ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՀԱԿ-ի երկար սպասված երեկվա հանրահավաքը մարդաշատ չէր: Չնայած ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը պատճառաբանեց, թե մարզերից Երեւան բերող ճանապարհները փակ են եղել, եւ նույնիսկ հանրահավաքից մեկ ժամ առաջ չի գործել մետրոն, սակայն փաստն այն է, որ երկրի քաղաքականացված հատվածը հենց Երեւանում է, եւ եթե այդ հատվածն ուզենար գալ Ազատության հրապարակ` նրան ոչ ոք չէր կարող խոչընդոտել (մինչդեռ շատ էին անգլերեն եւ ֆրանսերեն խոսող օտարերկրացիները): Դեռ հանրահավաքի մասնակիցների թիվն էլ (վերջին ոչ այնքան մարդաշատ հանրահավաքի համեմատ երեկվանը շատ ավելի լղար էր) երեւի ապահովվել էր, որովհետեւ այնտեղ ներկա էին Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը, Շմավոն Գալստյանը: Այսինքն` ՀԱԿ-իշխանություն երկխոսության մասին խոսակցություններն իրենց գործն արեցին, եւ արմատական գործողությունների սպասողների մի զգալի մաս գոնե այս գարնան եզրափակիչ հանրահավաքից էլ ոչինչ չէր սպասում, մնում է նրանց նորից գայթակղել աշնանը, նոր քաղաքական սեզոնին: Չնայած դրան` Նիկոլ Փաշինյանը դրսեւորեց միտինգավարի իր ողջ եռանդը, բովանդակային առումով էլ պնդելով, թե Հայաստանում արտահերթ ընտրություն անցկացնելու նախադրյալների բացակայության մասին իշխանության պնդումը մերկապարանոց է, եւ որ երկրի հանդեպ հավատից եւ վստահությունից իր քաղաքացիներին զրկած իշխանության պարագայում քաղաքացու վստահությունը ապագայի, պետության եւ սեփական ուժերի հանդեպ վերականգնելու միակ միջոցը արտահերթ ընտրություններն են:
Միտինգավարի` հնում փորձված վարպետությամբ` Նիկոլը հարցրեց հանրահավաքի մասնակիցներին.«Կանգնած ե՞ք մինչեւ վերջ», եւ դրական պատասխան ստանալով` մինչեւ վերջ պայքարելու իր պատրաստակամությունը եւս հայտնեց: Ելույթի մեջ էլ նա էլի օգտագործել էր ավազակապետություն բառը եւ միտինգը վարելու ընթացքում էլ խոստացավ, որ համաժողովրդական պայքարի արդյունքում պատասխան են տալու բոլորն, ովքեր ժողովրդի դեմ են գործել: Նրանից հետո ելույթ ունեցած Սասուն Միքայելյանը երախտագիտություն հայտնեց պայքարի իր զինակիցներին, որոնց շնորհիվ իրենք ազատության մեջ հայտնվեցին, եւ որոնց համառությունը իշխանությանը հասկանալ տվեց, թե սեփական ժողովրդի հետ բիրտ ուժով չի կարելի խոսել եւ քաղբանտարկյալ ունենալը քաղաքակիրթ պետությանը հարիր չէ: Նա հարկավոր համարեց շարժմանը նոր թափ հաղորդելը:
Հանրահավաքին ներկա էին եւ ելույթ ունեցան ՀԺԿ-ից Ֆելիքս Խաչատրյանը ` «ելքը արտահերթ ընտրություններն են» կարգախոսով (ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը նույնպես ներկա էր), «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը : ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն իր ելույթում նշեց, թե առեւտրի մեջ չեն մտնելու իշխանության հետ եւ պետք է իրականություն դարձնեն Հայաստանում սահմանադրական կարգը վերահստատելու եւ լեգիտիմ իշխանություն ձեւավորելու ծրագիրը: Նաեւ նկատեց, թե ճգնաժամը երկխոսության միջոցով հաղթահարելու իրատեսական հնարավորությունը իրավունք չունեն բաց թողնելու, բայց եւ նուրբ հարցի մասին նշել` Սարգիս Հացպանյանի եւ Մուրադ Բոջոլյանի` դեռ բանտում լինելը, դա հանկարծ խոչընդոտ չդառնա, իշխանությունների հետ բանակցություններում առաջնային է համարվելու նախ նրանց ազատ արձակումը, Հացպանյանի` Հայաստանում կացության իրավունքի ձեռքբերումը, իսկ արտահերթ ընտրությունների համար պայքարը դեռ շարունակվելու է ... բազմամարդ միտինգներով (ինչն արդեն իրողություն չէ): Արամ Սարգսյանը նույնպես ելքը արտահերթ ընտրությունները համարեց, իշխանությունն էլ նրա կարծիքով չի կարող չգիտակցել երկխոսության անխուսափելիությունը, մի խոսքով` «պայքար, պայքար մինչեւ վերջ», ինչպես նա ու մյուս ելույթ ունեցողներն էին կրկնում:
Բայց իհարկե, կարեւորը Տեր-Պետրոսյանի ելույթն էր, որին սպասում էին մարդիկ` հասկանալու համար, թե, լավ, վերջապես հիմա ի՞նչ է անելու ՀԱԿ-ը իր երեք պահանջները կատարելուց հետո, հիմա լրիվ բա՞ց է իշխանության հետ երկխոսության դուռը: Դե իհարկե, նա նախ մյուս ելույթ ունեցողների նման շնորհավորեց մեծ հաղթանակը` քաղբանտարկյալների ազատ արձակումը, որպես «հզոր ընդդիմության» եւ ժողովրդի պայքարի արդյունք: Իշխանություն-ՀԱԿ միջեւ կայացած «ինչ-որ գործարքի» մասին անպարկեշտ մարդկանց տարածած ասեկոսեները մի կողմ դնելով` Տեր-Պետրոսյանը նկատեց, թե հաղթանակը ձեռք է բերվել « վերջին ամիսների ընթացքում հասարակության ու իշխանության միջեւ ծավալված յուրատեսակ հրապարակային բանավեճի կամ ոչ ֆորմալ երկխոսության արդյունքում. «ՀԱԿ-ը հասարակության անունից հրապարակորեն ներկայացրել է իր պահանջները, իսկ իշխանությունը, թեկուզ երբեմն տատանվելով, բայց վերջին հաշվով նույնքան հրապարակորեն արձագանքել է այդ պահանջներինՙ դրանք ամրապնդելով կոնկրետ գործողություններով: Մարտի 1-ի էջի փակված լինելու, քաղբանտարկյալների առկայությունը ժխտելու, Ազատության հրապարակի օկուպացիան հավերժացնելու, հասարակական կարծիքն արհամարհելու եւ գոտկատեղից ցածր հարվածելու հոխորտանքներից հետո, տեղի ունեցածն իրականում ոչ այլ ինչ է, եթե ոչ առնվազն անհասկացողության պատի փլուզում», ասաց նա` իշխանության զիջումների համար որպես լրացուցիչ գործոններ նշելով է՛լ Օբամայի ելույթ, է՛լ Եվրոմիության մայիսի 25-ի հուշագիր, է՛լ Ղարաբաղի խնդիր` ստատուս քվոյի ռեսուրսն այստեղ սպառվում է (այդ պատճառով էլ է իշխանությունը սիրաշահում ժողովրդին), է՛լ վերջին շրջանում սոցիալական բողոքի դրսեւորումներ, է՛լ սոցիալ տնտեսական իրավիճակ: Նա կանխատեսեց, որ շուտով կլինեն աղմկահարույց պաշտոնանկություններ եւ որոշ կոռումպացված պաշտոնյաների քրեական հետապնդումներ: Մի խոսքով` ըստ Տեր-Պետրոսյանի` այս գարունը հետընտրական Հայաստանի ամենանշանակալից եւ արդյունավետ հանգրվանն է ՀԱԿ-ի համար, իսկ քաղաքականության մեջ միագործոն երեւույթներ կամ մեկքայլանի լուծումներ գոյություն չունեն. «Չեմ կարող ուրանալ, որ դարձվածաբանության որոշ փոփոխություն իսկապես առկա է: Եւ դա միանգամայն բնական է, քանի որ յուրաքանչյուր բանակցությունից կամ երկխոսությունից առաջ հակամարտող կողմերի հռետորաբանությունն անխուսափելիորեն մեղմանում է: Դրանով հանդերձ, երկխոսությունն ամենեւին սիրաբանություն, գրկախառնություն կամ միմյանց մասին ունեցած կարծիքների վերանայում չի նշանակում: Իշխող վարչախումբն, ինչպես մինչ այժմ համարել, այսուհետեւ եւս համարելու է, որ մենք իշխանության բռնի յուրացման փորձ կատարած, ապակառուցողական, հակազգային, անհանդուրժող, գաղափարազուրկ, օրինազանց ընդդիմություն ենք, որի նպատակը ոչ թե ժողովրդի ու պետության շահն է, այլ անթաքույց իշխանամոլությունը: Նույնկերպ մենք մշտապես համարել եւ այսուհետեւ եւս համարելու ենք, որ Հայաստանի իշխանական բուրգը ոչ-լեգիտիմ, ավազակապետական, քրեաօլիգարխիկ, թաթար-մոնղոլական համակարգ է, որն անհրաժեշտ է հիմնովին կազմաքանդել եւ արտահերթ ընտրությունների միջոցով վերականգնել երկրի սահմանադրական կարգը: Երկխոսությունը մեզ համար ոչ այլ ինչ է, եթե ոչ իշխանության եւ ընդդիմության փոխըմբռնման ճանապարհով երկրի աղետալի վիճակից դուրս գալու լավագույն հնարավորություն. ուրիշ ոչինչ: Մնացյալը սեւ կատու է, որը ոմանք զուր փնտրում են մութ սենյակում», ասաց Տեր-Պետրոսյանը, նշելով, որ առաջիկա օրերին իշխանության հետ երկխոսելու համար կորոշեն պատվիրակության կազմը, որը բաղկացած կլինի 35 հոգուց, եւ իշխանությանը կներկայացնեն երկխոսության օրակարգը եւ նախ` արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացում: Բայց դա չի նշանակում, թե չպետք է հաշվի առվեն նաեւ իշխանության ներկայացրած օրակարգն ու հակաառաջարկները, այլապես կխախտվի կողմերի իրավահավասարությունը: Տեր-Պետրոսյանի ելոիւյթն ամբողջությամբ տես «Ազգ-օնլայնում» :