Համաշխարհային տնտեսական վեհաժողովի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով հանդիպմանը մասնակցելու նպատակով Վիեննայում գտնվող Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ հանդիպում է ունեցել Նավթարդյունահանող երկրների կազմակերպության (OPEC) միջազգային զարգացման հիմնադրամի (OFID) կենտրոնակայանում կառույցի գլխավոր տնօրեն Սուլեյման Ջազիր ալ Հերբիշի հետ: Հանդիպումից հետո Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը եւ OFID-ի գլխավոր տնօրեն Սուլեյման Ջազիր ալ Հերբիշը ստորագրել են Հայաստանին 20 մլն դոլար վարկի տրամադրման մասին պայմանագիր: Այն նպատակաուղղված է լինելու գյուղացիական տնտեսությունների կարողությունների ստեղծման ծրագրի ֆինանսավորմանը, ինչպես նաեւ ենթակառուցվածքների զարգացմանը: Ծրագրի շահառուները կլինեն հիմնականում գյուղական բնակավայրերի բնակիչները, մասնավորապես մանրածավալ արտադրողները, պտղի եւ ընկուզեղենի արտադրությամբ զբաղվողները, ինչպես նաեւ լեռնային անապահով համայնքների ներկայացուցիչները: Վարկի մարումը կսկսվի հինգ տարի հետո: Մարման ժամկետը տասնհինգ տարի է, տոկոսադրույքը` 3,5 տոկոս: