«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#102, 2011-06-04 | #103, 2011-06-07 | #104, 2011-06-08


ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՉՈՐՍ ՄԱՍՆԱԿԻՑ

ՖԻԴԵ-ն հրապարակել է այն շախմատիստների ցանկը, որոնք իրավունք ունեն մասնակցելու Խանտի Մանսիյսկում օգոստոսի 26-ից սեպտեմբերի 21-ը կայանալիք շախմատի աշխարհի գավաթի հերթական խաղարկությանը: Ցուցակը գլխավորում է աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդը, որին հաջորդում են նախորդ խաղարկության չորս լավագույն շախմատիստներըՙ Բորիս Գելֆանդը, Ռուսլան Պոնոմարյովը, Սերգեյ Կարյակինն ու Վլադիմիր Մալախովը:

Հայաստանից աշխարհի գավաթի խաղարկությանը կմասնակցի 4 շախմատիստ: Լեւոն Արոնյանն այդ իրավունքը ստացել է իր բարձր վարկանիշի շնորհիվ, իսկ Արման Փաշիկյանը, Սերգեյ Մովսիսյանն ու Վլադիմիր Հակոբյանն աշխարհի գավաթի խաղարկության ուղեգրեր են նվաճել 2010-ի Եվրոպայի առաջնությունում:

Աշխարհի գավաթի խաղարկությունում 19-ական ներկայացուցիչ կունենան Ամերիկան, Ասիան եւ Օվկեանիան, 6 շախմատիստ կներկայացնի Աֆրիկան: ՖԻԴԵ-ի նախագահն իրավունք ունի ընտրելու 6 շախմատիստի եւ թույլատրելու մասնակցելու խաղարկությանը: 4 շախմատիստի էլ մասնակցության իրավունք կտա մրցաշարի կազմկոմիտեն: Ընդհանուր առմամբ մրցաշարին կմասնակցեն 128 շախմատիստներ: Մրցաշարը կանցկացվի նոկաուտ համակարգով:

Մինչեւ հունիսի 20-ը խաղարկությանը մասնակցելու իրավունք ունեցող շախմատիստները պետք է իրենց ստորագրությամբ պայմանագիրն ուղարկեն ՖԻԴԵ-ի քարտուղարություն:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4