Երբ զրույցների ժամանակ Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանին փորձում են համոզել, որ Երեւանն էլ պետք է ունենա բարձրահարկ շենքեր եւ օրինակ են բերում նյույորքյան երկնաքերները կամ Դուբայի բարձրահարկ շենքերը, ճարտարապետը հերթական անգամ հիշեցնում է, որ Երեւանը սեյսմիկ տարածաշրջանում է: Կրկնվող երկրաշարժերի պատմությունն արդեն ապացուցել է, որ 100 տարին մեկ Երեւանում ուժեղ ցնցումներ են գրանցվում: Թեպետ Սպիտակի երկրաշարժից անցել է 20 տարի, սակայն ողբերգությունից ո՛չ քաղաքային իշխանությունները, ո՛չ էլ բիզնեսմենները եզրակացություններ չարեցին:
«Պետք է գիտակցենք, որ Երեւանը Ճապոնիա չէ: Ճապոնիայի բարձրահարկ շենքերը խիստ հսկողության տակ են: Վերջին երկրաշարժի ժամանակ էլ բարձրահարկ շենքերի մեծ մասը պահպանվեց: Մինչդեռ Հայաստանում բարձրահարկ շենքերի հսկողությունը շատ քիչ է: Կառույցների խտությունը մեծ է: Օգտագործված տեխնոլոգիան այնպիսին է, որ եթե նույնիսկ շենքի կարկասը մնա, խտության ժամանակ եզրերը փակող նյութերը կթափվեն, եւ կստեղծվի մի վիճակ, երբ փրկարարները չեն կարողանա մոտենալ` մարդկանց տարհանելու համար», «Ազգ» -ի հետ զրույցում ասում է Մկրտիչ Մինասյանը :
Մայրաքաղաքի հատկապես կենտրոնում խտությունը շատ մեծ է: «Այդ խտությունը սովորական պայմաններում էլ է նկատվում: Երեւանն անընդհատ վատ ռեժիմի մեջ է: Պատճառն այն է, որ խտությունը որոշ հատվածում խիստ կենտրոնացած է: Հատկապես սարսափելի է Թումանյան-Հանրապետության հրապարակ-Հյուսիսային պողոտա հատվածի շենքերի խտությունը: Ներդնողները ցանկանում են հենց Հանրապետության հրապարակի հարեւանությամբ բնակելի շենքեր կառուցել, որովհետեւ այստեղ գները բարձր են: Սակայն պետությունը նրա համար է, որ այդ ներդնողներին բացատրի, որ ինքն ունի նաեւ քաղաքի այլ հատվածներ, եւ առաջարկի այնտեղ ծավալել շինարարություն»:
Ինչպես յուրաքանչյուր երկրում, Հայաստանում էլ կան սահմանված քաղաքաշինական չափանիշներ, թե քաղաքի որ հատվածում ինչպիսի հեռավորության եւ ինչ բարձրության վրա պետք է կառուցվեն բարձրահարկ շենքերը: Սակայն մի քանի տարի առաջ մեկնարկած հախուռն շինարարության ժամանակ բոլոր օրենքները անտեսվեցին:
Եթե բարձրահարկ շենք է, ապա դիմացի շենքից իր բարձրության մեկուկես չափով պետք է հեռու լինի: Եթե կողքի շենք է, ապա պետք է 10-12 մետր հեռու լինի, որպեսզի ապահովի լույսի, օդի պահանջվող չափաքանակը: Սակայն Երեւանում նորակառույցներ կան, ուր անգամ 6 մետր հեռավորությունը պահած չէ:
«Այս պարագայում քաղաքային իշխանությունները պետք է տարածքի սեփականատերերին պարտադրեն, որ տարածքի 40 տոկոսը միայն կառուցապատեն, որպեսզի շենքը ողջ տարածքով նստած չլինի: Մեզ մոտ դրանք չեն պահվում: Նրանք, ովքեր կառուցում են շենքեր, հսկայական կարողությունների տեր մարդիկ են, լծակներ ունեն` ստիպելու գլխավոր ճարտարապետին, քաղաքապետինՙ օրենքի կետերը խախտելու եւ անգամ անօրինական կառույցներ ստեղծելու»:
Օրենքով արգելվում է դպրոցի հարեւանությամբ բարձրահարկ շենքեր կառուցել, սակայն կարելի է քայլել Երեւանի փողոցներով եւ համոզվել, որ կենտրոնում գտնվող միջնակարգ դպրոցները շրջապատված են բարձրահարկերով:
«Կան բացարձակ նորմեր, որոնք չի կարելի խախտել: Դրանցից մեկն էլ վերաբերում է դպրոցների եւ բարձրահարկերի միջեւ հեռավորությանը: Սարյանի փողոցի դպրոցի հարեւանությամբ վեր խոյացող բարձրահարկն անգամ փակել է կրթական հաստատության մի քանի լուսամուտներն, ու դասարանները զրկվել են լույսից»:
Ճարտարապետը նշում է, որ վտանգի տակ է Սարի թաղի սարահարթը: Վտանգավոր են հատկապես այն բարձրահարկերը, որոնք կառուցվել են կիրճի եզրին: Երկրաշարժերի ժամանակ առաջին հարվածը հենց այդ շենքերը կկրեն:
Մինասյանը հիշում է, որ Սպիտակի երկրաշարժից հետո անգամ օրենք ընդունվեց, ըստ որի արգելվում էր 9 հարկից բարձր շենք կառուցել: «Բայց հետո այդ որոշումը մոռացանք, որովհետեւ բարձրահարկ շենքերը տալիս են ավելի շատ եկամուտ: Եղան դեպքեր, երբ հաստատված 9-հարկանիի նախագիծը ընթացքում դարձավ 12: Զարմանում եմ, որ սխալներից դասեր չենք քաղում»:
Մինասյանի գնահատմամբ` վտանգավոր են հատկապես այն շենքերը, որոնք կառուցվել են խորհրդային տարիներին ու նախատեսված են 7-բալանոց երկրաշարժի համար: Դրանք հիմնականում կենտրոնում կառուցված շենքերն են, որոնք 50 տարի շահագործվել են առանց հիմնանորոգման եւ այսօր խոցելի են:
«Շենքերն անողոք շահագործում ենք, չենք վերանորոգում, ամրացնում: Եվ մի օր 3-4 բալանոց երկրաշարժից այդ շենքերը փուլ կգան: Բացի դրանիցՙ շենքերի նկուղային հարկերն առանց ամրացնելու օգտագործում են, բետոնե ձեղնահարկեր կառուցում, որը հսկայական ծանրություն է տալիս առանց այդ էլ մի կերպ կանգուն մնացող շենքին: Փաստորեն մենք մեր ձեռքով դառնում ենք մեր գերեզմանափորը, հաշվի չառնելով, որ անփութությունն ու շահամոլությունը կարող են շատերի մահվան պատճառ դառնալ»:
Մինասյանն ընդգծում է, որ շենքերի խտության պատճառով հատկապես մեծ է հրդեհների վտանգը:
«Քաղաքային իշխանությունների ավելի քան 10 տարվա ամենաթողության հետեւանքով շենք սարքելու մոլուցքը բերեց նրան, որ բակերի հիմնական մուտքերը փոքրացան, այսօր բակ դժվարությամբ են մտնում անգամ փոքր մեքենաները, ուր մնացՙ հրշեջ մեքենաները: Դա էր պատճառը, որ անցյալ տարի «Պոնչիկանոցի» հարեւանությամբ բռնկված հրդեհը տարածվեց ամբողջ բակով: Շենքերը համարյա իրար կպած էին, բակն էլ շատ փոքր էր, եւ միանգամից մի քանի հրշեջ մեքենա չէր կարող աշխատել»:
Մինասյանը հավելում է, որ քաղաքի տեսքն այսօր քիչ թե շատ, մի կերպ ու բազմաթիվ վերապահումներով գոնե տանելի է: Այսօր արդեն մայրաքաղաքի սեյսմակայունությունը վտանգված է, վաղը Երեւանում հնարավոր չի լինի երթեւեկել, քայլել ու շնչել: Միակ ելքը` Երեւանն այլեւս շինհրապարակ չօգտագործել:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ