«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#101, 2011-06-03 | #102, 2011-06-04 | #103, 2011-06-07


ՀԱՄԱԽՄԲՎԵԼՈՎ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՈՒ ԵԿԵՂԵՑՈՒ ՇՈՒՐՋԸ

Հունիսի 1-ին Հայ առաքելական եկեղեցու Գուգարաց եւ Շիրակի թեմերի Եկեղեցասեր երիտասարդաց միությունները արդեն երկրորդ անգամ հանդիպեցին Գուգարաց թեմումՙ Վանաձորում: Փոխայցելությունների շրջանակներում առաջին հանդիպումը տեղի էր ունեցել 2010 թ. նոյեմբերին Գյումրիում:

Թեմակալ առաջնորդների օրհնությամբ Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու դահլիճում տեղի ունեցավ «Ի սեր Աստծո, ի սեր հայրենիքի» վերտառությամբ եւ «Սուր եւ խաչ» խորագրված միջոցառումը: Գյումրեցի երիտասարդները ներկայացրին հայ հոգեւոր, ժողովրդական երգեր, եղան դուդուկով կատարումներ, իսկ վանաձորցիները «Մայիսյան հերոսամարտերի» մանրամասներով ներկայացրին հայրենասիրական, ռազմական երգեր, պատմեցին դրվագներ հերոսամարտից: Միջոցառմանը մասնակցեց նաեւ Գուգարաց թեմի մանկական երգչախումբը: Հնչեցին կատարումներ Մակար Եկմալյանի, Կոմիտասի մշակումներից:

Միջոցառման ավարտին երկու թիմերն էլ պարգեւատրվեցին պատվոգրով, որ հանձնվեց Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանի եւ Շիրակի թեմի առաջնորդ գերաշնորհ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի կողմից:

Սեպուհ սրբազանն իր օրհնանքի ու գոհունակության խոսքն ուղղեց երիտասարդներինՙ ասելով. «Գնահատելի է ձեր աշխատանքը, սիրելի երիտասարդներ, քանզի մենք ամենօրյա կարիքն ու պարտքն ունենք հիշելու մեր նախնյաց, անդրադառնալու մեր պատմության լուսավոր, մաքառումով լեցուն էջերին, մաքառումով ի գին մահվան, բայց որոնց շնորհիվ այսօր ունենք խաղաղ ապրելու, ստեղծագործելու հնարավորություն: Սիրելի երիտասարդներ, ձեր արածը գովելի է, սակայն պետք է սրանով չբավարարվենք, պետք է ընդգրկենք ավելի լայն հատվածներ երիտասարդությանՙ հասնելու նրան, որ յուրաքանչյուր հայի զավակ, յուրաքանչյուր երիտասարդ լինի եկեղեցասեր այնքան, որ առանձին երիտասարդաց միություններ ստեղծելու անհրաժեշտություն չունենանք ընդհանրապես. ամբողջանալ է պետքՙ ի պանծանս ազգիս հայոց, նրա հոգեւոր արժեքների: Ձեր մեջ տեսնում եմ այն շաղախը, որ Աստծո կամոք կարող է իրար կապել հայ երիտասարդներինՙ համախմբելով հայրենիքի եւ եկեղեցու շուրջը: Թո՛ղ ձեզ առաջնորդի հաղթանակներ կերտող միասնության այս գիտակցումը»:

Երիտասարդներին օրհնանքի խոսք հղեց նաեւ Շիրակի թեմի առաջնորդը. «Շատ ուրախալի է, որ մեր երիտասարդները համագործակցում են, շփվում ազգային մշակույթի ծիրում, չնայած սա մեր երիտասարդության շատ փոքր մասն է, եւ այստեղ մտածելու բան բոլորս ունենքՙ համախմբվելու, ամբողջանալու առումով: Միջոցառումը գեղեցիկ հնարավորություն էրՙ ներկայանալու ասմունքի, երգեցողության միջոցով: Մարդն օժտված է խոսելու ունակությամբ, որով էլ տարբերվում է կենդանական աշխարհից, բայց սրանով չի բավարարվում մարդը. աղոթում է, աղոթքով էլ չբավարարվելովՙ երգում է, երգում հայրենիք: Մեր երիտասարդները, համաձայնեցված թե իրարից անկախ, միջոցառումը կազմակերպելիս շեշտը դրել են հայի ինքնության խարսխի վրաՙ աստվածասիրություն եւ հայրենասիրություն: Ահա այս երկուսն է, որ համատեղելովՙ ունեցել ենք գովերգման արժանի հերոսամարտեր: Հայն առանց այս երկուսի համատեղման տկար է: Օրհնում եմ ձեզ, եղեք ավելի գործունյա, ավելի աշխատասեր ու միասնական, իսկ մեր օրհնությունն ու աջակցությունը կունենաք միշտ»:

ԴԻՎԱՆ ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄԻ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4