Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում երեկ հրապարակվեց արդեն մի քանի ամիս ընթացող «Տիգրան Արզաքանցյանն ընդդեմ «Երկիր» օրաթերթի» գործով դատական վճիռը: Նախագահող դատավոր Ռուբեն Ափինյանի որոշմամբ «Երկիրը» պարտավորվում է «Գրեյթ Վելլի» ընկերության սեփականատեր, ՀՀԿ-ական պատգամավոր Տիգրան Արզաքանցյանին վճարել 200.000 դրամ «լակոտ» բառով պատգամավորի պատիվն ու արժանապատվությունը արատավորելու համար: Թերթը պարտավորվում է նաեւ պատգամավորին վճարել 80.000 դրամ փաստաբանական ծախսերի եւ 8.000 դրամ` դատական ծախսերի համար: Մնացած մասով պատգամավորի հայցը դատարանը մերժեց` դրանք որակելով անհիմն:
«Երկիրը» պարտավորվում է նաեւ հրապարակել դատավճռի եզրափակիչ մասը:
Հիշեցնենք, որ հունվարի 13-ին, «131 դեմք ու դիմակ» խորագրի ներքո անդրադառնալով Արզաքանցյանին, թերթը գրել էր, որ նա «խորհրդարանում աչքի է ընկնում որպես «ստիլյագ», շարունակ գլուխ է գովում, թե ինքնաթիռներով գեղեցկուհիների է բերում-տանում, հայտնի է որպես խաղատների մշտական հաճախորդ, շարունակ ծեծ ուտելու սովորություն ունի, իսկ ամեն անգամ ծեծվելուց հետո ամիսներով բուժվում է եւ չի հաճախում ԱԺ նիստերին, խոսում է... մի քանի օտար լեզուներով, բայց առավել հասկանալի խոսում է հայրենի Քյավառա բարբառով»:
Պատգամավորը վիրավորանք էր համարել հոդվածում գրված «Էդ լակոտը», «ստիլյագ», «առավել հասկանալի խոսում է հայրենի Քյավառա բարբառով», «աղջիկներ է տանում-բերում», «հայտնի է նաեւ որպես կազինոների մշտական հաճախորդ», «շարունակ ծեծ ուտելու սովորություն ունի» արտահայտությունները եւ զրպարտության հետեւանքով իրեն հասցված վնասի փոխհատուցման համար 3 միլիոն 568 հազար դրամ էր պահանջել օրաթերթից:
Վճռի հրապարակումից հետո Արզաքանցյանի փաստաբան Վահե Հովսեփյանն ասաց, որ միայն վճռին առավել մանրամասն ծանոթանալուց հետո կորոշեն` բողոքարկում են, թե ոչ:
Միանշանակ չէր նաեւ օրաթերթի գլխավոր խմբագիր Բագրատ Եսայանի պատասխանը վճիռը բողոքարկելու վերաբերյալ: Իրենք էլ կծանոթանան վճռին եւ վերջնական որոշում կընդունեն:
Թեպետ նախօրեին Եսայանը հայտարարել էր, որ թեկուզ մեկ դրամ վճարելու պարտավորություն ենթադրող վճռի դեպքում իրենք կբողոքարկեն, սակայն երեկ դատարանում ասաց, որ վճիռն իրենց համար անսպասելի էր:
«Կարելի է ասել, որ միաժամանակ մասնակի բավարարված եւ բավարարված չենք վճռից», ասաց նա:
Անդրադառնալով «լակոտ» բառը վիրավորական որակելու դատարանի վճռինՙ Եսայանն ընդգծեց, որ իրենք այդ բառը մեջբերել են Հրանտ Բագրատյանի հայտարարությունից, եւ երբ պարզվել է, որ Բագրատյանը նման բան չի ասել, հայտարարությունը հրապարակել են թերթում` համոզված լինելով, որ հարցը դրանով սպառված է:
Հ. Հ.