Քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանի գնահատմամբ` եթե ՀԱԿ-իշխանություն երկխոսությունն անվանում են վերջին շրջանի բեսթսելլեր, ապա ամեն ինչ դեռ կորած չէ: Նրա մեկնաբանությամբ` կոնցեպտուալ առումով ընդդիմությունը կարող է լինել հակահամակարգային կամ համակարգային: Ժամանակի ընթացքում ընդդիմությունը կարող է հեղափոխականից վերածվել ինստիտուցիոնալի, ինչպես դա եղավ Վազգեն Մանուկյանի, ՀՅԴ-ի, Արտաշես Գեղամյանի պարագայում: ՀԱԿ-ն այդ ուղիով է ընթանում: Առաջին փուլը իշխանություն-ընդդիմություն երկխոսությունն է, սակայն քաղաքագետը կանխագուշակում է. երկխոսությունը դեռ չսկսված` կարող է ավարտվել:
Նրա մեկնաբանությամբ` 3 տարի շարունակ ընդդիմությունը իշխանությանը պահանջներ ներկայացնելով, երկխոսության մասին ոչինչ չէր ասում, սակայն նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի վերջին ելույթը` երկխոսությունը վաղուց է ընթանում, բացեց բոլոր խաղաքարտերը:
«Սա ծանր հարված էր ընդդիմության համար, որովհետեւ պարզվեց, որ ՀԱԿ-ը վաղուց է անդրկուլիսյան պրոցես սկսել, որի մասին հասարակությունն անտեղյակ էր: Այս ընթացքում ՀԱԿ-ը փոխեց իր մարտավարությունը եւ ստեղծեց արտակարգ ձեւաչափ երկխոսության համար: Այստեղ էր հենց հակասությունը (իմիջիայլոց ՀԱԿ-ն ու հակասությունը նույն արմատից են): Երկխոսության աբսուրդն այն է, որ իշխող կուսակցության խմբակցության ղեկավարը, նախագահի աշխատակազմի ղեկավարն ասում են, որ երկխոսությունը վաղուց է սկսվել, մինչդեռ ՀԱԿ-ը հայտարարում է, որ այդ մասին թող հայտարարի երկրի նախագահը: Այսինքն ՀԱԿ-ը համարում է, որ Սարգսյանը բռնապետ է եւ հարցերն ինքնակամ է լուծում: ՀԱԿ-ը ստիպում է, որ Սերժ Սարգսյանը գնա Գորբաչովի ճանապարհով` դավաճանի իր պետությանը, կուսակցությանը, ապարատին», ասում է Հովհաննիսյանը:
Քաղաքագետը համոզված է, որ ընդդիմությունը գիտակցաբար էր բացառում սոցիալական բունտերը:
«Եթե նկատել եք, վերջին շրջանում առաջին նախագահի ելույթներն ուղղված էին ոչ թե Սերժ Սարգսյանին, այլ սեփական ուժի արմատական թեւին: Դրանք «հիմա»-ականներն ու սեւֆիլյանականներն էին: Հեղափոխական լիցքը, որ կար ժողովրդի մեջ, ՀԱԿ-ը պարպեց հանրահավաքների միջոցով: Հանրահավաքների միջոցով հեղափոխականների թեւը չեզոքացվեց հենց ՀԱԿ-ի առաջնորդի կողմից»:
Թեպետ Լեւոն Տեր-Պետրոսյանը գնում է Արթուր Բաղդասարյանի ճանապարհով, սակայն քաղաքագետը խորհուրդ է տալիս չհամեմատել քաղաքական երկու գործիչներին. «Լեւոն Տեր-Պետրոսյանը շատ ավելի խելացի է: Եթե ՀԱԿ-ը բացահայտ հայտարարի, որ գնում է երկխոսության իշխանությունների հետ, ապա հեղափոխական ընդդիմության դաշտը կմնար ազատ: Մինչդեռ Տեր-Պետրոսյանը վախենում է, որ իշխանություններն իրեն «կքցեն», դրա համար էլ դաշտն ազատ չի թողնում: Առաջին նախագահը հայտարարում է, որ ջրբաժան կա, այսինքնՙ տեղ է թողնում նահանջի համար: ՀԱԿ-ը ձգտում է սերտաճել իշխանություններին, սակայն միաժամանակ իր համար ալիբի է ստեղծում` անընդհատ պահանջելով արտահերթ ընտրություններ` ազդեցության տակ պահելու համար իր համակիրների ամենառադիկալ զանգվածին»:
Հովհաննիսյանին անհասկանալի է, թե ինչ հիմքի վրա է ստեղծվում կլոր սեղանը:
«Եթե չկան խելագարված ամբոխներ, քաղաքական ճգնաժամ, ապա ի՞նչ իմաստ ունի կլոր սեղանը»:
Քաղաքագետը ընդդիմություն-իշխանություն երկխոսության եւ ԱՄՆ-ի դեսպան Մարի Յովանովիչի միջեւ մեծ կապ է տեսնում:
«Մայիսի 31-ին տեղի ունեցավ ՀԱԿ-ի հանրահավաքը, հունիսի 1-ին ՀԱԿ-ի քաղխորհրդում պատվիրակություն ձեւավորելու վերաբերյալ ոչինչ չասվեց: Հունիսի 2-ին առաջին նախագահը հանդիպում է ԱՄՆ-ի դեսպան Մարի Յովանովիչին: Երեկոյան հրավիրվում է քաղխորհրդի նիստ, որտեղ ներկայացվում է երկխոսողների ցուցակը: Յովանովիչը «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավարության հետ հանդիպումով սպառնաց ՀԱԿ-ին, որ Արեւմուտքն այլընտրանք ունի, եւ յուրաքանչյուր պահի մենք կարող ենք ձեզանից պոկված հրեշտակների հետ համագործակցել, իսկ քանի որ ՀԱԿ-ը Արեւմուտքի գնահատականների նկատմամբ զգայուն է, երկխոսող պատվիրակության կազմը պատրաստեց ու ներկայացրեց հանրությանը», եզրափակեց քաղաքագետը:
Հ. Հ.