«Ցանկանում եմ կենտրոնանալ հայերեն պատմվածքներ գրելու եւ նկարազարդելու վրա, երեխաները պետք է հայերեն կարդան, որպեսզի կարողանան ապահովել այդ լեզվի շարունակականությունը այս օտար ափերում», նշել է հիմնականում օտար լեզվով մանկական գրքեր նկարազարդող Ալիք Արզումանյանը : Նա արդեն սկսել է այդ ուղղությամբ աշխատել եւ հիմնել է տպագրական իր դրոշմըՙ «Գիրք-Միրք» վերտառությամբ: Նա արդեն գրել է իր առաջին պատմվածքը «Ծիրանի Անուշ» խորագրով, որը ոչ թե ծիրանի ջեմի մասին է, այլ երկվորյակ քույրերի, որոնք անընդհատ նոր անուններ են հորինում միմյանց համար: «Բացի զվարճալի լինելուց` պատմվածքը նաեւ նոր բառեր եւ նոր գաղափարներ մտահղանալու առիթ է տալիս երեխաներին», բացատրել է Ալիքը «Միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի թղթակից Դեֆնի Աբիլին:
Ալիքը ծնվել ու մեծացել է Լիբանանում, սովորել Բեյրութի Ամերիկյան համալսարանում, ապա աշխատանքի տեղավորվել Դուբայում, որտեղ հանդիպելով իր ապագա ամուսնունՙ Սեւակին, տեղափոխվել է Անգլիա: Ներկայումս ամուսինները ապրում են Մ. Նահանգներում: Ալիքն Ամերիկայում ավարտել է Մասաչուսեթսի Արվեստի քոլեջը եւ դասավանդել է Ուոթերթաունի Հայկական տարրական վարժարանում:
Նրա նկարազարդած գործերի շարքում են Մարգարետ Մկդոնալդի «Թունջուր, Թունջուրը», որը պաղեստինցի մի կնոջ մասին է, որին երեխաների համար աղոթելու համար վարձահատույց են լինում կախարդական մի փոքրիկ կճուճ նվիրելով: Մյուս գիրքը հարավաֆրիկացի հոգեւորական դոկտ. Դեզմոնդ Թութույի «Աստծո երեխաները» աստվածաշնչյան ավանդապատումն է: Երրորդըՙ Հեստեր Բասսի «Այդքան շատ տներ» եւ չորրորդըՙ Սոնա Չեյթլյանի «Երախտապարտ կենդանիները»:
Այդ գործերով Ալիքը վերջերս մասնակցել է Բոլոնիայի գրքի տոնավաճառին:
Ալիքն ու Սեւակը աշխույժ գործունեություն են ծավալում Մ. Նահանգներում ինչպես հայկական, այնպես էլ ամերիկյան քաղաքական շրջանակներում: Նրանք համագործակցել են դեմոկրատ սենատոր Ջոն Քերրիի 2004 թվի նախագահական ընտրարշավին:
Ալիքը անդամ է Ամերիկայի Գրաֆիկական արվեստագետների գիլդիայի եւ երեխաների գրքերի հեղինակների ու նկարազարդողների ընկերության: Արժանացել է «Ամերիկյան գրադարանների ասոցիացիայի» մրցանակին 2007-ին:
Հ. Ծ.