«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#102, 2011-06-04 | #103, 2011-06-07 | #104, 2011-06-08


«ԻՆՁ ՊԱՇՏՈՆԱԶՐԿԵԼ ԵՆ ԱՄՆ-Ի ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՀԱՆՋՈՎ»

Հայտարարում է Թուրքական պատմական ընկերության նախկին նախագահ Հալաչօղլուն

Այդ մասին նախորդ օրը նշել է թուրքական Մեդիա-73 կայքէջը: Ըստ տեղեկությանՙ պրոֆ. Յուսուֆ Հալաչօղլուն Կեսարիայում, որտեղից նա «գորշ գայլերի» քաղաքական կազմակերպությանՙ Ազգայնական շարժում կուսակցության պատգամավոր է առաջադրվել հունիսի 12-ի խորհրդարանական ընտրություններում, ելույթ է ունեցել կուսակիցների առջեւ:

Ելույթում թուրքական պատմական ընկերության նախկին նախագահն ասել է. «Բոլորդ էլ գիտեք, թե ինձ ինչու ազատեցին պաշտոնից: Սակայն շատերը կարծում են, որ դրա պատճառը Քայսերիում (Կեսարիա) 2007-ին ունեցած ելույթս է: Ես ասել էի, որ հասարակության մեջ որպես քուրդ կամ ալավի քուրդ ներկայացողների մեջ շատ են հայ «դյոնմեները»: Իրականում ինձ պաշտոնից ազատելու պատճառը դա չէր: Այդ ժամանակ Շվեյցարիայում Թուրքիայի, ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջեւ ծավալվում էին գաղտնի բանակցություններ: Բանակցությունների քննարկման առարկան ցեղասպանության հարցն էր: Բոլորդ էլ գիտեք, որ ինձ պաշտոնազրկելուց հետո Թուրքիայի Հանրապետությունը հանդես եկավ «հայկական նախաձեռնությամբ», որը ենթադրում էր Հայաստանի առջեւ թուրքական սահմանների բացումը: Կողմերը դրա շուրջը եկել էին համաձայնության: Գիտեք նաեւ, որ այս փոխհամաձայնությունից բխող արձանագրությունները ստորագրվել են ԱՄՆ-ի գլխավորությամբ Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի եւ Գերմանիայի նման մեծ տերությունների հովանու ներքո: Հենց այդ պահին էլ ԱՄՆ-ը եւ Հայաստանը պահանջեցին, որ ինձ ազատեն Թուրքական պատմական ընկերության նախագահի պաշտոնից: Այսպիսով ես պաշտոնազրկվեցի: Հենց այդ պահանջն է իմ պաշտոնազրկման բուն պատճառը»:

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4