Այս պատմության մեջ ամենակարեւորը թերեւս այն է, որ Լոնգ Այլենդի (Նյու-Յորք) առափնյա մի տան ձեղնահարկում հայտնաբերվել են ազգությամբ հայ գեղանկարչի` Արթուր Փինաջյանի գործերը: Այս նկարիչը շուրջ 2 տասնամյակ անհայտ է եղել ամերիկյան հասարակությանը: Նյու Ջերսիում, ուր ապաստանել էր նրա ընտանիքը Մեծ եղեռնից հետո, իսկ հետո նաեւ Նյու Յորքում, նրան ճանաչում էին իբրեւ համեստ, սիրող ծաղրանկարչի, որը ոչնչով աչքի չէր ընկնում: Ապրել է չամուսնացած քրոջ հետ, լուռումունջ տրվելով իր արվեստին, չակնկալելով ճանաչում ու փառք, իսկ մահից առաջ նույնիսկ խնդրել է քրոջը դեն նետել իր բոլոր կտավները: Բայց Արմեն անունով քույրը նրա խնդրանքը չի կատարել: Քրոջ մահից հետո աշխարհին «Apocalypse 2012» գրքով հայտնի Լոուրենս Ջոզեֆը ճակատագրի քմահաճույքով որոշում է գնել հենց Փինաջյանի տունը: Հենց այդ ժամանակ էլ հայտնաբերվել են բարձրարվեստ գեղանկարները, որոնք ամերիկյան տեսաբանները իսկույն հռչակեցին իբրեւ հայտնություն ամերիկյան արվեստի եւ 21-րդ դարի համար:
Այս ամենը եղել է 2 տարի առաջ, բայց մինչ օրս ոչ ամերիկահայ, ոչ էլ այլ համայնքներում ու Հայաստանում քչերն են տեղյակ նկարչի եւ նրա արվեստի մասին:
Այս առումով Բըրբանկի (Լոս Անջելես) Սուրբ Ղեւոնդ մայր տաճարի «Զորյան» թանգարանում բացված ցուցահանդեսն անակնկալ էր տեղի արվեստասեր հասարակության համար:
Ամերիկացի ճանաչված տեսաբան պրոֆեսոր Վիլյամ Հոմերը Արթուր Փինաջյանի արվեստը համեմատում է Գոգենի, Սեզանի, Արշիլ Գորկու ստեղծագործությունների հետ: Ինչպես Արշիլ Գորկին, Արթուր Փինաջյանն էլ ստեղծագործում է աբստրակտ իմպրեսիոնիզմի ոգով ու ոճով` առաջին պլան մղելով գույնի ու երանգի լեզուն, պատկերային ձեւերն ու ուրվագծերը ենթարկելով դրանց: Պարզ, անխառն գույները զարմանալի հնչողություն ունեն, դրանք ասես ջերմություն ու լույս են ճառագում, ներթափանցում դիտողի հոգու մեջ: Արվեստի ամերիկացի տեսաբանների հիացմունքին արժանացած Արթուր Փինաջյանի արվեստը, անկասկած, աբստրակցիոնիզմի, իմպրեսիոնիզմի տարրերից զատ կրում է նաեւ հայկականության ոգին: Նկարիչը ծնվել ու մեծացել է Ամերիկայի հայկական միջավայրում, եւ իր գեներում, անշուշտ, կրել է նաեւ ցեղի հիշողությունը: Բայց թե հատկապես որն է հայկականության տարրը նրա աշխատանքներում, դա արդեն արվեստի հայ տեսաբանների քննելիքն է:
Արթուր Փինաջյանի նկարների ցուցադրությանը ներկա էր նաեւ Հայ եկեղեցու Մ. Նահանգների Արեւմտյան թեմի առաջնորդ Յովնան արք. Տէրտէրյանը: Ցուցահանդեսը նախաձեռնել էր Stephanies Art Gallery կազմակերպությունը: Այն կգործի մինչեւ հունիսի 19-ը: Արվեստասեր ընթերցողը Արթուր Փինաջյանի աշխատանքները կարող է դիտել Pinajianart.com ինտերնետային հասցեում: Ասենք, որ ցուցադրված 5 տասնյակ նկարներից 15-ը վաճառվեցին անմիջապես բացումից առաջ: Գեղանկարները գնահատվել են 3-65 հազար դոլարի սահմաններում:
ԴԻԱՆԱ ԴԱՆԻԵԼՅԱՆ, Լոս Անջելես