Նախ շնորհավորում եմ Ռուսաստանի հավաքականին հաղթանակի առթիվ: 1-1 հաշվի ժամանակ հավասար խաղ էր ընթանում: Նման դեպքերում ով առաջինն է սխալվում, պարտվում է: Ցավոք, սխալվեցինք մենք: Երկու անգամ մեր պաշտպանները դիրքային սխալ թույլ տվեցին ու Պավլյուչենկոն գրավեց Բերեզովսկու պաշտպանած դարպասը: Դրանք էլ վճռեցին հանդիպման ելքը: Մեր ֆուտբոլիստները երիտասարդ են, փորձառության պակաս ունեն, ինչն էլ զգալ տվեց այսօրվա խաղում: Մենք կվերլուծենք այսօրվա խաղում թույլ տված սխալները, համապատասխան եզրահանգումներ կանենք ու կնախապատրաստվենք հաջորդ հանդիպմանը: Այս խաղում մեր նպատակը ոչ միայն Անդրեյ Արշավինին, այլ Ռուսաստանի հավաքականի բոլոր ֆուտբոլիստներին վնասազերծելն էր, ինչը չստացվեց: Երեւանում մենք այնքան էլ լավ չխաղացինք, սակայն հանդիպումն ավարտեցինք ոչ-ոքի: Այստեղ ավելի լավ խաղացինք, բայց պարտվեցինք: