«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#100, 2011-06-02 | #101, 2011-06-03 | #102, 2011-06-04


ԱՅՎԱԶՈՎՍԿՈՒ ԳՈՂԱՑՎԱԾ ԿՏԱՎԸ ԻՐ ՏԵՂԸ ԳՏԱՎ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՈՒՄ

Երեկ Ազգային պատկերասրահի Այվազովկսու ցուցասրահները մարդաշատ էին: ՀՀ մշակույթի նախարարությունը պատկերասրահին հանձնեց աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու «Փոթորիկ ժայռոտ ափին» ստեղծագործությունը (1875 թ., կտավ յուղաներկ, 73x102 սմ), որը 21 տարի առաջ գողացվել էր Երեւանի Արտասահմանյան երկրների հետ բարեկամության եւ մշակութային կապերի ընկերությունից (ԱՕԿՍ): Թե ինչպե՞ս է գողացված կտավը հայտնաբերել արվեստաբան Շահեն Խաչատրյանը, «Ազգը» առաջինն է անդրադարձել դեռեւս մարտի 1-ին «Այվազովսկու գլուխգործոցը գտնվեց» վերտառությամբ հոդվածով: Եվ ահա, տարբեր հավաքորդների կողմից մի քանի անգամ վերագտնված այդ հայտնի կտավը, Մոսկվայից կտավի սեփականատեր, ՌԴ սենատոր Հովհաննես Օհանյանի, Մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված օրենսդրության կատարման վերահսկողության Դաշնային ծառայության ղեկավար Վիկտոր Պետրակովի, նույն բաժնի վերադարձման պատասխանատու Օլեգ Դերեվյանկոյի, արվեստաբան Շահեն Խաչատրյանի ուղեկցությամբ «Փոթորիկ ժայռոտ ափին» գործը երկար դեգերումներից հետո տեղափոխվեց Երեւան ու հանդիսավորությամբ հանձնվեց մեր պատկերասրահին: ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ջերմ շնորհակալական խոսքեր հղեց բոլոր նրանց, ովքեր նպաստել էին մեր ազգային արժեքի հայտնաբերմանը: ՀԱՊ-ի ֆոնդերում պահվող Այվազովսկու շուրջ 200 աշխատանքները, որոնցից 65-ը գեղանկար են, բոլորն էլ նվիրատվություն են եւ դրանց շարքը ավելացավ եւս մեկովՙ Հովհաննես Օհանյանի կողմից: Երբ փաթեթավորված կտավը բացվեց ուղեկցողների ու լրագրողների առաջ, հնչեցին բուռն ծափերը... «Ազգի» հարցերին պատասխանելով կտավի սեփականատեր Հովհաննես Օհանյանն ասաց, որ իր հավաքածուներում, որոնք 100-ից ավելին են, կան Այվազովսկու, Շիշկինի, Լեւիտանի, Պոլենովի, Մինասի, Բաշինջաղյանի, Նալբանդյանի եւ այլոց գործերը:

«Ես շատ ուրախ եմ, որ այս արժեքավոր գլուխգործոցը հայտնվել է ինձ մոտ եւ երեւի իվերուստ էր դա որոշված, որ մի օր գալու է այն պահը, երբ Այվազովսկու կտավը վերադառնա Հայաստան: Ահա եկել է այդ օրը եւ ես սրտանց այն նվիրում եմ Ազգային պատկերասրահին: Չնայած որ Այվազովսկու այդ կտավը զարդարում էր իմ հավաքածուն, սակայն ես չեմ դադարելու ձեռքբերել Այվազովսկու այլ գործեր»:

Արվեստաբան Շահեն Խաչատրյանը «Ազգի» հետ զրույցում ասաց, որ շատ ուրախ է, որ կտավը գտնվեց ու այժմ Երեւանում է: «Շնորհակալ եմ մշակույթի նախարարից, որ ինձ հատուկ ուղարկեց Մոսկվա նկարի իսկությունը ճշտելու: Վերականգնող մասնագետները այնպես հմտորեն էին աշխատել ու անգամ կտավի անկյունում նկարչի ստորագրության երկու տառերը բացակայում էին (գողացողների մեղքով), չեն վերականգնվել: Կցանկանայի, որ Այվազովսկու մյուս կտավները, որոնց թվում է նաեւ «Տիեզերք. աշխարհի արարումը» կտավը (նվիրված Խրիմյան Հայրիկին), որը Ազգային գրադարանից ճիշտ նույն տարում գողացվել է, նույնպես վերագտնվեր», ասաց արվեստաբանը:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4