«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#100, 2011-06-02 | #101, 2011-06-03 | #102, 2011-06-04


Ի՞ՆՉ Է ԽՆԴՐԵԼ ՄԱՄԵԴՅԱՐՈՎԸ

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայությունը տարածել է բավական ուշագրավ տեղեկատվություն: Ըստ այդմՙ Վաշինգտոն կատարած աշխատանքային այցի շրջանակներում Էլմար Մամեդյարովը պաշտոնական հանդիպումներ է ունեցել ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի հանախագահ Ռոբերտ Բրադկեի, Բրուկինգի ինստիտուտի ԱՄՆ եւ Եվրոպայի կենտրոնի տնօրեն Ֆաինա Հիլլի, Կարնեգի կենտրոնի միջազգային խաղաղության հիմնադրամի Ռուսաստանի եւ Եվրոպայի հարցերով առաջատար հետազոտող Թոմաս դե Վաալի եւ Գեյմստաունի հիմնադրամի տնօրեն Գլեն Հովարդի հետ: Առաջինի հետ նա քննարկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցեր, ինչը միանգամայն բնական է:

Արտառոցն այն է, որ Ադրբեջանի ԱԳ նախարարը ոչ միայն հանդիպել է ամերիկյան փորձագիտական հանրության ներկայացուցիչների հետ, այլեւ, ինչպես ասված է պաշտոնական հաղորդագրությամբ, «մանրամասն տեղեկատվություն է տվել Ադրբեջանի կողմից տարվող անկախ քաղաքականության, տարածաշրջանային համագործակցության, հատկապես էներգետիկ փոխադրումների նախագծերում նրա դերի, ինչպես նաեւ ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացի մասին»:

Արդյոք «անկախ քաղաքականություն իրականացնող» երկրի արտգործնախարարը հաշվետո՞ւ է Միացյալ Նահանգների, թեկուզ եւ շատ ազդեցիկ, բայց, այնուամենայնիվ, փորձագիտական հանրության առջեւ: Այս նրբությունն, իհարկե, Ադրբեջանի ԱԳ նախարարությունում չեն «նկատել»: Այսինքն, չեն հասկացել, որ դրանով իրենց եւ Մամեդյարովին դնում են անհարմար վիճակում: Նա գուցե այլ նպատակով է հանդիպել Ֆաինա Հիլլին, Թոմաս դե Վաալին եւ Գլեն Հովարդին, բայց այդ մասին տեղեկատվությունը կառուցված է այնպես, որ տպավորություն է ստեղծվում, թե Էլմար Մամեդյարովի առջեւ դրված է եղել ամերկյան ոչ միայն պաշտոնական շրջանակների, այլեւ փորձագետների մոտ ամեն գնով արդարանալու խնդիր:

Սա, ըստ երեւույթին, կապված է վերջին շրջանի ոչ միանշանակ քայլերի հետ, որ ձեռնարկվեցին Ադրբեջանում: Խոսքը թերեւս «երբեք ՆԱՏՕ-ին չանդամակցելու» մասին նույն Մամեդյարովի արած հայտարարության մասին է, ինչին հետեւեց «մշտական չեզոքության» անցնելու որոշումը: Շուրջ մեկուկես տասնամյակ Միացյալ Նահանգների եւ առհասարակ արեւմտյան աշխարհի հետ «սիրախաղ» անելուց հետո, իհարկե, Ադրբեջանը բացատրություններ տալու խնդիր անպատճառ ունի: Բայց որքանո՞վ դրանք ընդունելի են ամերիկյան փորձագետների համար` դժվար է ասել:

Բայց, դատելով ամերիկյան որոշ լրատվամիջոցներում այս օրերին ԼՂ խնդրի վերաբերյալ հրապարակումների տոնայնությունից, Մամեդյարովի հանդիպումները չի կարելի լիովին ձախողված համարել: Նրան կարծես հաջողվել է գոնե տեղեկատվական մակարդակում «համախոհներ գտնել»: Իհարկե` ոչ առանց լուրջ եւ ծանրակշիռ ջանքերի, որոնց թվում, պետք է համոզված լինել, ամեւնեւին էլ երկրորդական չէին կարող լինել «Ադրբեջանի արագ աճող արտարժույթային պահուստները»:

Մամեդյարովն ամերիկյան փորձագիտական հանրության «հսկաներին» բացատրություններ է տվել նաեւ ՄԱԿ-ի ԱԽ ոչ մշտական անդամ ընտրվելու իր երկրի ցանկության թեմայով: Եվ, անշուշտ, աջակցություն է խնդրել դրա համար «բավարար մթնոլորտ ձեւավորելու հարցում»: Այդ հարցով քվեարկություն սպասվում է գալիք հոկտեմբերին:

Ոչինչ չես ասի. եթե երկրի արտաքին գործերի նախարարն է այդքան անթաքույց լոբբիստական աշխատանք տանում, ապա կարելի է պատկերացնել, թե ինչպես են աշխատում արտերկրում ադրբեջանական դեսպանատներն ու նրանց շուրջը պտտվող զանազան «թուրքագետներն» ու «տարածաշրջանային եւ գլոբալ անվտանգության հարցերով փորձագետները»:

Քաղաքականությունն, իհարկե, առաջնորդվում է «նպատակն արդարացնում է միջոցները» սկզբունքով: Բայց երբ դա արվում է չափազանց անթաքույց, ապա ոչ թե դժգոհություն, այլ խղճահարություն է հարուցում այն երկրի հանդեպ, որ ոչնչի, անգամ սեփական արտգործնախարարի հեղեինակության տրորման առջեւ կանգ չի առնում, միայն թե հասնի «բաղձալի նպատակին»: Եվ խղճահարությունն ավելի է խորանում, երբ հասկանում ես, որ այդ «նպատակը» ոչ այլ ինչ է, քան «տարածաշրջանային առաջատարի» իր իսկ հնարած իմիջն աշխարհին ընդունելի դարձնելու ծիծաղելի ճիգ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4