Բացառված չէ, որ պրոֆեսիոնալ ռինգում առայժմ անպարտելի առաջին կիսաթեթեւքաշային բռնցքամարտիկ Ալեքսանդր Բախտինն իր հաջորդ մենամարտն անցկացնի քաշային երկու կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Վախթանգ Դարչինյանի հետ: Այս մասին հայտարարել է Բախտինի մարզիչ Ալեքսանդր Զիմինը: Վերջինս հայտնել է, որ Բախտինի մենեջեր Վլադիմիր Խրյունովն իրեն ասել է, որ սեպտեմբերին ծրագրել է մենամարտ Վախթանգ Դարչինյանի հետ: Սակայն դեռեւս պարզ չէ, թե այդ մենամարտը երբ եւ որտեղ կանցկացվի:
Մարզչի կարծիքով, Դարչինյանի հետ մենամարտն իր սանի համար հիանալի փորձություն կլինի. «Հոգեբանորեն շատ ես հոգնում այն մենամարտերից, որոնցում հաղթանակը չի բարձրացնում բռնցքամարտիկի վարկանիշը: Ուստի Ալեքսանդրին հարկավոր է այնպիսի բռնցքամարտիկների հետ մենամարտել, որոնց հաղթելու դեպքում հնարավոր կլինի զգալիորեն բարձրացնել վարկանիշն ու իրավունք ստանալ պայքարելու չեմպիոնի տիտղոսի համար»:
Իր վերջին մենամարտը ռուսաստանցի բռնցքամարտիկն անցկացրել է մայիսի 21-ինՙ հաղթելով մեքսիկացի Խոսե Բերանսային: Հունիսի կեսերին Բախտինը կվերսկսի մարզումները: 30-ամյա բռնցքամարտիկը շահել է անցկացրած բոլոր 27 մենամարտերը: