Ըստ «7 օր» լրատվական կայքի` Ռուսաստանի հայերի միության Սոչիի բաժանմունքում ընդլայնված նիստ է տեղի է ունեցել, որին ներկա է եղել Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Գերման Անանյանցը : Նիստի ընթացքում խոսվել է Լազարեւսկի շրջանի Վոլկոնկա ավանում տեղադրված զորավար Անդրանիկի հուշարձանի կազմաքանդման հարցի մասին: Անանյանցը հայտնել է, որ Ռուսաստանի հայերի միության Լազարեւսկի շրջանի ղեկավարությունը հրաժարական է տվելՙ ընդունելով իր մեղքը Անդրանիկի արձանի կազմաքանդման հարցում: Ըստ Գ. Անանյանցի` շուտով հուշարձանը կտեղադրվի Ադլերում: Նիստին պետք է ներկա լիներ նաեւ միության նախագահ Արա Աբրահամյանը, որ նախօրեին աշխատանքային այցով գտնվում էր Երեւանում, սակայն նա չի մասնակցել: Ավելի վաղ տեղի ունեցածի մասին լսելուց հետո Արա Աբրահամյանն ասել էր, թե այդ խայտառակության մասին առաջին անգամ է լսում. «Հենց վերադառնամ, անձամբ կպարզեմ տեղի ունեցածը, եւ եթե տեղեկությունն իրականությանը համապատասխանում է, ապա կկայացվեն ամենաարմատական որոշումները»: Զորավար Անդրանիկի արձանի կազմաքանդման վերաբերյալ իրենց վրդովմունքն են հայտնել նաեւ Ռուսաստանի հարավում Հայաստանի գլխավոր հյուպատոս Արարատ Գոմցյանը , ՀՅԴ եւ «Ժառանգություն» կուսակցությունների ներկայացուցիչները, ինչպես նաեւ Ռուսաստանի ջավախահայերի ու համշենահայերի համայնքների ղեկավարները: