Ադրբեջանի խորհրդարանն սպառել է գարնանային նստաշրջանի օրակարգը: Բայց պատգամավորներին արձակուրդ չի տրվել: Այդ առթիվ Միլլի մեջլիսի մամլո ծառայությունն ասել է, որ «հունիսին կարող է գումարվել արտահերթ նիստ»: Որեւէ այլ մանրամասնություն, թե ինչ հրատապ հարցեր են քննարկման առարկա դառնալու, չի հրապարակվել:
Դրա փոխարեն արտահերթի սպասող պատգամավորներն սկսել են այցելել «մերձճակատային շրջաններ»: Հունիսի 3-ին մեջլիսականների մի խումբ գտնվել է, ըստ երեւույթին, շփման գծի Աղդամի հատվածում: Նրանց ուղեկցել է պաշտպանության նախարարության խոսնակ Էլդար Սաբիրօղլուն, որը հենց տեղում մամլո ասուլիս է կազմակերպել եւ մի քանի սադրիչ հայտարարություններ արել: Եթե մի կողմ թողնենք արդեն սովորական դարձած սպառնալիքները, ապա նրա խոսքերից թերեւս առանձնացվի այն, թե իբր «Հայաստանն ամեն օր Ադրբեջանին դավագրգռում է պատերազմի»: Ընդ որում, այսպես ասելիս Սաբիրօղլուն հատկապես շեշտել է «ադրբեջանական խաղաղ բնակավայրերում ապրող մարդկանց ամենօրյա գնդակոծումների փաստը»:
Պաշտպանության նախարարության մամլո խոսնակի այս «գնահատականն» ադրբեջանական լրատվամիջոցները տարածել են նույն օրը` ժամը 15-ի սահմաններում: Մենք դա հատուկ ենք ընդգծում, քանի որ նույն օրվա վերջին Trend գործակալության «տարածաշրջանային թղթակիցը մի հաղորդագրություն է հղել», թե «հայկական զինված ուժերի կողմից սպանվել է Աղջաբեդիի շրջանի բնակիչ Էլմար Փիրիեւը, որն Աղդամի շրջանի Չեմենլի գյուղի մերձակայքում, զորքերի շփման գծի վրա, անասուն էր արածեցնում»: Ընդ որում, «հաղորդագրության» մեջ խոսք չկար «միջադեպի» օրվա եւ ժամի մասին:
Նախ, ինչո՞ւ Աղջաբեդիի շրջանի բնակիչն «անասուն արածեցնելու համար հասել է Աղդամի շրջանի Չեմենլի գյուղ»: Իր շրջանում արոտավայր չկա՞: Երկրորդ, եթե դա նույնիսկ այդպես էր, նա չէր կարող «զորքերի շփման գծի վրա անասուն արածեցնել»: Հակառակ դեպքում պիտի ընդունել, որ ադրբեջանական բանակում կարգապահություն ասվածը գոյություն չունի, եթե ամեն մի պատահական մարդ «շփման գծի վրա անասուն է արածեցնում»: Իսկ դա էլ չի համապատասխանում «Հարավային Կովկասի ամենաուժեղ բանակի» մասին նույն Սաբիրօղլուի նույն օրն ասածին: Իսկ եթե Փիրիեւն «անասուն էր արածեցնում» ոչ առաջապահ դիրքերում, ապա «հայկական զինված ուժերը նրան ինչպե՞ս են սպանել»: Մանավանդ որ «հաղորդագրության» մեջ չի ասված, թե ինչպե՞ս է «սպանվել Փիրիեւը, ո՞րն է նրա մահվան պատճառը»:
Տպավորությունն այն է, որ Trend-ի «տարածաշրջանային թղթակիցն ընդամենը հաստատել է այն», ինչ դրանից ժամեր առաջ «գիտեր» ՊՆ մամլո խոսնակը: Այսինքն, տեղեկատվական հոսքը կազմակերպվել է այնպես, որ «Ադրբեջանին պատերազմի դավագրգռելու տեսությունը փաստով հիմնավորվի»: Այս զգացողությունն ավելի է խորանում, երբ նույն «հաղորդագրությանն» ի հավելումն` ադրբեջանական լրատվամիջոցները կրկին անդրադառնում են «մարտի 8-ին հայ դիպուկահարի կրակոցով սպանված երեխայի» թեմային:
Այդ կապակցությամբ հայկական կողմերի թե՛ պաշտոնական, թե՛ փորձագիտական շրջանակներն սպառիչ մեկնաբանություններ արել են: Կրկնելու կարիք չկա: Ասենք միայն, որ Ադրբեջանը, ինչպես միշտ, խոչընդոտել է «միջադեպի» անաչառ եւ բոլոր կողմերի մասնակցությամբ հետաքննությանը, ինչի մասին պայմանավորվածություն ձեռք էր բերվել Սարգսյան-Մեդվեդեւ-Ալիեւ` մարտի 5-ին Սոչիում կայացած հանդիպմանը:
Ներկա դրությամբ միջնորդներն ու փորձագիտական հանրությունը հույս են փայփայում, որ Կազանում կայանալիք հանդիպումը «կարող է առաջընթացային լինել»: Նրանք ակնկալում են, որ առնվազն խնդրի խաղաղ կարգավորման անայլընտրանքայնության շուրջը կողմերը հստակ դիրքորոշում կարտահայտեն: Ըստ ամենայնի, Դովիլի եռակողմ հայտարարությամբ դրսեւորված գլխավոր ցանկությունն էլ հենց դա է: Բայց, կարելի է ենթադրել, Իլհամ Ալիեւը նման մտադրություն չունի: Հունիսի 6-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հանդես է եկել «Շփման գծում իրավիճակը կրկին լարվում է» վերնագրված հաղորդագրությամբ, որն ավելի շատ «ռազմաճակատային ամփոփագիր» է հիշեցնում:
Պատահակա՞ն է արդյոք ադրբեջանական կողմից իրավիճակի նման «ընկալումը»: Կարծում ենք` ոչ: Տարածաշրջանում սպասում են ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին: Իսկ նրանք ժամանում են առաջիկա բարձր մակարդակի հանդիպումը նախապատրաստելու: Եվ այս պահին Բաքուն վերստին խաղարկում է «պատերազմի անխուսափելիության գործոնը»: Այն էլ` արտգործնախարար Մամեդյարովի վաշինգտոնյան այցից անմիջապես հետո:
Ավելորդ չէ նկատել տալ նաեւ, որ եթե օրեր առաջ Թուրքիայի արտգործնախարարն Իլհամ Ալիեւի հետ Հռոմում անցկացրած «տեւական հանդիպումից հետո» հույսով էր արտահայտվել Կազանի հանդիպման մասին, ապա վարչապետ Էրդողանն, ընդհակառակը, սկսել է «կասկածել Դմիտրի Մեդվեդեւի միջնորդության հաջողությանը»:
Ի՞նչ է փոխվել երկու-երեք օրում: Գուցե Մամեդյարովին Վաշինգտոնո՞ւմ են ինչ-որ «բան ասել»: Ամեն դեպքում Իլհամ Ալիեւը որոշել է Կազանից առաջ անել այն, ինչ արել էր Սոչիից հետո: Դա, թերեւս, համաձայնություններից խույս տալու նրա վերջին հնարավորությունն է: Իսկ գուցե հենց դրա համա՞ր է, որ պատգամավորներին առժամանակ «զգաստ սպասելու» հրաման է տրվել:
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ