«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#98, 2011-05-31 | #99, 2011-06-01 | #100, 2011-06-02


ՍԵԴԱ ՎԵՐՄԻՇԵՎԱՅԻ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆԸ

«Վերադարձ դեպի ինձ» հատընտիրը Սեդա Վերմիշեւայի (մայրենի լեզվով թարգմանած) դարձն է իր ինքնության արմատներին: Բանաստեղծուհին ժողովածուից ժողովածու կրկնում է դարձը դեպի իր էությունը, որը յուրաքանչյուր անգամ նոր հայտնության սկիզբ է: Նա խոսում է կրկին, բայց ոչ նորից:

Դարձի ռիթմերը հաստատուն են, որովհետեւ բանաստեղծուհին միշտ միեւնույն ցավի կետից է սկսում ինքնաորոնումը եւ ավարտում գրեթե միեւնույն` անփոփոխ ցավի կետում: Սկզբի եւ ավարտի միջեւ ձգվում է հոգու դրաման, եւ բանաստեղծուհին հրաժարվում է «վարագույրից». ցավը մնում է մերկ ու անավարտ: Մեր առջեւ տեսանելի է, պայմանականորեն ասած` հոգու բեմը (հոգու տարածքը):

Ամեն մի բանաստեղծություն իրենով շարունակում է դրաման: Կառուցվածքային տեսանկյունից հոգեկան ապրումների երեւակումը տարբերակային է, իսկ բուն դրաման միասնական է ու անկրկնելի:

Սեդա Վերմիշեւայի պոեզիան ոչ թե ներկայացնում է դրամա, այլ ներկայանում է որպես դրամա: Նրանում, ինչպես կավը, եփվում, թրծվում է ցավը եւ, մի տեսակ, առարկայանում: Ցավը տնտեսել է տալիս բանաստեղծական «տարածքը», «հաշվարկել» բառերը, սեղմել պատկերները եւ ընդգծել ինքնաորոնումի պոեզիայի ենթատեքստը: Մենք այն տպավորությունն ենք ստանում, որ Ս. Վերմիշեւայի բանաստեղծությունն անավարտ է ոչ միայն վերջում, այլեւ... սկզբում: Ասել է, թե այդ սկիզբը նախադիր այլ սկիզբներ ունի, որոնք հաղորդվում են նախորդ ժողովածուներից` վկայելով ապրում-զգացմունքի մշտատեւության ու սեւեռումի մասին: Մենք, այսպիսով, կարող ենք խոսել Ս. Վերմիշեւայի պոեզիայի «անսկիզբ» սկզբի բարդ բանարվեստի մասին:

Կար ժամանակ, երբ մեզանում եւս բանաստեղծությունը պաթոսից անբաժան էր, իսկ Ս. Վերմիշեւան տեղ չտվեց այդ ախտանիշին: Բանաստեղծուհին ընտրեց այն Սկիզբը, որ բնորոշ է ինքն իրեն հասցեագրված քնարական նամակին, ասել է, թե` մենախոսությանը: Բանաստեղծությունը հոգու ներքին շերտերից է լույս աշխարհ գալիս` Ս.Վերմիշեւայի պարագայում` դեռ թանաքը չչորացած: Նրա պոեզիան գրված է ոչ հաղորդելու, այլ հաղորդության համար: Հոգու շարժումը միշտ վերածվում է շրջապտույտի. ներդաշնության պայմանը դառնում է ցավի «սառեցումը»:

Վերմիշեւան սրտագրում է տողերով, եւ մատների դողը տողերին տալիս է նույն այն բեկուն պատկերը, ինչպիսին իրականում կա սրտագրական թղթին: Եվ, բնականորեն, անթաքույց է նաեւ ջղաձիգ ռիթմը:

Բանաստեղծության ձեւը «հոգեկան հարկի» գծանկար է: Բովանդակության եւ ձեւի առումով Ս. Վերմիշեւայի բանաստեղծության մեջ առանձնահատուկ ոչինչ չես տարբերակի. միավորները միասնական եւ անանջատ են: Հոգեկան պոռթկումը միասնականացնում է կառուցվածքը, ջնջում պոետիկական հյուսվածքի պատրանքը:

Ս. Վերմիշեւան «սրտի հիվանդության» ճիշտ «ախտորոշումով» շատերին է բուժում: Նրա պոեզիայում տեր-տիրական են մաքուր զգացմունք-ապրումները, որոնք դառնում են ժողովածուների միավորման հիմքը: Զգացմունքն է, որ ժողովածուները միավորում է մեկ Ձայնի մեջ: Դա հոգու ցավին Խաչվածի ձայնն է:

Խաչելություն` բառերով, որին հաջորդում է հառնումի խաբկանքը:

Սիրո պատարագը հնչում է մաքուր, եւ առանց միստիկ անորոշության: Վերմիշեւայի բանաստեղծությունը «աշխարհիկ է», նրանում չկան ոչ հստակ ապրումներ, կիսատ մտքեր: Բնորոշը լիասությունն է: Բանաստեղծուհին ոչինչ չի զիջում բառի հպարտությունից, բառի դասական կերպից: Թեկուզ հոգու խոնարհ պահին` բառը հպարտ է: Ապրումը լիարժեք է, ինչը տանում է դեպի սիրտն ու հոգին իրար կապող ճշմարտության խորքը:

Ս. Վերմիշեւան Հայաստանի երգիչ է. դիմում է նրան ու խնդրում, որ իր հոգին «բարձր ճախրանքից» տուն բերի.

Երկիր իմ, Դու ետ բեր նրան տուն, Նա քեզ հետ պիտի լացի ու Պտտվի... («Կապույտ է մթնշաղը»):

Ոգու հետկանչի աղոթասացությունը խոր ապրումների հետեւանք է: Հոգին պետք է օդեղեն սավառնումներից հետ գա, ձուլվի հայրենիքին, միայն այս կերպ իր թռիչքն ունենա: Բանաստեղծուհին հայրենիքի կերպարի մեջ է ինքնադարձ:

Ի վերջո, Սեդա Վերմիշեւան ելնում է շարժման սկզբի եւ հեռապատկերի միասնությունից: Վրա է հասնում քարի մեջ թաղված լինելու ցանկությունը, որը հավերժի դեմ ընդվզումի հայտ է:

Սեդա Վերմիշեւայի բնապատկերը ժլատ է. նա գրաֆիկի հայացքով է դիտում բնությունը, որսում է շատը, «արձանագրում» քիչը, նայած, թե բնությունը ինչ հետք է թողնում նրա ներաշխարհում:

Նա քամում է գույնը, գիծը, եւ «տեղադրում» բանաստեղծության մեջ` ըստ ներքին թելադրանքի: Բանաստեղծությունը հարուստ է հոգեբանական ու գեղարվեստական դադարներով, որոնք եւ դառնում են կառուցվածքի հիմնատարրերը: Վերմիշեւան գրում է միշտ էլ արդիականորեն: Նրա պոեզիան շնչում է ժամանակի հետ միասին:

Ճակատագրի նշանով բառի որոնումը

«Խռովահույզ քնքշություն» ժողովածուի բանաստեղծություններից մեկը («Гневаюсь ли...») Ս. Վերմիշեւային կապում է բլոկյան ակունքների հետ.

Զայրանում եմ արդյոք, Գանգատվում, Լալիս եմ, Աղոթում Ռուսաստանի համար, Հիսուսը Երեւում է Երկնքում...

Երկրում տուն տանող ճանապարհ չկա, թեեւ երկիր-Քրիստոս զուգահեռը պետք է, որ բոլորին սեր ու գութ, տուն ու ծածկ ապահովի: Սակայն Ս.Վերմիշեւայի համար երկիր-Քրիստոս համեմատությունը խոր դրամատիկական ընկալման հետ է կապված: Նման համեմատությունը բավական է զգալու ռուսական երկիրն ամբողջությամբ` «մարմնով» ու «հոգով»: Նույնիսկ բնապատկերները փոխաբերական դաշտում են, թեեւ Ս. Վերմիշեւան իրական ապրումի, ճշգրիտ ռիթմի բանաստեղծ է: Սակայն նա ռեալությունը ենթատեքստում վերափոխում է փոխաբերականացված ռեալության: Տեքստն ու ենթատեքստը ներթափանցված են: Դասականն ու արդիականը տալիս են այդ հնարավորությունը: Կարդում ես Ս. Վերմիշեւայի բանաստեղծությունը եւ զգում ես` որքա՜ն զուսպ են հույզերը, բայց եւ որքան խորն ու «ընդհատակյա»:

Ս. Վերմիշեւան նպատակ չունի արտաքինից կերպավորելու Ռուսաստանը: Ներքին կերպավորումը (Քրիստոս-Ռուսաստան) շարունակվում է աննկատ, աստիճան առ աստիճան: Բանաստեղծուհու խոհը առարկայական է: «Աղոթքն» ու «ներումը» անմիջական են, ոչնչով չեն առանձնանում բառերի ռիթմիկ տարածքում: Սկսած Դոստոեւսկուց, «ներումն» ու «աղոթքը» միասին են «դատարկ ճանապարհի», «ցրտի», «սառույցից սառն ճառագայթների», «ամենուր խավարի» հետ:

Ալ. Բլոկը հեղափոխության մեջ տեսնում էր Քրիստոսին: Ս. Վերմիշեւան Քրիստոսին որոնում-տեսնում է Ռուսաստան-երկրի մեջ: Փրկչի որոնումը տարակերպ է: Վերմիշեւան անձնականացնում է երկիրը, նրա «մարմնում» տեսնում փրկչական հոգի: Նման զգացումը տիպական է Դոստոեւսկու, Տոլստոյի, Բլոկի գրականության համար: Նրանց երկերում ոչ թե խաչելության գնացող, այլ կենդանի Քրիստոսն է: Քրիստոսի էությունը խոսքի միջոցով անցել է Ս.Վերմիշեւային: Միայն խոսքի՞ միջոցով: Կավելացնեինք` ռուսական տափաստանի, ցրտի, խավարի, լույսի միջոցով: Տափաստանը կենդանի հոգի ունի, Քրիստոսի պես հպումով կարող է բուժել: Ս.Վերմիշեւան ունկնդիր է երկրի արյան տրոփին, զարկերակի բաբախին: Ցավը վառում է նրա շապիկը: Սա հրաշալի պատկեր է: Եկեք հիշենք «կրակե շապիկ» արտահայտությունը: Երկրի սերն ու տառապանքն են ծնում «կրակե շապիկ» պատկերը:

Բանաստեղծությունը, խոսքը եւս «կրակե շապիկ» են, երբ բանաստեղծը երկրի տառապանքի իր բաժինն է վերցնում: Ս.Վերմիշեւան պահպանում է Ալ. Բլոկի, Պաստեռնակի պոեզիայի` հայրենիքի ճակատագրի եւ անձնական ճակատագրի նույնականության լարված զգացողությունը` ներկա ժամանակի կամերային ու արտիստիկ խոսքի հատկանիշներով: Բանաստեղծուհին տիրում է մեր անհանգիստ դարի ռիթմին, շրջանցելով առիթմիան: Նա գտել է պոեզիայի հոգին, որը նույնանում է Ռուսաստանի հոգու հետ, երբ ինքն է ստեղծագործում: Ս. Վերմիշեւան հեռու է միստիկ տեսիլից. կենդանագրում է հոգու շարժումը` չմոռանալով գոյի իրեղենությունը: Ռուսաստան-Քրիստոս միավորումը մեզ հուշում է, որ բանաստեղծուհին ի մի է բերում Ռուսաստան երկրում ապրող բոլոր մարդկանց անհատական հոգիները եւ ստանում հավաքական անտրոհելի արժեք: Ահա թե ինչպես Աստված «երեւում է լուսամուտից»:

Ռուսաստան երկիրը, ըստ Վերմիշեւայի, հոգեկանով օժտված, զգացող էակ է, որի «մարմինը» կերտված է «մտածող նյութով»:

***

Երկիրը ձգում է իր խորքով: Վերմիշեւայի պոեզիան ծնունդ է առնում խորքից: Կանչողը խաչվածի ձայնն է: Բանաստեղծության մեջ, դրա հետ մեկտեղ, լսելի է Հարության կանչը` հանգիստ տոնայնությամբ: Բայերը շատ են Ս. Վերմիշեւայի պոեզիայում:

Ս. Վերմիշեւան ստեղծագործում է կենսական բառապաշարով: Նա «կոմպոզիցիայի» մեջ է ընդգրկում միայն կենսականը: Բանաստեղծուհին խորքից է խոսում: Սակայն խորքը նրան չի անջատում, չի կանգնեցնում պաստեռնակյան խորհրդավոր հեռավորության վրա: Խորքը առաջ է բերվում: Ժեստերը փոխարինվում են բառերով:

Կցանկանայինք առանձնացնել «Բոլոր աշխարհների միջեւ» բանաստեղծությունը: Ռեքվիեմը ծավալվում է «երկնքի եւ երկնքի», «մշուշի եւ մշուշի», «իմ եւ քո» միջեւ: Բանաստեղծությունը երկրի եւ երկրի, խորքի եւ խորքի անջատվածության ողբերգության հնչումն է եւ դրանց ձգտման ու միավորման օրատորիան: Պետք է որ հաղթահարվի ներքին ողբերգությունը, սակայն բանաստեղծուհին շարժումը դանդաղեցնում է` նրա բնական ռիթմին համապատասխան: Ռիթմերը հետ են գալիս երկնքից, հատույթավորում մարդու ներքին շարժումները: Օրատորիան ողբերգությանն է հյուսում աղոթասացությունը: Անկեղծ ասած, աղոթասացության փոխարեն սեփական ճակատագրի ներքնառիթմ հաշվետվությունն է:

Կան դիմումներ երկիր-Քրիստոսին. «Ինձ հաց պարգեւիր», «Պարգեւիր ինձ բառ», «Պարգեւիր` ինչ կպատահի»:

Երեւան է գալիս վախճանաբանական տեսիլը. Ժամանակն ավարտվեց... Հարկ է շատերին ներել:

Քրիստոնեական ներման խնդրանքը երկրի ծալքերում է: Ներումը Ռուսաստանի սրտում է, որին հավատում է բանաստեղծուհին:

Երկիրը բանաստեղծուհու բոլոր զիգզագների, ինքնադատումների միջով տանում է դեպի հավասարակշռություն: Ռուսաստանի մեջ կա քրիստոսական մի ուժ, որը խղճի կշռաքարերով հավասարակշռում է ճակատագրերը: Այս զգացողությամբ Ս.Վերմիշեւան գեղարվեստորեն քննում է կոնկրետ մի կյանք ու ճակատագիր` խիղճը ոգի դարձրած երկրի «ձգողականության դաշտում»: Բանաստեղծուհին ընդառաջ է գնում ռուսական ոգու եւ ճակատագրի նշանով բառի որոնմանը:

ՆՈՐԱՅՐ ՂԱԶԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4