«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#97, 2011-05-28 | #98, 2011-05-31 | #99, 2011-06-01


ԵՎՐՈՆԵՍԹՈՒՄ ՎՏԱՆԳԸ ՄԻԱՅՆ ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԼԵԶՎԱԿՌԻՎԸ ՉԷ

Մոտ մեկուկես տարի տեւած բանավեճերից հետո Բրյուսելում ի վերջո տեղի է ունեցել Եվրոնեսթի խորհրդարանական վեհաժողովի հիմնադիր նիստը: Եվրոնեսթում հայաստանյան պատվիրակությունն առաջարկել էր այդ նիստն անցկացնել սեպտեմբերի երկրորդ կեսին Երեւանում: Սակայն ադրբեջանական պատվիրակությունը բողոքի նամակ էր հղել Եվրոնեսթի բյուրոյին: Եվրոնեսթում հայաստանյան պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանը երեկ հրավիրած ասուլիսում հայտարարեց, որ Ադրբեջանի պատվիրակության ղեկավարի թշնամանքով եւ անհիմն մեղադրանքներով լի նամակը նշմար է, որ տարբեր երկրների ազգային շահերին առնչվող հիմնախնդիրներ կընդգրկվեն Եվրոնեսթի լիագումար նիստերի եւ հանձնաժողովների օրակարգերում: Բնականաբար` ադրբեջանական պատվիրակությունը եւս կօգտագործի միջազգային այս կազմակերպության ամբիոնըՙ այնտեղ եւս կռվելով Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմ: Այնպես որ` այս կառույցում հայաստանյան պատվիրակությունը շատ անելիք ունի: Հունիսի 28-ին տեղի կունենա Եվրոնեսթի բյուրոյի նիստը, որին կմասնակցի նաեւ հայաստանյան խորհրդարանական պատվիրակությունը: Երեկ Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցավ Եվրոնեսթի հայաստանյան պատվիրակության համակարգող խորհրդի նիստը, որին նաեւ մասնակցում էին ներկայացուցիչներ ՀԿ սեկտորից: Եվրոնեսթի փոխնախագահ Վ. Հովհաննիսյանի խոսքով` Եվրոնեսթի ԽՎ-ում ընդդիմության ներգրավվածության առումով հայաստանյան պատվիրակությունը շահեկանորեն տարբերվում է մասնակից պետությունների պատվիրակություններից`10 ներկայացուցիչներից 3-ը ընդդիմադիր պատգամավորներ են, ընդդիմադիր է նաեւ պատվիրակության ղեկավարը: Այս երեւույթը բարձր են գնահատում եվրոպական կառույցները: Ըստ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկատվության` ԱԺ պատվիրակության ղեկավարը նիստի ժամանակ նկատել է, թե անցել է միայն հայտարարություններով եվրոինտեգրման մասին փաստելու ժամանակաշրջանը, եւ եվրոպական արժեքների, մասնավորապես ժողովրդավարության խնդիրները առաջնային պետք է լինեն բոլորիս համար, մեր երկրում այդ ուղղու

թյամբ պետք է արձանագրվեն առաջընթաց քայլեր: Վ. Հովհաննիսյանի խոսքից պարզ է դարձել, որ պատվիրակությունը որոշել է լայնորեն համագործակցել հասարակական սեկտորի հետ: Իսկ երեկվա հանդիպման նպատակն է եղել մշակել եւ առաջարկներով համատեղել հետագա քայլերը, որպեսզի հայաստանյան պատվիրակությունն ավելի կազմակերպված հանդես գա Եվրոնեսթում. «Ի վերջո հստակ է, որ այս պատվիրակության ստեղծումով, մեր աշխատանքով մենք ստեղծում ենք այն նախադրյալները, որ երկրում կայացվող որոշումներն ավելի բյուրեղանան այս առումով, որովհետեւ մեր վիճակը բավականին բարդ է: Եվրոնեսթը շատ վտանգների առջեւ է կանգնած, եւ այդ վտանգները միայն հայ-ադրբեջանական լեզվակռիվը չեն, որ կարող են ամեն ինչը փակուղի տանել կամ այլ տարածքային պրոբլեմներ ունեցող երկրների էմոցիոնալ վերաբերմունքը չէ միայն: Սա կարող է դառնալ շատ լուրջ հակառուսական պրոյեկտ, որը մեզ ձեռք չի տալիս: Մենք պետք է կարողանանք մեր ներկայությամբ այնտեղ փորձել մեր ուժերով հնարավորինս պահել հավասարակշռությունը, որովհետեւ ի վերջո մենք ներկայացնում ենք մեր Ազգային ժողովը, ուրեմն մեր բնակչությանն ու մեր ժողովրդին», ասել է Վ. Հովհաննիսյանը:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4