Առաջիկայում հավաքականում համալրումներ են սպասվում
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը երեկ սկսեց նախապատրաստությունը հունիսի 4-ին Սանկտ Պետերբուրգի «Պետրովսկի» մարզադաշտում Ռուսաստանի հավաքականի հետ կայանալիք ընտրական մրցախաղին, որը կսկսվի Երեւանի ժամանակով ժամը 20-ին: Մեր հավաքականը գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի գլխավորությամբ հանգրվանել է Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզաբազայում: Երեկ երեկոյան հավաքականի ֆուտբոլիստներն առաջին մարզումն անցկացրին: Ուսումնամարզական հավաքը կշարունակվի մինչեւ հունիսի 2-ը, իսկ հաջորդ օրը մեր ֆուտբոլային պատվիրակությունը կմեկնի Սանկտ Պետերբուրգ:
Եվրո-2012-ի ընտրական մրցաշարի առաջիկա հանդիպմանը նախապատրաստվում են ազգային հավաքականի 21 ֆուտբոլիստներ: Դատելով պարապմունքներին մասնակցող ֆուտբոլիստների ցանկից, այս անգամ մարզիչներին հաջողվել է հրավիրել թերեւս բոլոր ուժեղագույններին: Ճիշտ է, ցուցակում ընդգրկված չէ «Միկայի» հարձակվող Նարեկ Բեգլարյանը, որն իրեն ընթացիկ մրցաշրջանում հիանալի է դրսեւորել երկրի գավաթի եւ առաջնության հանդիպումներում: Նարեկին Վարդան Մինասյանը մտադիր էր հրավիրել վերջերս անցկացված երկօրյա ուսումնամարզական հավաքին, սակայն վնասվածքի պատճառով «Միկայի» ֆուտբոլիստը չկարողացավ մասնակցել մարզումներին: Ամեն դեպքում կարծում ենք, որ Բեգլարյանն առաջիկայում կհրավիրվի հավաքական, եթե շարունակի նույն ագրեսիվությամբ եւ արդյունավետությամբ հանդես գալ: Մասնավորապես օգոստոսի 10-ին Հայաստանի հավաքականը ընկերական հանդիպում է անցկացնելու լիտվացիների հետ ու այդ խաղում կարելի է փորձարկել Նարեկ Բեգլարյանին եւ մյուս նորեկներին:
Իսկ այժմ ներկայացնենք հավաքականի կազմը: Ինչպես նախորդ հավաքներին, այս անգամ էլ դարպասապահներից հրավիրվել են Ռոման Բերեզովսկին եւ «Բանանցի» դարպասի պահապան Ստեփան Ղազարյանը: Կասկածից վեր է, որ մեր հավաքականի դարպասի պաշտպանությունը վստահվելու է Ռոման Բերեզովսկուն: Ճիշտ է, մեջքի ցավերն անհանգստացնում են Ռոմանին, որի պատճառով նա չմասնակցեց «Խիմկիի» վերջին երկու հանդիպումներին: Սակայն Բերեզովսկին նշել է, որ Ռուսաստանի հետ խաղին պատրաստ կլինի:
Պաշտպանական գծում հավաքականի հիմնական խաղացողներն են 38-ամյա ավագ Սարգիս Հովսեփյանը, Ռոբերտ Արզումանյանը, Հրայր Մկոյանն ու Արտակ Եդիգարյանը: Նախորդ խաղում նշվածներից առաջին երեքը հավաքականի հիմնական կազմում էին, իսկ ձախ պաշտպանի գոտում ազգային ընտրանում հանդես եկավ Լեւոն Հայրապետյանը: Վերջինս Լեհաստանի «Լեխիայի» կազմում հիմնականում մասնակցում է հանդիպումներին ու խաղային փորձի առումով խնդիրներ չպետք է ծագեն: Ճիշտ է, «Լեխիայում» Հայրապետյանը հանդես է գալիս եզրային կիսապաշտպանի գոտում, ինչն անհանգստացնում է Վարդան Մինասյանին: Նա նշել է, որ հավաքի ընթացքում կորոշեն, թե ով է հանդես գալու ձախ պաշտպանի գոտում: Բացի Հայրապետյանից, մեկնարկային կազմում ընդգրկվելուն հավակնում են նաեւ Արտակ Եդիգարյանն ու Աղվան Մկրտչյանը: Վերջինս որոշ ընդմիջումից հետո կրկին հավաքական է հրավիրվել: Պաշտպաններից հավաքին մասնակցում են նաեւ փյունիկցի Արթուր Յուզբաշյանը եւ ուլիսցի Վալերի Ալեքսանյանը: Վերջինս ռուսների հետ երեւանյան խաղին բավական երկարատեւ ընդմիջումից հետո հրավիրվել էր հավաքական:
Կիսապաշտպանական գծի խաղացողների մեջ մեծ թիվ են կազմում լեգեոնականները: Նրանց թվում են «Շախտյորի» կազմում Ուկրաինայի չեմպիոն ու գավաթակիր հռչակված Հենրիխ Մխիթարյանը, Դոնեցկի «Մետալուրգում» հանդես եկող Կառլեն Մկրտչյանը, Իրանի առաջնությանը մասնակցած Լեւոն Փաչաջյանը («Սանան նաֆթ») եւ Արտակ Եդիգարյանը («Պաս»): Այդ երկրների առաջնություններն արդեն ավարտվել են ու պետք է կարծել, որ այս քառյակը լավ մարզավիճակում է գտնվում: Ճիշտ է, Լեւոն Փաչաջյանը վնասվածքի պատճառով թիմի որոշ հանդիպումներին չի մասնակցել:
Կիսապաշտպաններից հավաքին մասնակցում են նաեւ հայաստանյան թիմերում խաղացող ֆուտբոլիստներՙ ուլիսցի Արտակ Գրիգորյանը, «Բանանցի» խաղացող Արտակ Դաշյանը:
Հարձակվողներից հավաքական են հրավիրվել փյունիկցիներ Մարկոս Պիզելին, Գեւորգ Ղազարյանն ու Էդգար Մանուչարյանը, «Կրասնոդարում» հանդես եկող Յուրա Մովսիսյանը եւ «Իմպուլսի» ֆուտբոլիստ Զավեն Բադոյանը:
Ֆուտբոլասերներին կհետաքրքրի Արազ Օզբիլիսի ՀՀ հավաքականում հանդես գալու հարցը: Նշենք, որ այս հարցում առայժմ պարզություն չկա: Օզբիլիսը հույս ունի հրավեր ստանալ Հոլանդիայի հավաքականից, ուստի չի շտապում ընդունել Հայաստանի հրավերը: Այս առնչությամբ Վարդան Մինասյանը լավատես է: Նա գտնում է, որ Օզբիլիսը վաղ թե ուշ կհամաձայնվի հանդես գալ Հայաստանի հավաքականում:
Ի դեպ, հավաքականի գլխավոր մարզիչը մտադիր է առաջիկայում նոր ֆուտբոլիստներ հրավիրել արտերկրից: Նրա տեսադաշտում են Յարոսլավլի «Շիննիկի» 24-ամյա հարձակվող Արթուր Սարկիսովը, «Ուրալի» խաղացողներ, 26-ամյա Դենիս Թումասյանն ու 27-ամյա Նիկոլայ Սաֆրոնիդին: Վարդան Մինասյանը մտադիր է հունիսի 14-ին Յարոսլավլում ներկա գտնվել «Շիննիկ»-«Ուրալ» հանդիպմանն ու անձամբ ծանոթանալ նշված ֆուտբոլիստների խաղային ունակություններին: