Դա ամենեւին էլ քաղաքից բնակչության համատարած փախուստ չի ենթադրում
Նախորդ օրը Սիրիայի Ջիսր ալ Շուգուր քաղաքում, որը սահմանակից է Թուրքիային, ծուղակի մեջ ընկած անվտանգության ուժերի 120 մարտիկներ սպանվել էին: Ըստ աշխարհի առաջնակարգ լրատվամիջոցների, սպանությունը տեղի է ունեցել նախագահ Ասադի դեմ ընդվզող բնակիչների հետ բախումների հետեւանքով, իսկ պաշտոնական տվյալների համաձայն, դա կազմակերպել են քաղաք ներթափանցած օտարերկրացի վարձկանները: Թե ինչպես է հաջողվում Ջիսր ալ Շուգուրի թեկուզ ըմբոստացած հասարակ բնակչությանը ծուղակի մեջ գցել անվտանգության ուժերին, առավել եւս ոչնչացնել այդ ուժերի 120 մարտիկներին, երբ դա մտնում է հատուկ նշանակության գրոհայինների գործառության մեջ, ըստ երեւույթին գիտեն օտարերկրացի վարձկաններին Սիրիա գործուղող միջազգային ուժերը:
Համենայն դեպս, Ջիսր ալ Շուգուրի 200 բնակիչներ, լքելով քաղաքը, շարժվել են դեպի Թուրքիայի սահմանը, որոնցից 122-ը ապաստան են խնդրել թուրքական իշխանություններից եւ տեղափոխվել Հաթայի (Ալեքսանդրետի սանջակ) մոտակայքում տեղակայված վրանաճամբարում: Այդ մասին երեկ նշել է թուրքական «Դունիա բուլթենի» կայքէջը: Որքան էլ աշխարհի առաջնակարգ լրատվամիջոցները փորձեն Ջիսր ալ Շուգուրի բնակիչներից 200-ի փախուստին համատարած բնույթ հաղորդել եւ դա պայմանավորել կառավարական զորքերի մոտալուտ հաշվեհարդարով, ապատեղեկատվությունը ակնհայտ է:
Միանգամայն հնարավոր է, որ փախուստի համար պատճառ լինի ոչ թե հաշվեհարդարը, այլ օտարերկրացի վարձկանների հետ կառավարական զորքերի բախումներից բխող մտավախությունը, այլապես փախստականների թիվը 200-ով չէր սահմանափակվի: Խնդիրը, սակայն, ապատեղեկատվությունը չէ, այլ դրա իբրեւ ճշմարտություն մատուցումն է աշխարհին, որը տեղեկատվության աղտոտվածություն է ենթադրում:
Հ. ՉԱՔՐՅԱՆ