«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#103, 2011-06-07 | #104, 2011-06-08 | #105, 2011-06-09


«ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻՆ ՀԱԿԱԴՐՎՈՂ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԸ ՈՉՆՉԱՑՎԵԼՈՒ ԵՆ»

Թուրքիայի արտգործնախարարը «նախազգուշացնում» է Սիրիայի նախագահին

«Ֆայնենշլ թայմս» թերթին տված հարցազրույցում, ինչպես երեկ նշել է թուրքական հանրային հեռուստատեսությունը, Դավութօղլուն արտահայտվել է Մերձավոր եւ Միջին Արեւելքում «կառավարողներին կառավարվողների հետ հաշտեցնելու» Թուրքիայի կարողությունների մասին, ավելացնելով. «Մինչդեռ արեւմտյան տերությունները տարածաշրջանում փորձում են գործել սեփական ժողովրդի կողմից մերժված արաբ բռնապետների միջոցով»:

Այնուհետեւ Թուրքիայի արտգործնախարարը շարունակել է. «Մեր տարածաշրջանում կան 3 կարգի առաջնորդներ: Նրանցից առաջինը բարեփոխումները համարում է անհրաժեշտություն եւ ընդառաջում, երկրորդըՙ ընդունելով հանդերձ բարեփոխումների անհրաժեշտությունը, ժամանակ շահելու հույսով ձգձգում է դրանք, իսկ երրորդըՙ բացահայտ հակադրվում է բարեփոխումներին: Սիրիայի նախագահ Բաշար Ասադին ասացի, որ երրորդ կարգի առաջնորդները դատապարտված են ոչնչացման, երկրորդ կարգինները ընդամենը ժամանակ են ձգձգելու: Առաջին կարգի առաջնորդներն են միայն, որ մնալու են իշխանության ղեկին: Մենք տարածաշրջանի մեր բարեկամներին ցանկանում ենք տեսնել առաջինների շարքում»:

Ինչպես է արձագանքել նախագահ Ասադը Դավութօղլուին, չգիտենք, որովհետեւ թուրքական հանրայինը չի նշում: Բայց որ Դավութօղլուն, նախազգուշացնելով Սիրիայի նախագահին, իրականում դրական ազդանշան է հաղորդել Արեւմուտքին, ակնհայտ է: Դա ենթադրում է ԱՄՆ-ի գլխավորությամբ արեւմտյան տերությունների տարածաշրջանային քաղաքականությանը ծառայելու պատրաստակամություն: Դրանում համոզվելու համար բավական է նշել Սիրիա-Իրան ռազմավարական համագործակցության, միջազգային ճնշումներով նախագահ Ասադի վարչակարգին կաթվածահար անելու Արեւմուտքի նկրտումների, ինչպես նաեւ Իրանին տարածաշրջանի երկրների աջակցությունից զուրկ տեսնելու Վաշինգտոնի ձգտումների մասին:

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4