Այսօր ժամը 9-17-ը Երեւանում տեղի կունենա միջազգային գիտաժողով սեյսմակայունության ու սեյսմակայուն շինարարության թեմայով: Այն տեղի կունենա Հրազդան հյուրանոցի կոնֆերանսների սրահում: Գիտաժողովին մասնակցում են հայտնի գիտնականներ Իտալիայից, Իրանից, Հայաստանից, Հունաստանից, Պորտուգալիայից եւ այլ երկրներից: Մասնակցում են նաեւ Հայաստանի նախագծային ու շինարարական խոշոր կազմակերպությունների, արտակարգ իրավիճակների ու քաղաքաշինության նախարարությունների ներկայացուցիչները:
Գիտաժողովին ներկա լրագրողները կստանան «Արտակարգ ալիքի» պատրաստած «Ապրելով աղետների հետ» տեսաֆիլմը: Գիտաժողովը հոբելյանական է` նվիրված է պրոֆեսոր Միքայել Մելքումյանի 60-ամյակին: Պրոֆեսոր Մելքումյանը ծանրակշիռ ներդրում ունի սեյսմակայունության ու սեյսմակայուն շինարարության ոլորտներում, նա ավելի քան 180 գիտական աշխատանքների, 13 գրքի, 10 նորմատիվ փաստաթղթի ու 12 գյուտի հեղինակ ու համահեղինակ է: Ներկայումս Միքայել Մելքումյանը Սեյսմակայուն շինարարության հայկական ասոցիացիայի նախագահն է եւ ԱՊՀ երկրների Սեյսմամեկուսացման միջազգային ընկերակցության փոխնախագահը:
Ի. Պ.