«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#104, 2011-06-08 | #105, 2011-06-09 | #106, 2011-06-10


ԶԱՎԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ ԳԼԽԱՎՈՐՈՒՄ Է ՄՐՑԱՇԱՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ

Վորոնեժում մեկնարկում է շախմատի միջազգային ավանդականՙ 15-րդ փառատոնը: Այս տարվանից այն կրելու է շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Ալեքսանդր Ալյոխինի անունը: Շախմատային փառատոնը բաղկացած է 4 մրցաշարից: Հունիսի 10-11-ը կանցկացվի արագ շախմատի մրցաշար շվեյցարական մրցակարգով, 9 տուրով: Մասնակիցները պետք է 700 ռուբլի մուտքավճար մուծեն: Հաղթողը կստանա 15 հազար ռուբլի, 2-րդ մրցանակակիրը կպարգեւատրվի 12 հազարով, 3-րդըՙ 10 հազարով: Ընդհանուր առմամբ դրամական պարգեւներ կստանան 12 լավագույն շախմատիստները:

Հունիսի 12-21-ը կանցկացվի «Master Open» գլխավոր մրցաշարը, որի մասնակիցների անհատական վարկանիշը պետք է բարձր լինի 2200-ից: Մրցաշարն անցկացվելու է շվեյցարական մրցակարգով, 9 տուրով, ընդ որում մինչեւ 40-րդ քայլը չի թույլատրվելու հաշտություն կնքել: Մրցաշարի մրցանակային ընդհանուր հիմնադրամը 620 հազար ռուբլի է, որից 130 հազարը կստանա հաղթողը: 2-րդ մրցանակակրին կտրվի 100 հազար ռուբլի, 3-րդինՙ 80 հազար: Ընդհանուր առմամբ, դրամական պարգեւների կարժանանան լավագույն արդյունքի հասած 13 շախմատիստներ:

Գլխավոր մրցաշարին հունիսի 7-ի դրությամբ հայտավորվել էին 89 շախմատիստներ: Նրանց թվում են Հայաստանի չորս ներկայացուցիչներՙ գրոսմայստերներ Զավեն Անդրեասյանը, Գեւորգ Հարությունյանը, Լիլիթ Գալոյանն ու Նելլի Աղինյանը: Ընդ որում Զավեն Անդրեասյանը մրցաշարի մասնակիցներից ամենաբարձր անհատական վարկանիշն ունի (2640): Նրան հաջորդում է բելառուս շախմատիստ Ալեքսեյ Ալեքսանդրովը (2628), որն օրերս Հնդկաստանում անցկացված շախմատի մրցաշարում նվաճեց գլխավոր մրցանակըՙ կես միավորով գերազանցելով Տիգրան Պետրոսյանին: Միայն Անդրեասյանն ու Ալեքսանդրովն ունեն 2600-ից բարձր վարկանիշ: 12 շախմատիստների վարկանիշը 2500-ից բարձր է: Նրանց թվում են Ռուսաստանը ներկայացնող հայ շախմատիստներ Արթուր Գաբրիելյանը եւ Պողոս Նահապետյանը: Բացի նրանցից, մրցաշարին մասնակցում են նաեւ Ռուսաստանում բնակվող հայազգի այլ շախմատիստներՙ Գեւորգ Հայրապետյանը, Էդուարդ Բարսամյանը, Անիկ Կարապետյանն ու Արմինե Կարապետյանը:

Հունիսի 17-ին, երբ գլխավոր մրցաշարում ընդմիջում կհայտարարվի, կանցկացվի կայծակնային մրցաշար 11 տուրով: Այստեղ լավագույն արդյունքի հասած շախմատիստը կպարգեւատրվի 8 հազար ռուբլով: Ընդհանուր առմամբ պարգեւների կարժանանան լավագույն արդյունք ցույց տված 12 շախմատիստներ: Շախմատային փառատոնի 4-րդ մրցաշարին («FIDE Open») կարող են մասնակցել 2300-ից ցածր վարկանիշ ունեցող շախմատիստները: Մրցաշարը կանցկացվի շվեյցարական մրցակարգով, 9 տուրով: Հաղթողը կպարգեւատրվի 25 հազար ռուբլով:

Անցած տարի Վորոնեժի շախմատային փառատոնի գլխավոր մրցաշարին մասնակցել էին Հայաստանի 5 շախմատիստներ: Առավել հաջող էր հանդես եկել Ավետիք Գրիգորյանը, որը 9 հնարավորից վաստակելով 6,5 միավոր, գրավել էր 5-րդ տեղը: Սուրեն Պողոսյանը 5 միավորով զբաղեցրել էր 42-րդ տեղը: 4,5 միավոր էր վաստակել Տիգրան Սիմոնյանը (58-րդ տեղ), 4 միավորՙ Վարդան Գրիգորյանը (74-րդ տեղ): Աղասի Ինանցը 3 միավորով զբաղեցրել էր 89-րդ տեղը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4