Մայիսի 14-ին, շաբաթ օրը, Լոնդոնի Նավասարդյան սրահում տեղի ունեցավ գրական-գեղարվեստական շքեղ երեկո նվիրված հայ մեծանուն գրող, փիլիսոփա-արվեստաբան Կոստան Զարյանին (1885-1969):
Ժամը 19-ից սկսյալ, մինչ հանդիսականները իրենց տեղերը կզբաղեցնեին նորոգ ու գեղեցիկ դահլիճում, խոշոր պաստառի վրա ցուցադրվում էին Զարյանի կյանքի տարբեր տարիների լուսանկարները:
Համայնքի ճանաչված մտավորական Մանուել Ադամյանը բացման խոսք ասաց, որից հետո պատմեց իր անձնական հանդիպումներն ու հիշողությունները մեծ գրողի մասին Բեյրութում եւ Երեւանում:
Այնուհետեւ Զարյանի կյանքը եւ գործը հանգամանորեն ներկայացրեց բանասեր-արվեստաբան Սեդա Անանյանը , որը 1966-1967 թթ. աշխատել է գրողի հետ որպես նրա քարտուղար-օգնական: Բանախոսը ըստ ժամանակագրության ծանոթացրեց հեղինակի հիմնական գործերը («Անցորդը եւ իր ճամբան», «Տատրագոմի հարսը», «Բանկոպը եւ մամութի ոսկորները», «Սպանիա», «Միացյալ նահանգներ», «Նավը լեռան վրա», «Կղզին եւ մի մարդ» եւ այլն), նշելով, որ հիշյալ ստեղծագործությունները առաջին անգամ տպագրվել են Բոստոնի «Հայրենիք» ամսագրում: Նա կարեւորեց նաեւ այն հանգամանքը, որ չնայած Կոստան Զարյանի անհատականությունն ու գեղագիտական մտածողությունը ձեւավորվել է Եվրոպական, հատկապես Իտալական մշակույթի միջավայրում, նա աներկբա իրեն զգացել է հայ գրող, «կասեինքՙ հայ ժողովրդի ճակատագիրը որոնող մի մարգարե», ասաց բանախոսը:
«Հայաստանում ապրած տարիներին (1962-1969 թթ.) իշխանության հանիրավի որոշ կեցվածքից մեծ գրողը թեեւ չունեցավ իր արժանի լայն ճանաչումը, սակայն նա մեծապես հարգված էր մտավոր դասակարգից, իր ներկայութամբ շքեղացնելով Երեւան մայրաքաղաքը», իր խոսքը ավարտեց բանախոսը:
Հաջորդ խոսնակը բանասեր Թամար Գեղամյան-Մինասյանն էր, որը մեկնաբանեց Զարյանի «Նավը լեռան վրա» (Բոստոն, 1943) ծավալուն վեպըՙ տալով իր ուրույն եւ դիպուկ վերլուծությունը այդ գործի գաղափարական բովանդակության եւ հայ ժողովրդի ճակատագրով մտահոգ գրողի պայծառատեսության:
Վերջին բանախոսը դոկտոր Գագիկ Թամանյանն էր (անվանի ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի թոռը), որը խոսեց Զարյանի «Երեք երգեր» վիպերգի իտալերեն հրատարակության (1916 թ.) մասին: Նա նշեց, որ այս ստեղծագործության ներշնչմամբ Օտտորինո Ռեսպիգին (1879-1936) հորինում է «Լա պրիմավերա» կոչվող կանտատը 1919-ին: Երեկոյին, Սլովակիայի ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի եւ ֆիլհարմոնիկ երգչախմբի կատարմամբ լսվեց մի հատված այդ կանտատից:
Հանդեսին իր շնորհալի մասնակցությունը բերեց ներկայիս Գլազգոյի (Շոտլանդիա) կոնսերվատորիայի ուսանողուհի, գեղատեսիլ եւ խոստումնաշատ երգչուհի Անուշ Հովհաննիսյանը , որը բացառիկ զգացողությամբ կատարեց Նարեկացու խոսքերով «Հավուն-Հավուն» շարականը եւ Կոմիտասի «Օրորը»:
Ելույթներ ունեցան նաեւ պատանի ջութակահար Գրիգոր Հարությունյանը (Պագանինիՙ «Կանտաբիլե») եւ 12-ամյա Շուշանիկ Հարությունյանը (Պոլ Նորիսՙ «Ֆանտաստիկ Ֆինալ» կլարնետի համար):
Այնուհետեւ Րաֆֆի Եղիկյանը մեծ ներշնչումով արտասանեց Կոստան Զարյանի «Ձին, գարունը եւ Հայաստանը» բանաստեղծությունը:
Հանդեսն ավարտվեց Զարյանի «Կոմիտաս վարդապետին» հոգեցունց բանաստեղծության ձայնագիր ունկնդրմամբ: Կարդում էր սիրված դերասան Վոլոդյա Աբաջյանը , որին ձայնակցում էր Հայաստանի պետական երգչախումբըՙ առավել արտահայտչականություն հաղորդելով դերասանի ասմունքին:
Հանդիսականները հեռացան դահլիճից խորապես տպավորված եւ գոհ, իրենց հետ մասնիկ տանելով Կոստան Զարյանի հայրենաշունչ ոգուց:
Շնորհակալություն «Նավասարդյան կենտրոնի» պատասխանատու անձնակազմին. որ ջանք չէին խնայել աջակցելու հանդեսին, շնորհակալություն երեկոյի բոլոր կազմակերպիչներին եւ հատկապես Լոնդոնի Համայնքային եւ Եկեղեցական խորհրդին, հետաքրքրական ու բովանդակալից մոջոցառման համար:
Հուսով ենք, որ նման միջոցառումներ ավելի հաճախ կունենա լոնդոնահայ համայնքը:
ԼՈՒՍԻՆԵ ՍԵՅՄՈՒՐ, Լոնդոն, 16 մայիսի 2011 թ.