Վերջին տարիներին բազմաթիվ ադրբեջանցիներ լքել են իրենց երկիրն ու բնակություն հաստատել եվրոպական երկրներում: Նրանց մեջ կան Ադրբեջանում բավական հայտնի մարդիկՙ գիտնականներ, արվեստագետներ, քաղաքական հետապնդումներից խուսափող փախստականներ:
Ինչպես հաղորդում է Panorama.am-ը` հղում անելով ադրբեջանական pia.az լրատվական կայքին, արտագաղթած ադրբեջանցիների մի հատված Եվրոպայում ապրում է հայերի անվան տակ: Միայն Ֆրանսիայում, ըստ կայքի, մոտ 100 այդպիսի ադրբեջանական ընտանիք կա:
Մասնավորապես, արտերկրում ապրող մի ադրբեջանցի նշել է, որ Հադիյե անունով մի կին զբաղվում է ադրբեջանցիներին Ֆրանսիա տեղափոխելով: Նա զգալի գումարի դիմաց կեղծ հայկական ծննդյան վկայականներ է տալիս այդ մարդկանց, որոնք էլ դրանք ներկայացնում են Ֆրանսիայի ոստիկանական մարմիններին:
Ընդ որում Հադիյեի հաճախորդների շարքերում բավական հայտնի մարդկանց հարազատներ կան: Նշվում են Ադրբեջանում հայտնի ջութակահար Քամիլի եղբոր եւ Capital Bank-ի Շեքիի մասնաճյուղի գլխավոր հաշվապահ Մամադ Սադրեդինովի աղջկաՙ Նիգարի անունները: Ի դեպ, կայքի տեղեկություններով, Նիգարն ապրում է Ֆրանսիայում Նելլի Բաբայան անվան տակ:
Ըստ pia.az-ին հասած որոշ տեղեկություններիՙ շատ ադրբեջանցի պաշտոնյաների հարազատներ նույնպես կեղծ հայկական ինքնությամբ հաստատվում են Եվրոպայում:
Մնում է միայն պարզել, թե այս ամենի պատճառը ո՞րն է: Այն, որ Ֆրանսիայում հայերին ավելի մեծ տեղ են տալիս, միգուցե այն, որ Ադրբեջանը լքած ադրբեջանցիները չեն էլ ցանկանում հիշատակվել որպես ադրբեջանցիներ` «թեկուզ» եւ հայ կոչվելու հաշվին: Չի բացառվում անգամ, որ հարեւանների այս «հայացումը» նպատակ ունի պարզապես «ապացուցելու», որ արտասահմանում որքան շատ հայեր են ապրում` «Հայաստանը լքելով ոչ լավ կյանքից»:
Հ. Ա.