«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#102, 2011-06-04 | #103, 2011-06-07 | #104, 2011-06-08


ՆԵՆԳԱՓՈԽՄԱՆ ԱՆԱՏՈՄԻԱ

Մի փոքր տարօրինակ է, որ Իլհամ Ալիեւի աշխատակազմում արտաքին քաղաքականության հարցերի պատասխանատու Նովրուզ Մամեդովը Ղարաբաղյան կարգավորման բանակցությունների նուրբ թեմայով տեսակետներ է հնչեցնում Twiter սոցիալական ցանցի միջոցով: Տպավորությունն այն է, թե արտաքին քաղաքականությունը նրա համար «պարապ վախտի խաղալիք » է: Կամ էլ «շեֆն» այնքան է զբաղված զանազան հիմնարկեքի արարողություններով, որ այդ «պատվավոր գործը» վերապահել է նրան:

Հունիսի 6-ին Իլհամ Ալիեւն ընդունել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին: Դրան հետեւել է Twiter-ում Նովրուզ Մամեդովի սույն գրառումը. «Միջազգային հանրությունը եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները պահանջում են ստատուս քվոյի փոփոխությունը: Մենք ուզում ենք, որ սկսվի որոշակի շրջանների ազատման գործընթաց եւ այնտեղ վերաբնակեցվեն ադրբեջանական փախստականները: Հայկական կողմը պետք է քաջություն գտնի եւ վերաբերմունք արտահայտի այդ սպասումների հանդեպ: Կազանում նախագահների հանդիպման արդյունքում կարող է ստորագրվել արձանագրություն կամ որեւէ այլ համաձայնություն... Հայկական կողմը փորձում է երկարաձգել բանակցային գործընթացը` տարբեր պատճառաբանություններով: Դա ապակառուցողական քայլ է»:

Սկսենք վերջից: Որտեղի՞ց գիտի Նովրուզ Մամեդովը, որ «հայկական կողմը փորձում է երկարաձգել բանակցային գործընթացը` տարբեր պատճառաբանություններով»: Չէ՞ որ մարտի 5-ին Սոչիում հանդիպումից հետո կողմերի միջեւ ուղղակի շփում չի եղել: Դովիլի հայտարարությունից հետո էլ արտգործնախարար Նալբանդյանն ասել է, որ Հայաստանը կարող է որպես բանակցությունների հիմք ընդունել հայտնի սկզբունքները: Մինչդեռ նման տեսակետ պաշտոնական Բաքուն չի հնչեցրել: Եվ դա այն դեպքում, երբ ՌԴ, ԱՄՆ եւ Ֆրանսիայի նախագահները բանակցող կողմերին հատկապես հորդորել են համաձայնության գալ սկզբունքների շուրջը, որը թույլ կտա սկսել աշխատանքը խաղաղության պայմանագրի շուրջը: Նույն բանն ասել է Էդվարդ Նալբանդյանը` հիմք ընդունել սկզբունքները եւ շարունակել բանակցությունները:

Նովրուզ Մամեդովը, սակայն, իրենից հայտնագործել է, որ «միջազգային հանրությունը եւ ԵՍՀԿ ՄԽ համանախագահները պահանջում են ստատուս քվոյի փոփոխությունը»: Դովիլի հայտարարության մեջ «ստատուս քվո» ձեւակերպում չկա: Ուրեմն եւ չի կարող լինել այն «փոխելու պահանջ»: Երեք նախագահները խոսել են «ներկա դրության անընդունելի լինելու» մասին: Բայց դա վերաբերում է ոչ թե ընդհանուր, այլ բանակցային գործընթացում առկա դրությանը, որն իրոք անընդունելի է, երբ հայտնի է, թե ինչ հայեցակարգի վրա պիտի հիմնվի հետագա դիվանագիտական աշխատանքը, բայց կողմերից մեկի` Ադրբեջանի «կամակորության» պատճառով դա իրավական ձեւակերպում չի ստանում:

Կփոխվի՞ ստատուս քվոն, ինչպե՞ս, ի՞նչ «ժամանակացույցով» եւ այլն, սրանք հարցեր են, որոնք ենթակ են քննարկման արդեն սկզբունքների համաձայնությունից հետո միայն: Իսկ Նովրուզ Մամեդովն ամեն ինչ «սկսում է որոշակի շրջանների ազատագրման»` միայն ադրբեջանական կողմի ցանկությունից: Դրան, բնականաբար, հակազդում է այլ` միանգամայն արդարացի ցանկություն, որ Ադրբեջանը ճանաչի Լեռնային Ղարաբաղի օրինական անկախությունը, որից հետո հակամարտության իրական կողմերը` Ադրբեջանը եւ ԼՂՀ-ն կարող են անցնել սահմանազատման, կոմունիկացիաների վերագործարկման եւ այլ հարցերի քննարկումների: Ի վերջո, այդ ո՞վ է ասել, թե «ադրբեջանական փախստականների վերաբնակեցումն» ավելի հրատապ հարց է, քան ԼՂՀ անկախության միջազգայնացումը: Եվ եթե կողմերից մեկը չի պնդում, որ դա տեղի ունենա «այստեղ եւ այժմ», ապա մյուսն էլ իրավասու չէ պահանջել, որ «ստատուս քվոն փոխվի»: Չէ՞ որ «ոչինչ համաձայնեցված չէ, եթե ամեն ինչ համաձայնեցված չէ»:

Այս դեպքում «ամեն ինչը» սկզբունքներն են, բանակցությունների հիմքը: Այդ մասին Մամեդովը ոչինչ չի ասում: Ընդհակառակը, նա կանխապես հայկական կողմին վերագրում է «զանազան պատճառաբանություններով բանակցային գործընթացը երկարաձգելու փորձ», ինչից կարելի է եզրակացնել, որ Իլհամ Ալիեւն է Կազան մեկնելու` որեւէ փաստաթուղթ չստորագրելու մտադրությամբ: Եվ դրա համար նա հող նախապատրաստում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հանդիպումից անմիջապես հետո: Ի՞նչ են փոխանցել նրան վերջիններս` մնում է միայն ենթադրել:

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4