«Հայաստան» համահայկական հիմնադրամի պատվո անդամ, «Տաշիր-Գրուպ» ընկերության նախագահ Սամվել Կարապետյանի նվիրաբերած միջոցներով, մինչեւ տարեվերջ կավարտվեն ԼՂՀ Մարտունի քաղաքի ջրամատակարարման 1-ին գոտու շինարարական աշխատանքները եւ քաղաքի բնակչության շուրջ երկու երրորդը կօգտվի ջրամատակարարման նոր համակարգից: Աշխատանքների 2-րդ եւ 3-րդ փուլերի ավարտին քաղաքն ամբողջությամբ կունենա բարելավված ջրամատակարարում:
Սա Արցախի ջրամատակարարման ոլորտում իրականացվող, թվով երկրորդ խոշոր ծրագիրն է, որ կյանքի է կոչվում մեծապես Սամվել Կարապետյանի եւ իր գլխավորած «Կարապետյան եղբայրներ» ընկերության նվիրատվությունների շնորհիվ: Առաջինը` Շուշի քաղաքի ջրամատակարարման ներքին ցանցի կառուցումն է, որն իրականացվում է Ռուսաստանի հայ բարերարների նվիրաբերած միջոցներով, որտեղ առյուծի բաժինը կազմում է Կարապետյանի կատարած շուրջ մեկ միլիոն դոլար նվիրատվությունը:
Հիշեցնենք, որ Հեռուստամարաթոն 2008-ը գրանցեց Հիմնադրամի պատմության մեջ աննախադեպ ցուցանիշ` 35 միլիոն դոլար` շնորհիվ Սամվել Կարապետյանի 15 միլիոն դոլար նվիրատվության: Ստեփանակերտում այսօր արդեն կանգուն է Կարապետյանի նվերը արցախցիներին` հանրապետական հիվանդանոցը, որը հարդարման եւ կահավորման աշխատանքների ավարտից հետո կսպասարկի տարածաշրջանի բնակչությանը:
Երկու տարի շարունակ Մոսկվայում ՀՀ Նախագահի հրավերով տեղի ունեցող բարեգործական գալա-ճաշկերույթներին Սամվել Կարապետյանն ակտիվորեն մասնակցում է ոչ միայն որպես բարերար, այլ նաեւ որպես համահայկական համախմբումն ու Հիմնադրամի առաքելությունը բարձր գնահատող հայ գործարար մարդ, ով ջանք չի խնայում թե կազմակերպչական, թե ֆինանսական աջակցության առումներով իր նպաստը բերելու այս կարեւորագույն միջոցառմանը: Ըստ արժանվույն գնահատելով Սամվել Կարապետյանի վաստակը Հիմնադրամի պատմության մեջ` Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը 2009թ. նիստին նրան միաձայն հաստատեց նախագահության կազմում` որպես Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչ: Նա հանդիսանում է նաեւ Հիմնադրամի պատվո անդամ` կոչում, որին արժանանում են մեկ միլիոն դոլար եւ ավելի նվիրատվություն կատարած բարերարները:
Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը համոզմունք է հայտնել. «Հիմնադրամի պատմության վերջին տարիներին Սամվել Կարապետյանն անուրանալի դերակատարում է ունեցել: Հայտնի է, որ նվիրատվությունների չափի առումով, վերջին երկու տարում Ռուսաստանն առաջատար է. այս փոփոխությունը մեծապես կապված է նաեւ Սամվել Կարապետյան բարերարի անվան հետ, ում վարքն օրինակելի է դարձել Ռուսաստանում ապրող բազմաթիվ հայ գործարարների համար»:
Սամվել Կարապետյանի գլխավորած «Կարապետյան եղբայրներ» ընկերությունը ներառում է ավելի քան երկու հարյուր գործարար կառույց, որտեղ աշխատում է շուրջ 30 հազար մարդ, որոնցից շատերը հայեր են: Նման խոշոր կառույցի ղեկավարումը կարող էր կլանել գործարար մարդու ողջ ժամանակը, բայց նրան հաջողվում է լինել եւ անգերազանցելի ձեռներեց, եւ ընտանիքի հոգատար հայր եւ հայրենիքի զարկերակը մշտապես զգացող մեծանուն հայորդի: Նրա հոգատարությունը զգացել են հազարավոր մարդիկ. այսօր դրանց թվին ավելացան նաեւ մարտունեցիները: Բարելավված ջրամատակարարում ստացած մարտունեցին անպայման կօրհնի իր բարերարին ու կմաղթի ջրի նման երկար կյանք:
«Հայաստան» համահայկական հիմնադրամ