Յուրաքանչյուր ուսումնական տարվա վերջին Կոնստանտին Սարաջյանի անվան երաժշտական դպրոցը հաշվետու համերգ է կազմակերպում: Դպրոցի սաներն ու մանկավարժները համերգի ընթացքում ամփոփում են ողջ տարվա իրենց աշխատանքն ու ձեռքբերումները: Դպրոցի տնօրեն Արմինե Պողոսյանն ասում է, որ սա արդեն հաճելի ավանդույթի է վերածվել:
Երկուշաբթի երեկոյան Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահը լեփ-լեցուն էր: Այստեղ կազմակերպվել էր դպրոցի հերթական հաշվետու համերգը: Մանկավարժները, երեխաների ծնողները, ընկերները, բարեկամներն ու պարզապես երաժշտասեր մարդիկ եկել էին ունկնդրելու շնորհալի փոքրիկների ու պատանիների կատարումները: Այս անգամ ամփոփվում էր 2010-2011 թվականների ուսումնական տարվա աշխատանքը: Դպրոցը երգի ու երաժշտական տարբեր գործիքների ուսուցման բաժիններ ունի: Ըստ տնօրենի` նույնիսկ արդեն բացվել են պարի, նկարչության ու ասմունքի բաժիններ: Համերգի ընթացքում սաները հանդես եկան դհոլի, ջութակի, ֆլեյտայի, քանոնի ու երաժշտական այլ գործիքների կատարմամբ, ելույթ ունեցան նաեւ դպրոցի երգչախմբերը: Տնօրենը պատմում է, որ իրենց սաները մշտապես մասնակցում են միջազգային ու հանրապետական մրցույթներին, եւ իր գոյության շուրջ 60 տարիների ընթացքում դպրոցը բազմաթիվ դափնեկիրներ է ունեցել. «Օրինակ` այս տարի ֆլեյտա նվագող սաներից մեկը «Վերածնունդ» փառատոնում ոսկե մեդալի արժանացավ ու ստացավ առաջին մրցանակը»: Իսկ դաշնամուրային բաժնի աշակերտներն առաջիկայում կմասնակցեն Առնո Բաբաջանյանի անվան հանրապետաական մրցույթին:
15-ամյա Արսինե Թամասյանը , որը դաշնամուրի բաժնում է սովորում ու երգում երգչախմբում, ասում է, որ դպրոցում զուգահեռ ուսուցանում են եւ երաժշտական գրականություն: Իսկ 14-ամյա Ազատ Հովհաննիսյանը , որը 6 տարի է կիթառի բաժին է հաճախում, ասում է, որ գործիքի ընտրությունն ինքնուրույն է արել: Ազատը որոշել է հայտնի երաժիշտ դառնալ, նաեւ նշում է, որ դպրոցում ամենաշատը սիրում է կիթառի իր ուսուցչին ` ընկեր Վարդանին:
Երաժշտական դպրոցն այսօր 500 աշակերտ ունի, եւ տնօրենն իրենց ամենակարեւոր ձեռքբերումը համարում է հենց բարձր դիմելիությունը. «Մեր համար ամենակարեւորն հենց սա է, որ այսքան երեխաներ ուզում են սովորել մեր դպրոցում: Իսկ նրանց հաջողությունները համարում ենք նաեւ մեր հաջողությունը»:
Կոնստանտին Սարաջյանի անվան դպրոցը հիմնադրվել է 1952 թվականին: «Եկող տարի նշելու ենք դպրոցի 60-ամյակը», հավելում է տնօրենը:
Համերգին ելույթ ունեցող աշակերտների հետ միասին հուզվում էին նաեւ մանկավարժները, որոնց խոսքով` աշակերտի հաջող ելույթն իրենց համար ավելի կարեւոր է, քան սեփական ելույթը: Քանոնի ուսուցչուհի Անուշ Կիրակոսյանը խոստովանում է, որ երեխաներին մանկավարժը ոչ միայն շատ բան ունի սովորեցնելու, այլեւ ինքն էլ երեխաներից սովորելու շատ բան ունի. «Երեխան մի հետաքրքիր աշխարհ է»:
Համերգի վերջում երեխաները կատարեցին հայտնի մուլտֆիլմից կոկորդիլոս Գենայի երգը: Իսկ դահլիճում նստածները, որոնք կիսաձայն երգում էին երեխաների հետ, մտովի տեղափոխվել էին իրենց մանկության մոլորակը:
Ի. Պ.
Նկար 1. Համերգի մասնակիցները` տնօրեն Արմինե Պողոսյանի հետ: