրինակ հանգամանքներում:
Թեեւ այս իրադարձություններն ինքնին ներկայացնում են Վրաստանի իրավիճակը, անգամ եթե մայիսի այս օրերին բողոքի ակցիա անցկացնողներին ներկայացնում են որպես մարգինալների, այդուհանդերձ, ռուսական հետքերի ու ներգրավվածության մասին հայտարարությունները հիշեցնում են մեզանում էլ ոչ պակաս տարածում ունեցող մոտեցումը, երբ սեփական խնդիրները լուծելու փոխարեն մարդ իրենից դուրս մեղավորներ է փնտրում:
Վրացական համատեքստը հաշվի առնելով հետաքրքրական են նաեւ հայտարարությունները, որ արվել են ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի կողմից: Վրաստանում ԵՄ-ի ներկայացուցիչ Ֆիլիպ Դիմիտրովը մասնավորապես հայտարարել է, թե ակցիան ցրվել է «կազմակերպված եւ օրինական ձեւով»: Ի տարբերություն այսպիսի անհասկանալի հայտարարության, Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Բասն ընդգծել է, որ բռնությունը մարտահրավերներին դիմակայելու միջոց չէ: Բասը հայտնել է, որ տեղեկություններ ունի ոստիկանության կողմից ուժի կիրառման անհամաչափության մասին, ուստի ԱՄՆ-ի դեսպանը կոչ է արել հետաքննել ու պատժել մեղավորներին:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ