Եթե, իհարկե, Թուրքիան հրաժարվի Գազա ուղարկել «հումանիտար» երկրորդ նավատորմիղը
Միջազգային ասպարեզում անժխտելի է քաղաքական նախաձեռնությունների նշանակությունը, իսկ սակարկությունները անխուսափելի են: Ելնելով շահախնդիր շահագրգռություններից, կարող են միջպետական սակարկությունների առարկա դառնալ ամենաաներեւակայելի խնդիրները, նույնիսկՙ «ցեղասպանություն» բառի օգտագործումը, ինչպես Մեծ եղեռնի պարագայում է:
Հունիսի 12-ին Թուրքիայի ազգային մեծ ժողովի ընտրություններն են: Այսինքնՙ երկիրը կանգնած է օրենսդիր եւ գործադիր իշխանությունների ճակատագիրը կանխորոշելու շեմին: Սակայն դա չի խանգարում Վաշինգտոնին, որ Գազա «ազատության նավատորմիղ» ուղարկելու երկրորդ փորձից հրաժարվելու դիմաց պաղեստինա-իսրայելական բանակցություններում Անկարայի միջնորդական առաքելության հետ համակերպվելու պատրաստակամություն հայտնի: Սա ինքնին սակարկելու պատրաստակամություն է:
Այդ մասին երեկ նշել է «Հյուրիեթ» թերթը: Նախքան թուրքական թերթում հրապարակված նյութի բովանդակությանն անդրադառնալը հիշեցնենք, որ «ազատության նավատորմիղի» միջոցով Գազա հումանիտար օգնություն հասցնելու Թուրքիայի առաջին փորձը անցյալ տարի ավարտվել էր «Մավի Մարմարա» նավի տախտակամածում 9 թուրք «ուղեւորի» սպանությամբ:
Միջադեպի համար Թուրքիայի պաշտոնապես ներողություն խնդրելու Անկարայի պահանջներին Իսրայելի կոշտ հակազդեցությունը հանգեցրել է թուրք-իսրայելական հարաբերությունների կտրուկ սրմանը: Խնդիրը, սակայն, սոսկ հարաբերությունների սրումը չէ, այլ Թուրքիայի միջազգային հեղինակության վտանգումն ու ինչպես տարածաշրջանում, այնպես էլ իսլամական աշխարհում առաջնորդողի դերի հավակնությունները:
Այս հավակնություններն ու վտանգված հեղինակությունը ստիպեցին Անկարային հանդես գալ հունիսի վերջերին այդ նույն «Մավի Մարմարա» նավի գլխավորած երկրորդ նավատորմիղը Գազա ուղարկելու պատրաստակամությամբ: Ի պատասխան Իսրայելն ի լուր աշխարհի հայտարարեց, որ այս անգամ խորտակելու է նավատորմիղի բոլոր նավերը: Ըստ երեւույթին Իսրայելի հայտարարությունը չափազանց լուրջ է, որ Վաշինգտոնը թուրք-իսրայելական ճգնաժամին միջամտելու կարիքն է զգացել:
«Հյուրիեթի» վկայությամբՙ Վաշինգտոնը Իսրայելի հետ «Մավի Մարմարայի» միջադեպից բխող ճգնաժամը հարթելու եւ երկրորդ նավատորմիղը Գազայի հատված ուղարկելուց հրաժարվելու դիմաց պատրաստվում է Անկարային առաջարկել միջնորդություն պաղեստինա-իսրայելական բանակցություններում, ընդ որում տանտիրոջ իրավունքով: Ենթադրվում է, որ կողմերի համաձայնության դեպքում բանակցությունները կընթանան Ստամբուլում, այսպիսով կսկզբնավորվի պաղեստինա-իսրայելական հարաբերությունների նորմալացման ստամբուլյան գործընթացը:
Որքանով է իրատեսական Վաշինգտոնի այս մտադրությունը, դժվար է կռահել: Պարզապես հայտնի է, որ անցյալ շաբաթ պետքարտուղարությունը Գազա նոր նավատորմիղ ուղարկելու մտքից հրաժարվելու հարցում փորձել է համոզել թուրքական կողմին: Համոզելու այս փորձն անգամ բավական է Գազա ուղարկելու պարագայում թուրքական երկրորդ նավատորմիղը ջրասույզ անելու Իսրայելի վճռականության մասին խոսելու համար: Ակնհայտ է, որ նավատորիմիղի խորտակումը վերջնականապես կսպառի թուրք-իսրայելական ճգնաժամը հաղթահարելու Վաշինգտոնի բոլոր հնարավորությունները, իսկ դա ինքնաբերաբար կանդրադառնա ոչ միայն թուրք-ամերիկյան հարաբերությունների, այլեւ ԱՄՆ-ի տարածաշրջանային քաղաքականության եւ դրա շարունակականության վրա, իհարկեՙ Թուրքիայի ծառայություններից օգտվելու առումով:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ