Այսօր Երեւանի Կենտրոն ու Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվելու է ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի ` «Երկիր» օրաթերթի դեմ հայցով դատավճիռը: Հիշեցնենք, որ պատգամավորը դատի է տվել «Երկիր» օրաթերթին «131 դեմք ու դիմակ» խորագրի ներքո հրապարակված մի շարք արտահայտությունների համար, որոնք, ըստ պատգամավորի, վիրավորում են իր պատիվն ու արժանապատվությունը:
Դատավճռի նախաշեմին` երեկ, օրաթերթի գլխավոր խմբագիր Բագրատ Եսայանն ու փաստաբան Լիանա Գրիգորյանն ասուլիս տվեցին: Խմբագիրը հայտարարեց, որ իրենք չեն հանձնվելու. «Գնալու ենք մինչեւ վերջ: Եթե Հայաստանի դատական համակարգն իրեն սպառի, կդիմենք Եվրոպական դատարան»: Իսկ փաստաբանը հույս հայտնեց, որ վճիռն արդարացի կլինի, քանի որ հայցվոր կողմի ներկայացրած փաստերի դեմ բերվել են արդարացի հակափաստարկներ:
Ի. Պ.