Հունիսի 2-6 գերմանական Լիմբուրգ-Լինդենհոլցհաուզենում անցկացված երգչախմբային երաժշտության եւ ազգագրության «Հարմոնի» միջազգային փառատոնին առաջին անգամ մասնակցած Քյոլնի հայ համայնքի «Կոմիտաս» երգչախումբն աննկատ չի մնացել: Հանդես գալով մրցակցային 15 անվանակարգերից 14-րդումՙ գործիքային կատարման ուղեկցությամբ ազգագրական երգչախումբ, Արտակ Ոսկանյանի ղեկավարած «Կոմիտասը» հնչեցրել է «Նուբար-նուբար», «Էրեբունի-Երեւան» եւ «Հայաստան» (երաժշտությունըՙ Արմեն Սմբատյանի, խոսքի հեղինակՙ Վահան Անդրեասյան) ստեղծագործություններըՙ արժանանալով բրոնզի: Հիշյալ անվանակարգում առաջին մրցանակ չի եղել: Բացի դրանից «Կոմիտասը» ճանաչվել է նաեւ Գերմանիայի լավագույն օտարերկրյա երգչախումբ:
«Հարմոնի» փառատոնը մեկնարկել է 1981-ին: 2011-ին այն անցկացվում էր 6-րդ անգամ: Փառատոնի կազմակերպիչը Լինդենհոլցհաուզենիՙ բազմաթիվ մրցանակներ շահած արական «Հարմոնի» երգչախումբն է, որ տարիներ ի վեր համերգային շրջագայություններ է ունեցել աշխարհի տարբեր երկրներումՙ ընդլայնելով բարեկամների իր շրջանակը: «Հարմոնի» միջազգային փառատոնը իր երգչախմբային ու ազգագրական միջոցառումների, մրցույթների շնորհիվ աշխարհում ճանաչված երաժշտական փառատոնի համբավ է ձեռք բերել: 2011-ի փառատոնն անցկացվում էր ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի հովանու ներքո: Աշխարհի տարբեր երկրներից, նաեւ Գերմանիայի տարբեր քաղաքներից մասնակից երգչախմբերն ու անսամբլները մրցում են 15 անվանակարգերում, արժանանալով տարբեր երկրներից հրավիրված մասնագիտական ժյուրիի գնահատականին: 2011-ին մասնակցության հայտ էր ներկայացրել ավելի քան 40 երկրների 200 երգչախումբ եւ ազգագրական խումբ (արական, իգական, պատանեկան, մանկական, ժողովրդական): «Կոմիտասը» ներկայացնում էր Հայաստանը:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա